close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պառլամենտակա՜ն երկիր Հայաստանս ... Դերենիկ Մելիքյան

Քաղաքական

4 Հուլիսի 2022, 11:26
 Պառլամենտակա՜ն երկիր Հայաստանս ... Դերենիկ Մելիքյան

2017 թ. սկսեալ, ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրւած առաջնահերթ դրոյթներից է՝ ՀՀ կառավարման ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ համակարգի գործարկումը։ Այսինքն նոյն ԱԺ-ի կողմից ընտրւող վարչապետի գլխաւորած կառավարութիւնն ըստ էութեան պատասխանատու է խորհրդարանին։

Անցնող քառամեակում, սակայն, ձեւաւորւած ԱԺ-ներում, փաստօրէն, ականատեսը չդարձանք գէթ մէկ իրական օրինագծի, որով կապացուցւէր վերոգրեալ գործարկման կիրառումը։ Այդ պատճառով իսկ թէ՛ նախորդ, եւ թէ՛ ներկայ ՊԱՌԼԱՄԵՆՏ-ները վերածւել էին անգործունեայ մարմնի, որի ազդեցութիւնը նշմարելի չէր ոչ ներքին եւ ոչ էլ առաւել եւս արտաքին քաղաքական ու յատկապէս երկրի անվտանգային ոլորտներում։ Այսինքն՝ փոխարէն խորհրդարանը, որպէս երկրի կարեւորագոյն օրէնսդրական ինստիտուտ, երկրում առկայ ծանրակշիռ պայմանները դիմագրաւելու թիւ 1 գործօն լինէր, վերածւեց գործիքի՝ կառավարութեան եւ առաջին հերթին վարչապետի ձեռքում, կատարելով նրա քմահաճոյքները։ Պատճառն էլ փաստօրէն այն էր, որ ԱԺ-ում ձեւաւորւած մեծամասնութիւնն այսպէս ասած՝ վարչապետի թիմակիցներն էին… Իսկ թէ՛ նախորդ, եւ թէ՛ ներկայ խորհրդարանում առկայ ընդդիմութեան պատգամաւորների որեւիցէ առաջարկւող օրինագիծ կամ նոյնիսկ քննադատութիւն, կացութիւնն շտկելու առումով, դատապարտւել է տապալման՝ մեծամասնականների կողմից։

Ահաւասիկ նոյն մեծամասնական ՊԱՌԼԱՄԵՆՏ-ների օրօք ու տւեալ դէպքերում՝ մեղսակցութեամբ է պատահել ՀՀ-ի շուրջ 25-ամեայ անկախութեան ժամանակաշրջանի աննախադէպ աղէտալի ու ծանրագոյն արհաւիրքները, որոնք կարող էին եւ չլինել, եթէ ՔՊ-ական խորհրդարանը իր ֆունկցիոնալ իրական դերում լինէր, կամ էլ համալրւած՝ ազգային գիտակցութեամբ օժտւած անհատներով:

Չենք յիշում մի պահ՝ ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին ճակատներում դիմագրաւելիք ճակատագրական հանգամանքներում ՀՀ ՊԱՌԼԱՄԵՆՏ-ի դերակատարութիւնը, որով հնարաւոր է դարձել, ասենք, գէթ մէկ անգամ վարչապետին նւազագոյն զգօնութեան հրաւիրելը՝ թէ՛ նախապատերազմական, թէ՛ պատերազմական եւ թէ՛ յետպատերազմական ժամանակաշրջաններում, որպէսզի այսօրւայ անմխիթար, վտանգալից ու հայրենակործան իրավիճակներում չյայտնւէր հայն ու Հայաստանը… Փոխարէնը ականատեսն ենք եղել մի մեծամասնական խորհրդարանի, որն միայն ու միայն ձայնակցել-ծափահարել է իր իսկ ընտրած ու իբր իր պատասխանատւութեան ենթակայ վարչապետին…

Եւ այսօր եւս ալէնսիմոնեական ներկայ խորհրդարանը իրեն նախորդողի նման՝ ականջալուր վարչապետին՝ ամէն ինչի մեղքը բարդում է նախկինների վրայ, քաւութեան նոխազ դարձնելով նաեւ ու մանաւանդ խորհրդարանական ներկայ ընդդիմութեանը…

Եւ ահա՝ երկու օր առաջ, յուլիսի 1-ի ԱԺ-ի հեղինակաւո՜ր նիստում, խօսնակ ալէնը «ոստիկանական օպերատիւ զեկուցագրերի» ուժով՝ պաշտօնազուրկ յայտարարեց ԱԺ-ի փոխխօսնակ Սաղաթէլեանին ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին, որին էլ բնականաբար հետեւեց յանձնաժողովներում ընդդիմադիր պատգամաւորների զբաղեցրած պաշտօնից ինքնակամ հրաժարականը։

…Արցախի 75%-ը յանձնած, այսօրերին էլ՝ Գորիս-Կապանի օրինակով Բերձոր տւող եւ Ադրբեջանի ու Թուրքիայի առջեւ Սիւնիքի դարպասներ բացող իշխանութիւնները (վարչապետի քմահաճոյքներին ուղղակի ենթարկւող գործադիրը, Օրէնսդիրն ու Դատական ատեանը) բան ու գործ չունե՞ն բացի ընդդիմադիրներին կալանաւորելուց ու լոկ վրէժխնդրական ցինիկ մղումներից ելած՝ այս կամ այն պաշտօններից զրկելուց…

Ունե՛ն, անշուշտ, բայց չեն անում, որպէսզի դարձեալ շեղեն առանց այն էլ ապակողմնորոշւած  հասարակայնութեան ուշադրութիւնը վերահաս ծանրակշիռ աղէտներից։

Իսկ արդէն ՀՀ Սուվերեն տարածքներում՝ Վարդենիսի ու Արարատի մատոյցներում, մասնաւորապէս Սուրէնավանում լսելի են «խաղաղարար ու կառուցողական» ալիեւի բորենիների կրակոցների ձայնը, ինչպէս վկայում են տեղացի գիւղաբնակները…

…Այս ամենին ի տես, սակայն, ԱԺ-ում պաշտօն ու մանդատ ունենալով կամ ոչ՝ չեն դադարելու Դիմադրութեան շարժումները եւ գնալով աւելանալու է  «զարթնող Լաօ»-ների թւաքանակը, որով էլ անտարակոյս վերականգնւելու է ապազգայինների եւ սորոսականների կողմից կոտորակւած Հայաստան-Արցախ-Սփիւռք բախտորոշ Եռամիասնութիւնը՝  յանուն անվտանգ եւ հզօր Հայրենիքի ու արժանապատիւ հայ ազգի…։

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ

ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica