close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով

Քաղաքական

30 Հունիսի 2022, 18:43
 «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով

ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջիններիս առաջադրված մեղադրանքում։

Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, Սուրեն Ղազարյանը՝ 8 տարի ժամկետով, դատարանն անփոփոխ թողեց Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։

Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։ Բացի այդ՝ պաշտպան Դավիթ Կարապետյանը նաև արձանագրել էր, որ գործում առկա ապացույցներով արարքի իրավաբանական որակման խնդիր կա։ Պաշտպանը պահանջել էր Սարգսյանին արդարացնել առաջադրված մեղադրանքում, իսկ եթե դատարանը կգտներ, որ առկա ապացույցները բավարար են, ապա՝ վերաորակեր արարքը և կարճեր վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

 

2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Գործով մյուս մեղադրյալը՝ Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։

Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։

2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին, գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica