close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Բերձորում ընտանիքներ չեն ապրում՝ մինչդեռ ապրում է մոտ 50 ընտանիք. Բերձորի համայնքապետ.

Հասարակություն

30 Հունիսի 2022, 18:21
 Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Բերձորում ընտանիքներ չեն ապրում՝ մինչդեռ ապրում է մոտ 50 ընտանիք. Բերձորի համայնքապետ.

Բերձորցիների համար այսօրվա ամենակարեւոր հարցն այն է, թե նոր երթուղու կառուցման դեպքում ի՞նչ կարգավիճակ են ունենալու իրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցված արտահայտությունները մեզ համար անակնկալ կամ նորություն չէին՝ վերջին ամիսների խոսակցությունների համատեքստում: Բերձորցիների մոտ տրամադրությունը նույնն է՝ ինչ հայտարարությունից առաջ էր: Մարդիկ հանգիստ են, խուճապ չկա, ապրում են իրենց սովորական կենցաղով: Սակայն իրենց մոտ վրդովմունք է առաջացել, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Բերձորում մարդիկ չեն ապրում: Մինչդեռ Բերձորում ապրում է մոտ 50 ընտանիք՝ 180 մարդ»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը:

Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ պատերազմը եւ հաջորդած ամիսները ցույց են տվել, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում հաջորդ օրը, հետեւաբար՝ հետագա իրավիճակը կախված է երթուղու փոփոխությունից:

«Ես այս հարցում կարող եմ միայն իմ անունից խոսել, եւ չեմ կարող ասել, որ եթե հանկարծ որոշում կայացվի դուրս գալու՝ ինչ կորոշեն մարդիկ՝ դուրս կգա՞ն, թե՞ կմնան եւ կպայքարեն: Բացի այս բազմաթիվ են անպատասխան հարցերը: Ի՞նչ է սպասվում մեզ նոր երթուղուց հետո: Մենք ի՞նչ կարգավիճակ ենք ունենալու: Մենք ինչպե՞ս ենք ապրելու: Բայց մեկ բան է պետք հստակ արձանագրել՝ այդ միջանցքը չի կարող վերահսկվել թշնամու կողմից, քանի որ այդ դեպքում կբացառվի խաղաղ երթեւեկությունը: Բնականաբար, պետք է լինեն խաղաղապահներ, որոնց 100 % վերահսկողության ներքո պետք է լինի միջանցքը: Կոնկրետ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց տեղերում են»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ այժմ «Արցախգազը» ապամոնտաժում է նոյեմբերի 9-ից Բերձորում չգործող գազախողովակաները:

«Իմ տեղեկություններով՝ դրանք տեղափոխում են Հին Շեն եւ Նոր շեն գյուղեր: Շատ են խոսակցությունները, որ հնարավոր է բերձորցիներին վերաբնակեցնեն այդ գյուղերում: Ես նման առաջարկ չեմ ստացել: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետությունը տեղահանված բոլոր մարդկանց տալիս է հնարավորությունը վերադառնալ մեր տիրապետության տակ մնած հատվածները»,- նշեց Ալեքսանյանը:

Համայնքապետի խոսքով՝ թեպետ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների կողմից հայտարարվում է, թե բերձորցիների բնակարանային հարցերը լուծված են, սակայն այդպես չէ:

«Առհասարակ Քաշաթաղի ոչ մի շրջանի որեւէ բնակչի բնակարանային հարց լուծված չէ: Որոշումը, իհարկե, կա, բայց այս պահին դեռ միայն որոշում է, քանի որ շատ խնդիրներ կան: Տեսնում ենք հայտարարություններ, որ այդ հարցը լուծված է, բայց, որպես խնդրի կողմ, տեսնում ենք, որ այդպես չէ: Լուծման գործընթացում շատ խնդիրներ են առաջանում: Յուրաքանչյուր անձ կորցրել է շատ ավելին, քան իրեն առաջարկում է Կառավարությունը: Բայց գոնե այդ առաջարկածն էլ պետք է ողջամիտ լինի: Օրինակ՝ նույն չափի գումարն առաջարկվում է եւ երկուհոգանոց, եւ տասըհոգանոց ընտանիքին, ինչը, իհարկե, սխալ է»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան հունիսի 27-ի իր ասուլիսում նշեց, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։

Իսկ այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է:

«Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ  ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»,- հայտարարել է նա:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica