close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխան Սաղաթելյանին ուղղված նետերը շատ են. կարելի էր անհանգստանալ, եթե իշխանության շրջանակներից արձակվող նետերը չլինեին

Քաղաքական

14 Հունիսի 2022, 19:17
 Իշխան Սաղաթելյանին ուղղված նետերը շատ են. կարելի էր անհանգստանալ, եթե իշխանության շրջանակներից արձակվող նետերը չլինեին

Վերջին օրերին Հայաստանի վերլուծական միտքն ու քաղաքական շրջանակներն ամբողջովին լծվել են դիմադրության շարժման գործողությունների քննարկմանը․ առանց վարանելու բոլոր շրջանակները գնահատականներ են տալիս, արժևորում կամ քննադատում, մի մասը համարում է, որ դիմադրության շարժումը ձախողվել է, մյուսները՝ կարևոր հաջողություններն են շեշտադրումներ։

Ընդհանրապես, և՛ խորհրդային անցյալը և հատկապես այդ 70 տարիների քարոզչությունն իր դերն ունեցել է ՀՅ Դաշնակցության հանդեպ հայության վերաբերմունքի համատեքստում։ 3-րդ հանրապետության դեռ վաղ շրջանից արդեն ակնհայտ էր, որ հոմոսովետիկուսից մեկեն գլխին անկախություն ընկած հայության համար ՀՅԴ-ն դժվար ընկալելի է՝ իր մեկ հարյուրամյակից ավելի ազգապահպան և հայեցի գործունեության ֆենոմենով։

Իրականում, օտարամոլության մեծ չափաբաժին ունեցող և կոսմոպոլիտ հայերի համար գտածո էր ՀՀՇ կոչվածը, որի հետ համազգայինը, ազգային գաղափարախոսությունը, քանի գնաց, ավելի պարզորոշ զգացվեց՝ անհամատեղելի էին։

Ինչևէ, երբ կողքից նայում ու լսում ես տարբեր շրջանակների տեսակետներն ու վերլուծությունները, ուղղակի պարզ է դառնում, որ ՀՅԴ-ն է կրկին թիրախի տակ։ Որն իր սխալներով հանդերձ՝ միակն է 131 -ամյա պատմության բեռով ու հարստությամբ։

Ասածս ինչ է՝ դիմադրության շարժումը ա՛յս սկիզբը պիտի ունենար, որ կայանար, որ պայքարի ազգային և ժողովրդական շարժման սկիզբ դառնար, ի վերջո, ՀՅԴ-ն է, որ Հայաստանում և աշխարհում սփռված իր միավորներով ոգեղենություն հաղորդեց դիմադրության շարժմանը։ ՀՅԴ երիտասարդներն առանց երկնչելու անհնազանդության երթեր էին անում՝ ոստիկանական մահակից չվախենալով։

Ի դեպ, Իշխան Սաղաթելյանին ուղղված նետերը շատ են, բայց հատկապես իշխանության շրջանակներից արձակվող նետերը եթե չլինեին, այդժամ հարկ կլիներ անհանգստանալ, եթե կան, ուրեմն, ամեն բան ճիշտ է եղել։

Իրականում, անցած ողջ շրջանը դիմադրության շարժման ուժերի համար ազգայինի շուրջ համախմբվելու պայքարի իրական փորձառություն եղավ, որի շուրջ ժամանակի ընթացքում սկսեցին հավաքվել-մեկտեղվել նաև ժողովրդական հոծ խմբեր, ընդ որում, բացարձակ ապաքաղաքական շերտեր։ Մարդիկ, որոնք խորապես գիտակցեցին և ընկալեցին պետության և ազգի գլխին կախված աղետի մատալուտ, շատ մոտ լինելը։

Ի դեպ, հակաթուրքականությունը չպետք է ընկալել զուտ կարգախոսային մակարդակում, այն կարևոր և նշանային գործոնն է, որ լուրջ դերակատարում է ունեցել և ըստ իս, պիտի շարունակի ունենալ։

Հայաստանի զարգացման և առաջընթացի գաղափարը որպես դոմինանտ ունենալով՝ անհնար է հայոց համար ազգային շարժում ունենալ առանց թուրքադրբեջանական տանդեմի գործած մարդկային և մշակութային հանցանքների, առավել հստակ՝ նրանց ձեռամբ պատմության մեջ բազմիցս կրկնվող՝ ցեղասպանության թեմային անդրադառնալու։

Տեսեք՝ երբ դեռ 2008-ին Ադրբեջանի նախագահի մակարդակով խոսվում էր Արևմտյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը, ապա նաև՝ համանուն գիրք էր տպագրվում և տարածվում աշխարհի խոշոր մեգապոլիսներում և համալսարաններում, Հայաստանում հիմնականում քամահրանքով էին վերաբերվում՝ ծայրեծայր ստահոդ այդ գիրքն ուղղակի անտեսելով։ Երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այդ անհեթեթություններին պատասխանող եռալեզու գիրք-ալբոմներ էր տպում, պետությունը, ի մասնավորի մեր դիվանագիտական կորպուսը, մեր ԱԳՆ-ն հսկայական տիրաժներով աշխարհով մեկ սփռելու և տարածելու մասին խորը չէր էլ մտածում։ Այս և այս կարգի ստերը, որ տիրաժավորում էին հարևանները պարբերաբար և մշտապես նույն պարբերականությամբ էլ պիտի հերքվեին մեր կողմից։ Համապատասխան հնչեղությամբ չի արվել, մինչդեռ պիտի դա՛ դարձնեինք զենք՝ թուրքադրբեջանական հակահայ քաղաքականության դեմ՝ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկն ու ժառանգորդը։ Իսկ այսօր ոչ միայն չի արվում, այլև եղած և գործուն կառույցներն էլ ոչնչացվեցին ներկաների կողմից։ Եվ կամ վերածվեցին ֆեյքեր բուծող-լաբորատորիաների։

 

Շարժմանը առավել լայն, մեծ ընդգրկում և թափ հաղորդելու խնդիրը մշտապես այս ընթացքում արծարծվել է։ Դեռ մեկ ամիս առաջ էինք անդրադարձել, որ «ընդդիմությունը պիտի ժողովրդի հետ ոչ միայն տեսական, այլև խիստ գործնական խոսակցություն ունենա՝ համառոտ ներկայացնելով իր ծրագրային առաջարկները՝ սոցիալ-տնտեսական առկա խնդիրների՝ զբաղվածության խնդրի, օրեցօր ահագնացող գնաճի զսպման և աղքատության տեմպերի մեղմման համատեքստում»։


Այս թեմաներին անդրադարձներ, բնականաբար, եղել են, սակայն այսօր գնաճի տեմպերն ինտենսիվ աճում են, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը դատարկվում է օրօրի։ Ըստ ամենայնի, իշխանական շրջանակները զգալով, որ դիմադրության ազգային-անվտանգային շարժմանը նոր շունչ կհաղորդվի սոցիալ-տնտեսական բազմավեկտոր թեմաների և այդ համատեքստում՝ հասարակության նոր շերտերի ներգրավմամբ, երեկվանից արդեն գնաճի արդարացումներով էին զբաղված․․․

Կարծում ենք, դիմադրության շարժման այս նոր փուլը պիտի նաև առանձնանա շարժման առավել համընդգրկուն դառնալով։

Ժամանակն է, որ պետության ու պետականության համար մտահոգ ընկերություններ, ԲՈՒՀ-եր, պրոֆեսիոնալ կառույցներ միանան դիմադրության շարժմանը՝ հստակ դնելով Փաշինյանի հեռացման հարցը՝ նրա վարած ազգակործան և պետականաքանդ քաղաքականությունն ու գործողությունները հիմնավորապես մերժելով։

Աղբյուր` Փաստինֆո

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica