close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկեղծ զրույց Լաոյի հետ... Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

13 Հունիսի 2022, 12:55
 Անկեղծ զրույց Լաոյի հետ... Ռուբեն Հակոբյան

Լաո, արի նախապես պայմանավորվենք, որ մեր զրույցը լինելու է անկեղծ, պատմական ճշմարտության աչքերին ուղիղ նայելով, որովհետև զրուցելու ենք մեր մասին, մեր պատմության ու կենսագրության, հազարամյակների ընթացքում նաև մեր իսկ կողմից «ձեռք բերած» բազմաթիվ պարտությունների և այժմ էլ մեր հրամանատարությամբ ու ամենաստոր գործիքակազմով՝ մեր պետությունը ոչնչացնող ողբերգության մասին... Դե, գիտե՛ս, այդ թեմաների մասին խոսելու համար ուժ ու համարձակություն է պետք... Կան ճչացող, դաժան ճշմարտություններ, ինչը բոլոր ժամանակներում փորձել և այժմ էլ փորձում ենք համառորեն թաքցնել... Իսկ պատմական այդ իրողություններին առարկայորեն նայելու համար ամուր նյարդեր, չգժվելու կարողություն, իրական հայրենիք ունենալու չմանդատավորված կամք ու ներուժ է պետք...

Նախ, Լաո, արի փորձենք միասին պատասխանել շատ կարևոր մի հարցի՝ ինչպե՞ս եղավ, ո՞նց պատահեց, որ առաջին դարում, ունենալով ավելի քան 300 հազար ք/կմ տարածք և լինելով տարածաշրջանի կարևոր դերակատարներից մեկը, այսօր պստիկացել, դարձել ենք մի ափաչափ, նույնիսկ էն եղածի տասը տոկսից էլ պակաս՝ ամեն օր մետր առ մետր փոքրացող մի շագրենակաշի, որտեղից մարդիկ օր առաջ ուզում են փախչել...

Արի նաև հարևաններին մեղադրելու՝ դարերով անգիր արած տեքստերից հրաժարվենք, որովհետև այդ թվերին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմ գոյություն չուներ։ Իսկ ռուսներն էլ... Դե, կարծում եմ կհիշես այդ թեմայով մեր ինքնագոհ ամպագոռգոռ լոպազությունը՝ երբ մենք գիր-գրականություն ունեինք, նրանք դեռ ծառերի վրա թռչկոտում էին... Ամերիկայի մասին խոսելն էլ ծիծաղ կբերի՝ այդ ժամանակ Ամերիկան, որպես պետություն, նույնիսկ սաղմնավորման հայտ դեռ չէր ներկայացրել ու հայտնի էլ չէր, թե երբ սեռական հասունություն կապրի...

Հա, Լա՛ո, մեր սովորության համաձայն կարող ենք այդ օրերի համար էլ Պարսկաստանին ու Բյուզանդիային մեղավորներ նշանակել... Բայց, կարծում եմ կհամաձայնես, որ ընթերցողը մեզ միանգամից կհիշեցնի վատ պարողի մասին ռուսական անեկդոտը...

Լաո, չե՞ս կարծում, որ դարերի ընթացքում մենք պարտվել ենք հենց մե՛զ ... Թշնամին մեզ չի՛ հաղթել... Այո՛ , մենք պարտվել ենք հենց մե՛զ... Վկա՝ Ավարայրը ... Եվ մեր պարտությունների ու ողբերգությունների համար միշտ փորձել ենք մեղավորներ նշանակել դրսի ուժերին ու պետություններին։

Լաո, չե՞ս կարծում, որ թշնամին օգտվել է հենց մե՛ր ներսի՝ իր տեսակի գոյությունից և ապահովել իր հաղթանակը... Արդյոք մեր այսօրը հենց դրա ճչացող ապացույցը չէ՞...

Հիշում ես, չէ՞, Լաո, ինչպես 1045 թ․ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, իշխան Վեստ Սարգսի հետ գործակցությամբ, Անիի բանալիները հանձնեց Բյուզանդ կայսր Կոստանդին Մոնոմախին, ձգտելով, որպես հատուցում, ստանալ Բյուզանդիայի հովանավորությունը՝ ավելի ամրապնդելու կաթողիկոսական իր իշխանությունը։ Բայց, ինչպես կասեր ուսապարկերի մասնագետ էն թմբլիկ պատգավորը, նկատի ունենալով իր կուսակից ԱԺ նախագահին՝ մեկ անգամ մարմնավաճառը՝ հավերժ է մարմնավաճառ... Բյուզանդացիք դեռ էն գլխից ծանոթ էին էս տեսակին, պատմության ընթացքում նման հաճախորդներ էլի էին ունեցել... Մի խոսքով՝ նրանք կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը դավաճանի նկատմամբ՝ սկսեցին հալածել նրան, առավել ևս, որ Բյուզանդիան ուզում էր վերացնել Հայ եկեղեցու անկախությունը։

Լաո, կարծում եմ կհամաձայնես, որ մերօրյա գետադարձն է՛լ ավելի դաժան գտնվեց Արցախի ու մեր պետության նկատմամբ, քան նույնիսկ իր բնօրինակը՝ հեռավոր 11-րդ դարում։ Նա ոչ միայն Արցախի բանալիները հանձնեց թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև դահիճին հատուկ արյունռուշտությամբ գլխատեց հինգ հազար զինվորի... Եվ, ինչպես հետագայում կխոստովաներ, այդ գլխատումը կարող էր և տեղի չունեներ, եթե չվախենար իր իշխանության կորստից։ Այլ խոսքով՝ հինգ հազար անմեղ զինվորի կյանք՝ իր ազգադավ իշխանությունը պահելու համար։
Լաո, այս արհավիրքը այսօր էլ գլխատում է մեր ազգի ու պետության արժանապատվությու՛նը... 20-ի նոյեմբերի 9-ից թշնամուն բերել մտցրել է մեր պետության ննջարան ու բանալու անցքից վախվորած հետևում է, թե ինչով է զբաղվում իր թույլտվությամբ ննջարան ներխուժած թշնամին...

Գիտես, Լաո, 90-ականների ազգային զարթոնքին երբեք չէինք կարող պատկերացնել, որ 30 տարի հետո Հայաստանը կարող է ունենալ ղեկավար, ով, թիկնապահներով շրջապատված, ինքնքգոհ կարող էր ընդդիմությանը սպառնալ, որ բռնելու և շինելու է ու փողոցային խուլիգանին վայել պահվածքով էլ ԱԺ ամբիոնից կհայտարարեր, որ ընդդիմության վրա ոչ միայն մատ, այլև, եթե պետք լինի ՝ նաև ուրիշ բան թափ կտա...

Այս սինլքորին իր վարքով չի զիջում նաև պետության երկրորդ դեմքը։ ԳԽ պատգամավորներից ո՞վ կարող էր ենթադրել, Լաո, որ 30 տարի անց ԱԺ նախագահի աթոռը կարող էր զբաղեցներ քաղաքական սկզբունքներից զուրկ ու քաղաքական այլասեռվածության բացառիկ նմուշ ինչ որ մի երկոտանի, ով ԱԺ-ում, ՊՊԾ ղեկավարի հետ համագործակցած, կարող էր ծեծ կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ...
Բայց ԱԺ-ի ուսապարկային մեծամասնության արժեհամակարգի ճշգրիտ խորհրդանիշը, թերևս, ԿԳՄՍ կոչվող՝ ինտելեկտուալ մի շարք ոլորտներ համակարգող հանձնաժողովի նախագահն է, ով այդ նույն ծեծի ժամանակ ցուցամատը պտտեցնելով սպառնում էր ընդդիմադիր պատգամավորին՝ մատը նրա մարմնի համպատասխան բացվածքը մտցնել, այնուհետև՝ թռչկոտելով միանում է հինգ-վեց մեծամասնական շակալների ոհմակի, ովքեր «տղամարդավարի» ծեծում էին մեկ ընդդիմադիր պատգամավորի...

Հիշեցի ԳԽ-ի նույնաբովանդակ մեր հանձնաժողովի կազմը՝ Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Ռաֆայել Իշխանյան, քանդակագործ Օհան, Սամվել Շահմուրադյան (92-ին զոհվեց դիրքերում) և ուրիշներ... Փորձագետներից՝ Ռաֆոյին Նահապետյան, Ալեքսանդր Թոփչյանին։ Հանձնաժողովի նախագահը Մերուժան Տեր-Գուլանյանն էր...

Գիտես, Լաո, մենք ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ՝ Սարդարապատը, Շուշիի ազատագրումը, ինչը ռազմական արվեստի բացառիկ նմուշ է... Եվ էլի մեկ-երկուսը։ Բայց դրանք, խոստովանենք, որ եզակի էպիզոդներ են։ Նույնիսկ չենք փորձել տեր կանգնել մեր այդ եզակի հաղթանակներին։ Խնդրեմ՝ ցավալի մի օրինակ... 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, որով, ըստ էության, օրվա իշխանությունը ոչնչացրեց հազարավոր զոհերի գնով ռազմաճակատում ձեռք բերած մեր փայլուն հաղթանակը։ Դա մեր դիվանագիտության կողմից դաժան ու անուղղելի հարված էր արցախյան ազատամարտին։ Դրանում ես համոզված եմ... Շատ չմանրամասնելու համար ասեմ, որ այս թեմային բավականին հանգամանորեն անդրադարձել եմ վերջերս «Կապիտուլյացիայի հաղթարշավը»՝ վեց մասից բաղկացած իմ հեռուստահաղորդաշարի 1-ին թողարկմանը։

Լաո, իրար հաջորդող իշխանություններն այդպես էլ համարժեք իրավական ու քաղաքական գնահատական չտվեցին մեր պետության ընտրական համակարգի ողնաշարը սղոցող 1995-96թթ. համապետական ընտրություններն աննախադեպ կեղծելու ակնհայտ փաստին։ Եվ պատահական չէ, որ այդ կեղծիքներն իրականացնող նենգ գործիքը բանտում լինելու փոխարեն, մերօրյա գետադարձի կողմից այսօր նշանակվել է արդարադատության ռահվիրա։

Լաո, չենք համարձակվում նաև խոսել, քննարկել, հասկանալ, թե ինչպես ծնվեց Արցախն արյունածոր վերքի վերածած ու մեր պետության սուբյեկտայնությունը զրոյացրած այս արհավիրքը։ Նա ընկեցիկ չէ՛, անօրինական ծնունդ չէ՛, բիջ չէ՛, Լաո՛... Մեր հավաքական կերպարն է տարիների ընթացքում ծնել ու սնել սրան։ Այս չարիքի հայտնության համար յուրաքանչյուրս ունենք պատասխանատվության մեր չափաբաժինը... Երբեմն անձնական ու կուսակցական շահերից ելնելով ինչ որ քաղաքական խաղերում օգտագործելու համար նրան նույնիսկ սև խավիարով ենք կերակրել, Լաո՛...

Քո շուրջ ավելի լայն համախմբում ապահովելու համար քաղաքացին սպասում է այս և նման այլ հարցերի անկեղծ պատասխաննեի, Լաո՛... Ինքնախոստովանությունների ու ինքնաքննադատությունների... Ուզում է քեզ ավելի համոզիչ տեսնել... Քաղաքացին վախենում է նորից սխալվելուց... Ասում է՝ միայն քո զարթնելը քիչ է, Լա՛ո...

Լաո, քեզ շատ հետևողներ ունես... Արի հորդորի, չէ՝ խնդրի լսարանիդ, որ կարդան կամ վերընթերցեն Խորենացու «Ողբը», հետո էլ՝ 15 դար անց Քերթողահոր ողբը չափածոյացրած ու նոր փաստերով բարբառած Չարենցի «Պատմության քառուղիներով»-ը։ Մեծերը տարածության ու ժամանակի մեջ տառապանքներով, ցավի ու դառնության քառուղիներով անցնելով զգացել, արձանագրել ու զգուշացրել են դեպի պարտություն ու ողբերգություն տանող մեր արատների մասին։ Բայց մեր այսօրը, մերօրյա պետրոսգետադարձյան դահիճի կործանարար գոյությունը ճչում է, որ պատմությունից մենք դասեր չենք քաղել...

Լաո, արի հիմա մեր այս զրույցն այստեղ ընդմիջենք ու խելք-խելքի տանք, մտածենք, թե ինչ անենք, ինչպես անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից։ Այս պահի համար ես լուծումներ տեսնում եմ և դրա առաջին պայմանը, որ դու շարունակես զարթնած մնալ, ինչքան էլ քեզ տարբեր կողմերից փորձեն քնեցնել...

Իսկ թե ինչ լուծումների մասին է խոսքը՝ հաջորդ զրույցին, որը, կարծում եմ, շատ չի ուշանա...

Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica