ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ Ուկրաինային աջակցելու համար
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին ուղղված շնորհավորական նամակում կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ «ձեռնարկել հնարավոր ամեն քայլ՝ աջակցելու Ուկրաինային և պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը ռազմական հանցագործությունների համար»:
Ապրիլի 22-ի նամակում, որը մայիսի 23-ին հրապարակվել է վրացական լրատվամիջոցներում, ասվում է, որ «թեև ավելի շատ աշխատանք կա անելու ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացներն ամրապնդելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և տարածաշրջանային հակամարտությունները լուծելու համար», Միացյալ Նահանգները հանդես է գալիս վրաց ժողովրդի կողքին այս ջանքերում:
Պետքարտուղարն իր վրացի գործընկերոջն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությանը:
«Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիան և շարունակում աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Բլինքենը։