close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսնես ԵԽԽՎ նիստից հետո ՔՊ-ականները պատասխանատվության և մեղքի գիտակցում ունեցա՞ն

Քաղաքական

26 Ապրիլի 2022, 13:31
 Տեսնես ԵԽԽՎ նիստից հետո ՔՊ-ականները պատասխանատվության և մեղքի գիտակցում ունեցա՞ն
Տևական ժամանակ է փաստում ենք, կոկորդ պատռելու չափ բարձրաձայնում՝ Նիկոլի և Ալիևի քաղաքական դիսկուրսի զարմանալի սինխրոնության մասին։ Ընդդիմության քաղաքական գնահատականը կարելի է ձևակերպել մեկ նախադասության մեջ՝ «ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, իսկ նիկոլի խաղաղության դարաշրջանը ՀՀ պետականությունը կազմաքանդող ծուղակ է»։
 
Նիկոլ-Թուրքիա-Ադրբեջան սինխրոնությունը դրսևորվել է բազմաթիվ դրվագներում, այն համակարգային է և ծրագրավորված։ Հիշու՞մ եք՝ կառավարության նիստում նիկոլի կողմից հայկական տեղանունները Էյվազլի և Չայզամի կոչելը, Շուշիի հռչակագրի հակահայկական ամրագրումներն ու սպառնալիքների մասին չբարձրաձայնելը, քաղաքական մեծամասնության կողմից այս հռչակագրի դեմ ընդդիմության հայտարարությունը վիժեցնելը, թուրքական ինչ-ինչ դրական ազդակների մասին շարունակ բարձրաձայնելը, միջազգային ամենաբարձր հանդիպումներում երբեք թուրքական ագրեսիայի, ահաբեկչական գործողությունների, ֆոսֆորային զենքերի գործածության մասին լռությունը, տարակուսելի և հանրության համար մութ հայ-թուրքական ինչ-որ բանակցային գործընթացը, ի վերջո՝ ադրբեջանի հինգ կետերին հնազանդ ողջունումն ու ՀՀ քաղաքական դիսկուրսից Արցախի ինքնորոշման իրավունքի սահուն հեռացումը։
 
Սա կապիտուլացվածի վարքագիծ է, կապիտուլյացիան այլ կերպ չի լինում․․․Սա ազգային շահերը դավաճանողի և իշխանությունն ամեն գնով պահողի վարքագիծ է․․․
 
Երեկ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մեր պատվիրակությունը, հանուն ճշմարտության պետք է ասել, որ որոշել էր կեցվածք ցույց տալ։ Պատվիրակության չորս անդամներն էլ խոսեցին գերիների, Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի, անվտանգային խնդիրների մասին։ ԵԽԽՎ բարձր հարթակից բարձրաձայնվեց նախօրեին Ուրուգվայում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից «գորշ գայլեր» խմբավորման նշանի լկտի ցուցադրության մասին։
 
Հունից դուրս եկած ադրբեջանցիները և հատկապես կոգնիտիվ դիսոնանսի զգացում ապրող ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հակափաստարկները տեղավորվում էին մեկ հաստատման մեջ․ Նիկոլ Փաշինայնի հետ մենք խաղաղության համաձայնության ենք եկել, իսկ հայկական պատվիրակությունը նրան դեմ է խոսում․․․
 
Դժվար է սա հերքել, այո, այդպես է ցավոք․․․
 
ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն էլ այնքան հունից դուրս եկավ, որ հավանաբար երկու կողմին էլ նետեց բացարձակ վիրավորական, կասեի փողոցին բնորոշ, խայտառակ մի արտահայտություն՝ «ձեններդ կտրեք»/shut up/ արտահայտությունը։
 
Եվրոպական ժողովրդավարությունը, կրկնակի ստանդարտները, նվաստացումները մի կողմ թողնելով, հարցս ուղղում եմ մեր քաղաքական մեծամասնությանը՝ արդյոք հիմա, գիտակցու՞մ եք, թե ում հետ եք խաղաղության դարաշարջան մտնում, արդյոք հասկանու՞մ եք, որ պարտվածի հետ խոսում են նվաստացնելով ու պոկում ամեն բան, ինչ հնարավոր է, արդյոք հասկանու՞մ եք, որ թուրքական էլիտան ոչ միայն պատրաստ չէ առերեսվելու անցյալի հետ, այլև մնացել է նույն պանթուրքիստ ցեղասպանը․․․հարցերը կարելի է շարունակել։
 
Բայց հիմնականը՝ քպ-ականներ, արդյոք անկեղծության պահին գիտակցու՞մ եք, թե ինչ արհավիրք բերեցիք ՀՀ պետականության գլխին։
Ու սա սոսկ մեղք չէ, սրա համար պետք է պատասխան տալ և պատասխանատվություն կրել․․․
 
Եկել է այդ ժամանակը․․․
 

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ անդամ,

«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica