close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր քաղաքացիներից գանձված գումարների համար չկա որևէ պետական երաշխիք. Տնտեսագետը՝ կենսաթոշակային համակարգի մասին

Տնտեսական

20 Ապրիլի 2022, 00:12
 Մեր քաղաքացիներից գանձված գումարների համար չկա որևէ պետական երաշխիք. Տնտեսագետը՝ կենսաթոշակային համակարգի մասին

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նման իրավիճակ նախկինում ևս եղել էր: Կորոնավիրուսն իր տնտեսական բացասական ազդեցությունն ուներ համաշխարհային տնտեսության վրա, իսկ այդ ֆոնդերի գումարներն արժեթղթերի տեսքով որոշակի ակտիվների մեջ էին դրված»,- անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակի ավարտին կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցների գումարների եկամտաբերության նվազման մասին ահազանգերին՝ հիշեցրեց ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:

Տնտեսագետը պարզաբանեց, որ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության նվազումը պայմանավորված է հիմնականում տեղական և արտասահմանյան արժեթղթերի գների անկմամբ:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցում մի շարք քաղաքացիներ դժգոհություն էին հայտնել, թե արդեն մի քանի ամիս է՝ կենսաթոշակային հիմնադրամի կուտակած գումարներ ոչ միայն եկամտաբեր չեն, այլև կորուստներ են արձանագրվում։

Օրինակ, ֆեյսբուքյան օգտատեր Համբարձում Համբարձումյանը գրել էր․ «Արդեն քանի ամիս է՝ կենսաթոշակային հիմնադրամի կուտակած գումարները ոչ միայն եկամուտ չեն բերում, այլև ամիսը 30-50 հազար կորուստ եմ ունենում։ Այսինքն՝ Հայաստանից փողը գնում ա ու ինչ-որ արժեթղթեր դառնալով՝ արժեզրկվում։ Էս էլ կենսաթոշակայինի խերը։ Կենտրոնական բանկը վերահսկո՞ւմ է էս կազմակերպություններին։

Եթե սենց են աշխատելու, պետությունը ինչի՞ չի էս գումարները վերցնում, կապիտալ ծախսերի համար ծախսում, բանակը սպառազինում։ Երբ Հայաստանը ու Արցախը գոյաբանական խնդիրների առջև են, ի՞նչ կուտակային կենսաթոշակ։ Տարեկան ֆիքսված, ցածր տոկոսով վերցրեք ծախսեք բանակը զինելու վրա, հետո կլինի՝ կտաք»։

Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարվում են լիցենզավորված երկու կազմակերպության կողմից՝ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ. յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:

Թեև տարբեր մասնագիտական շրջանակներ կարծում են, որ այս հարցում անհանգստություններն անտեղի են, քանի որ գումարները հուսալի ձեռքերում են, այդուհանդերձ, Արմեն Գրիգորյանը շեշտում է պետական երաշխիքների անհրաժեշտության մասին:

«Այստեղ խնդիրն այն է, որ մեր քաղաքացիներից գանձված գումարների համար, այդ թվում՝ պետության կողմից (իսկ բյուջեից հատկացվող մասը ևս մեր քաղաքացիներին է պատկանում), չկա որևէ պետական երաշխիք, չկա որևէ օրենսդրական, իրավական ակտ՝ առ այն, որ պետությունը երաշխավորում է, որ այդ գումարներն ամբողջությամբ կվերադարձվեն»,- ասաց տնտեսագետը:

Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Հայաստանում գործող կենսաթոշակային կուտակային համակարգը միջազգային հաջողված փորձ չունի:

Դիտարկմանը, թե Չիլիի օրինակն էին բերում պաշտոնական շրջանակները՝ Արմեն Գրիգորյանն արձագանքեց, որ Չիլին երկու տարի առաջ հայտարարել է, որ փորձում են ձերբազատվել այդ համակարգից, որովհետև արդյունավետ չէր:

«Մենք ասում էինք, որ պետք չէ մարդկանց՝ սեփականության իրավունքով պատկանող եկամուտից օրենքով ուղղակի վերցնել, ներդնել անհայտ տեղերում և դրա համար չտալ երաշխիք»,- հավելեց մասնագետը:

Հնարավո՞ր է, օրինակ, քաղաքացին հայտնաբերի, որ իր կենսաթոշակային հաշվին գումար չկա՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ նա նկատեց.

«Եթե որոշակի մեծ կանոնադրական կապիտալ ունեցող կազմակերպությունը, որը կառավարում է իմ ֆոնդը, օրինակ, սնանկանա, ես՝ որպես համակարգի մաս կազմող մարդ, չեմ իմանա, թե ում եմ գնալու դիմեմ»:

Արմեն Գրիգորյանը համամիտ չէ հնչող տեսակետների հետ, թե մենք այս համակարգին անդամակցելու հարցում անցել ենք անդառնալիության կետը, և հետդարձի պատճառով կտուժեն միջազգային գործընկերային հարաբերությունները, կամ անվստահություն կառաջանա Հայաստանի հանդեպ՝ որպես գործընկերոջ:

Ըստ նրա՝ պետք է, այդուհանդերձ, մտածել այս համակարգից հրաժարվելու մասին:

Աղբյուրը՝ 168.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica