close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ է՝ Արցախը չի հանձնվելու, եթե Հայաստանի իշխանություններին պետք է, որ այստեղ ժողովուրդը ունենա ահռելի զոհեր, թող գնան այդ ուղով․ Բորիս Առուշանյան

Արցախ

19 Ապրիլի 2022, 17:31
 Մեկ է՝ Արցախը չի հանձնվելու, եթե Հայաստանի իշխանություններին պետք է, որ այստեղ ժողովուրդը ունենա ահռելի զոհեր, թող գնան այդ ուղով․ Բորիս Առուշանյան

Արցախում չկա մեկը, որ այլ տեսակետի լինի՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց 1990-ականներին Արցախի նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը։

Այդ հարցում Արցախում տարակարծություն չկա, վստահեցրեց նա, բոլորը՝ Ազգային ժողովը, կառավարությունը, հասարակությունը, բոլորը միակարծիք են՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, պետք է ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ սա կարմիր գիծ է, որից իրենք չեն նահանջելու։

«Անգամ 1991-92 թթ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էր փորձում մեզ համոզել, որ ա՛յ էդ նույն դիրքորոշումն ընդունեինք՝ Ադրբեջանի կազմում լայն կարգավիճակ և այլն․ այն ժամանակ մենք հրաժարվեցինք, փաստորեն, գտնվելով շատ ավելի վատ պայմաններում, քան հիմա՝ զենք չունեինք, շրջափակման մեջ, կիսասոված․․․ ես չեմ թվարկում բոլոր այն պրոբլեմները, դժվարությունները, անգամ այն ժամանակ մենք հրաժարվել ենք»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Երբ Հռոմի բանակցություններում նա ղեկավարում էր առաջին պատվիրակությունը՝ 1992 թ-ի ամռանը, հուլիսի սկզբին, այն ժամանակ Ղարաբաղի կեսը գրավված էր ադրբեջանցիների կողմից․ փաստորեն, Ստեփանակերտից 15 կմ-ի վրա ռազմական գործողություններ էին գնում, քաղաքը գիշեր-ցերեկ ռմբակոծվում, հրետակոծվում էր։

«Մի խոսքով, խայտառակ վիճակում, էլի։ Հռոմում էլի մեզ փորձում էին համոզել Մինսկի խմբի 11 պետությունները, որ ինչ-որ կերպ ընդունենք Ադրբեջանի նախապայմանները, որ համաձայնենք Ադրբեջանի կազմում լինել, էլի մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ մինչև վերջին մարդը կռվելու ենք, և հասել ենք հաջողության»,-վերհիշեց արցախցի գործիչը։

Նա վերին աստիճանի սխալ մոտեցում է համարում այդ ամենը նորից իրենց ստիպել, որ կրկնվի։

«Մեկ է, Արցախը չի հանձնվելու։ Եթե Հայաստանի իշխանություններին պետք է, որ այստեղ ժողովուրդը ենթարկվի նոր հարձակման և ունենա ահռելի զոհեր, անգամ կորցնենք մեր հայրենիքը, թող գնան այդ ուղով, եթե իրենք այդպես են որոշել»,-ասաց Բորիս Առուշանյանը։

ՀՀ իշխանություններն այնքան են կտրված իրականությունից, որ չեն հասկանում, որ Արցախում չկա մեկը, որ այլ տեսակետի լինի՝ նշեց նա։

«Ես երեկ լսում էի այն Ալեքսանյանի հարցազրույցը՝ պատգամավոր, այն, որ խոզ են անվանում, մնացել էի շշմած՝ այդքան իրականությունից կտրված, այդքան պրիմիտիվ դատողություններով մարդիկ եկել են՝ Ազգային ժողովում պետություն են ղեկավարում, շշմել կարելի է»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Խոսելով Ռուսաստանի՝ այժմ ավելի ակտիվ ներկայության մասին Արցախում, Բորիս Առուշանյանը նկատեց, որ այն ժամանակ էլ նրանք պասիվ չէին։

«Այն ժամանակ էլ ռուսական զորքը, որ այստեղ «ներքին զորքեր» էին կոչվում և խաղաղարար ֆունկցիա էին կատարում, գործում էին ի օգուտ Ադրբեջանի։ Բյաց երբ Ելցինի դիրքերն ամրապնդվեցին 1991 թ-ի Պուտչից հետո, այդ զորքերն անցան պասիվ դիրքի՝ չէին միջամտում, մենք արդեն պարտիզանական ավելի ակտիվ կռիվներ էինք մղում։ Իսկ 1992-ի գարնանը Ռուսաստանը հանեց զորքերն Արցախից և մնացել էինք մեն-մենակ Ադրբեջանի դեմ։ Եվ մինչև 1993 թ-ի գարունը՝ Քարվաճառի օպերացիան իրականացնելը, փաստորեն, Ռուսաստանը մեզ չէր օգնում՝ օգնում էր Ադրբեջանին։ Ռուսաստանն Ադրբեջանին էր տրամադրել 4-րդ բանակը, որը 3 անգամ ավելի շատ ռազմատեխնիկա ուներ, քան Հայաստանի տարածքում տեղադրված 7-րդ բանակը, բայց անգամ այդ 7-րդ բանակը երկու ամիս ուշացումով էր տրամադրել Հայաստանին, մինչ այդ մենք դատարկ ձեռքով էինք կռվում՝ որսորդական հրացաններով, ինքնաշեն նռնակներով և այլն, և ադրբեջանցիներից էինք տանկեր, ԲՄՊ-ներ գրավում։ Իսկ երբ 7-րդ բանակը տրամադրեցին մեզ, էլի հարաբերակցությունը 1/10-ի էր՝ ի օգուտ Ադրբեջանի, բայց մենք շարունակում էինք կռվել»,-վերհիշեց արցախցի գործիչը։

Այնպես որ, այն ժամանակ էլ Ռուսաստանը մեծ դերակատարում ուներ, բայց ի վնաս մեզ, ասաց նա, հիմա Ռուսաստանը խաղաղպահ դերակատարում ունի՝ փորձում է երկու կողմի հանդեպ էլ հավասարակշռված քաղաքականություն վարել, և դա գալիս է նրանից, որ ուզում է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պահել իր ազդեցության ոլորտում։

«Հիմա Ռուսաստանը փորձում  է Ադրբեջանին սիրաշահել ինչ-որ տեղ նաև մեր հաշվին, բայց, միևնույն ժամանակ, մեզ չզոհաբերելով վերջնականապես, որովհետև նրան մենք պետք ենք իր ներկայությունն ապահովելու համար։  Այդպիսի երկակի քաղաքականություն է վարում Ռուսաստանը, դրա համար մեզ համար շատ կարևոր է համախմբվել և բոլոր եղած հնարավորություններով ուժեղանալ։ Սփյուռքը պիտի, իրոք, գումար չխնայի։ Նժդեհը գրում էր, որ  Զմյուռնիայի հայերն այնքան փող ունեին, որ կարող էին 3 հատ Թուրքիա առնել, բայց նրանք 1 ջոկատ չէին զինել Արևմտյան Հայաստանում։ Վերջում այդ ամբողջ ոսկիները մնացին Թուրքիային։ Նույնն էլ հիմա, մեր մեծահարուստները պետք է մեջտեղ բերեն իրենց գումարները, զինեն հայկական բանակը, օգնեն Հայաստանին ու Արցախին, և այդ ժամանակ արդեն Ռուսաստանն ավելի հարգանքով կվերաբերվի մեզ՝ չի փորձի մեր շահերն առևտրի առարկա դարձնել»,-ասաց Բորիս Առուշանյանը։

Նա հարցադրում արեց․ ենթադրենք, դուք եք Ռուսաստանի ղեկավարը և ձեզ պետք է Ադրբեջանին պահել ձեր ազդեցության գոտում, պարզ չէ՞, որ թույլի հաշվին եք դա անելու։ Այս պատճառով էլ, ասաց նա, մենք չպիտի թույլ լինենք՝ պարզից էլ պարզ է․ այս տարրական բանը ՀՀ ղեկավարությունը չի հասկանում։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica