close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանցային պայքարը կարելի է կապել ապրիլի 5-ի հանրահավաքի հետ՝ որպես շարունակություն․ Արթուր Ղազարյան

Քաղաքական

18 Ապրիլի 2022, 15:29
 Ցանցային պայքարը կարելի է կապել ապրիլի 5-ի հանրահավաքի հետ՝ որպես շարունակություն․ Արթուր Ղազարյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ ընդդիմությունը ցանցային ապակենտրոն պայքար է սկսում։

Քաղաքագետ Արթուր Ղազարյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հավանական համարեց, որ պայքարի այս տեսակն արդյունավետ լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև արտահերթ ընտրությունները շուրջ 6 ամիս շարունակվող փողոցային պայքարը, որ կարելի է ասել՝ հնարավորինս կենտրոնացված էր տեղի ունենում, ցանկալի արդյունքը չտվեց և ընտրությունների արդյունքում իշխող ուժը 50+ քվե ապահովեց։

«Այս պարագայում, երկար քննարկումներից հետո, հավանաբար, ընդդիմադիր դաշտը  որոշել է, որ ցանցային պայքարի միջոցով պետք է իշխանությանը հեռացնի ղեկից․ առայժմ վաղ է խոսել արդյունավետության մասին, բայց եթե անցյալ տարվա նոյեմբերից սկիզբ առած կենտրոնացված պայքարը արդյունք չտվեց, կարծում եմ, ցանցային պայքարը էֆերկտիվ կլինի, բուն նպատակին կհասնի և կհեռացվի իշխանությունը»,-ասաց քաղաքագետը։

Դրա համար նպաստավոր նաև որոշակի այլ պայմաններ կան, նշեց նա, կապված Արցախի հարցում իշխանության արդեն բացեիբաց տարվող զիջողական քաղաքական կուրսի հետ, նրա պատրաստակամության հետ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։

Հասարակության մեջ հնչող հարցին՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ Փաշինյանի՝ բրյուսելյան այցի նախօրեին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներին տուն չուղարկեին, այլ պահեին փողոցում մինչև իշխանություններին հեռացնելը, Արթուր Ղազարյանը հակադարձում է՝ այսօրվա ցանցային պայքարը կարելի է դիտարկել իբրև այդ հանրահավքի շարունակություն։

«Աշնանը, երբ ընդդիմադիր շարժումները համակարգող Իշխան Սաղաթելյանի շուրթերից հնչեց, որ մեկ անգամ ենք փողոց դուրս գալու և վերջնական ենք դուրս գալու, այս տեսանկյունից ապրիլի 5-ի հանրահավաքը հասարկությանը հույս էր ներշնչել, որ չպետք է տուն գնալ։ Բայց շարժումը չմարեց, այլ այժմ էլ Ազատության հրապարակում են ակցիաներ տեղի ունենում։ Այնպես որ, սա կարելի է կապել ապրիլի 5-ի հանրահավաքի հետ որպես շարունակություն»,-նշեց քաղաքագետը։

Մյուս կողմից, ասաց նա, բառի բուն իմաստով չի կարելի հասկանալ, որ մեկ անգամ ենք դուրս գալու, բայց վերջնական․ այս միտքը կարելի է նաև այդ շարունակականության, պրոցեսների ամբողջականության մեջ դիտարկել։ Այս տեսանկյունից, նա կարծում է, որ դիմադրության շարժումը պետք է որ արդարացնի իրեն։

«Դեռևս զգուշավորությունը քաղաքական որոշ գործիչներ պահում են, բայց և այնպես, խորքային առումով գիտակցում են, որ այս պահին երկիրը փրկելու, Արցախը և Հայաստան աշխարհը, իրենց հայրենիքը փրկելու խնդիր կա, իրենք ներքուստ դա հասկանում են, և գիտեն, որ այդ խնդրի հիմնական խոչընդոտը գործող իշխանությունն է։ Միգուցե սա էլ է տեղավորվում այդ ցանցային պայքարի մեջ՝ կամաց-կամաց ձնագնդի էֆեկտ ստանալ, և դրան նաև կամաց-կամաց կխթանեն, կաջակցեն ընդդիմության տարատեսակ թևերի ներկայացուցիչները․ ամբիցիաները պետք է դրվեն մի կողմ և միջնաժամկետ նպատակը լինի գործող իշխանությանը հեռացնելը»,-ասաց Արթուր Ղազարյանը։

Այդ նշույլները նա արդեն տեսնում է․ երեկ և այսօր ականատես եղանք այնպիսի մտավորականների, քաղաքական գործիչների, քաղտեխնոլոգների մուտք Ազատության հրապարակ, որոնք երբևիցե նման ցույցերի չէին մասնակցել։ Իբրև օրինակ նա նշեց Հրանտ Թոխատյանի ներկայությունը․ «Թողնենք նրա անձը, բայց որպես մտավորականության ներկայացուցիչ նա արդեն Ազատության հրապարակում է։ Սա էլ է նոր շունչ տալիս, նոր ուժ տալիս, մարդիկ տեսնում են, որ այս պայքարը Արցախը, Հայաստանը փրկելու համար է, ոչ թե հանուն ինչ-որ մեկի իշխանության բերելու»։

Արթուր Ղազարյանը նշեց, որ այս թեզը պետք է լավ զարգացնի ընդդիմությունը, հատկապես նրանք, ովքեր այժմ գտնվում են Ազատության հրապարակում։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica