close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը ԵՄ ծրագրով՝ Ադրբեջանի՞ կազմում, թե՞ արցախցիների պահանջով՝ Ռուսաստանի․ Ս․ Դանիելյանը երրորդ ճանապարհ է նշում

Արցախ

14 Ապրիլի 2022, 17:22
 Արցախը ԵՄ ծրագրով՝ Ադրբեջանի՞ կազմում, թե՞ արցախցիների պահանջով՝ Ռուսաստանի․ Ս․ Դանիելյանը երրորդ ճանապարհ է նշում

ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունն Արցախի ճակատագրի՝ իր պատկերացրած հեռանկարի մասին խոսեց՝ ասելով, որ պետք է ապրել դե ֆակտո անկախություն ունենալով, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության, դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաեւ Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս պահին ուրվագծվող երկու սցենար նշեց․ մեկն՝ Արևմուտքինը, որն առաջ է տանում նաև Փաշինյանի իշխանությունը՝ արագ խաղաղության պայմանագիր կնքել և Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, և երկրորդը՝ Ռուսաստանինը, որն ընդունելի է Արցախի նախագահի համար՝ Արցախն ինչ-որ իրավական ձևակերպումներով Ռուսաստանի ազդեցության տարածքում։

«Ըստ էության, Արցախը դե ֆակտո մենք տեսնում ենք ռուսական վերահսկողության տակ, այնտեղ հայկական վերահսկողություն այլևս գոյություն չունի, և անվտանգության ու քաղաքական ամբողջ գործընթացը Ռուսաստանն է տանում։ Արցախի նախագահի հայտարարությունից կարող ենք հասկանալ, որ հետագայում սա կարող է նաև դե յուրե դառնալ Ռուսաստանի ազդեցության գոտի։ Այս տրամաբանությունը երևում է նաև Լավրովի և ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտարարությունների մեջ․ Լավրովը մինչ այդ դժգոհություն էր հայտնել, որ Ռուսաստանը դուրս է մնում Արցախի շուրջ գործընթացներից, և իրենք դա չեն ընդունելու և դա հայերի շահերն անտեսում է»,-մանրամասնեց քաղաքագետը։  

Եվրամիության և Ռուսաստանի միջև Արցախի շուրջ հակամարտություն է նա տեսնում։

«Եվրամիության ծրագիրն է՝ արագ խաղաղության պայմանագիր կնքել և Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այսինքն, այն նույն բաները, ինչն ասաց ՀՀ գործող վարչապետը։ Զախարովան հայտարարեց, որ իրենք ճանաչում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրա վրա են կառուցում իրենց քաղաքականությունը, ինչպես նաև դժգոհություն հայտնեց ԵՄ քաղաքականությունից։ Այսինքն, այստեղ հակասություն է գնում։ Եվ մինչև այդ Ռուսաստանից հայտարարում են, որ այդ պրոցեսը շատ երկար է տևելու, շտապել պետք չէ և այլն»,-ասաց նա։

Այս ամենից ելնելով՝ նա կարծում է, որ Արցախի և Հայաստանի ղեկավարությունների միջև ապագայի վերաբերյալ հակասություններ կան․ Արցախը փորձում է մտնել ռուսական ազդեցության գոտի Ռուսաստանի ծրագրով, իսկ Հայաստանը փորձում է ձեռքերը լվանալ և Եվրոպային, Թուրքիային ու Ադրբեջանին ցույց տալ, որ իրենք ամեն ինչ անում են, բայց դա արդեն իրենց որոշելիքը չէ, որովհետև Արցախում այլ տեսակետ կա։

Այդ քաղաքական պրոցեսները ինչ իրավական ձևակերպումներ կստանան՝ դեռևս անհայտ է։

Ստեփան Դանիելյանը, սակայն, այս երկու սցենարից բացի Արցախի հարցով իրավիճակի զարգացման մի երրորդ ուղի էլ է տեսնում, որը միակ ճիշտ տարբերակն է համարում հայկական շահի տեսանկյունից։

«Ավելի ճիշտ է կառավարության հրաժարականը պահանջել և հասնել հրաժարականին, և առաջին հերթին դրանով գոնե ձգձգել այս գործընթացը, որովհետև մեզ ժամանակ է պետք լինելու, որ նոր կառավարություն գա, մտնի բանակցությունների տրամաբանության մեջ։ Դա օբյեկտիվ կլինի Արևմուտքի, Ռուսաստանի և նաև Իրանի համար։ Ադրբեջանն էլ լեգիտիմ պատճառ չի ունենա պատերազմական գործողություններ սկսել։ Իսկ այդ ընթացքում աշխարհում բավականին մեծ փոփոխություններ են լինում, ռուս-ուկրաինական պատերազմ և այլն, արդեն նոր դասավորումներով պարզ կլինի՝ ով ինչ քաղաքականություն կվարի։ Ես կարծում եմ՝ սա միակ ճիշտ տարբերակն է, բայց, ցավոք սրտի, ես Հայաստանում չեմ տեսնում ուժեր, որոնք պատրաստ են նման շարժում սկսել և հանրությանը մոբիլիզացնելու հասկանալի տրամաբանություն առաջադրել»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

Այս պահին ընդամենը ունենք կոնկրետ Հայաստանի ղեկավարություն, որը պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, մենք ունենք Արցախի ղեկավարություն, որն ասում է՝ ես դրան դեմ եմ, Արցախը չեմ տեսնում Ադրբեջանի կազմում, և տեսնում ենք Ռուսաստանի և ԵՄ քաղաքականությունը։

«Իրավիճակը սա է․ եթե Հայաստանում այսօր շարժում սկսվի և վարչապետը հրաժարական տա, և այլ քաղաքականություն որդեգրի, դա արդեն այլ խոսակցություն է։ Պետք է խոսենք այն մասին՝ արդյո՞ք Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք հստակ ապագայի նախագիծ ունեն Արցախի ապագայի հետ կապված, դա պետք է շարադրեն, հանրությանը ներկայացնեն և հանրությանը բարձրացնեն իշխանությունը փոխելու կամ կառավարության հրաժարականին հասնելու հարց»,-ասաց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը մեծ սուտ է համարում Նիկոլ Փաշինյանի պարբերական հայտարարությունները, որով ուզում է տպավորություն ստեղծել իբրև թե 30 տարի Արցախի հարցը կանխորոշված է եղել եւ անկախությունը միայն պատրանք է եղել, որին հայ հասարակությունն իզուր հավատացել է։

«Ինքը միշտ է ստում, իր համար ստելը առանձնապես մի մեծ բան չէ։ Բավականին հաջողված դեմագոգ է և կարողանում է փաստերը իր ուզած ձևով ներկայացնել և մարդկանց խճճել։ Իհարկե, սուտ է խոսում, իհարկե, իմ տեղեկություններով, իրեն 2019թ-ին զգուշացրել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, որ՝ հայտարարելով, որ զրոյական  կետից ես սկսում բանակցությունները, ամբողջ բանակցային գործընթացը տապալում ես և լեգիտիմ հիմք ես տալիս Ադրբեջանին պատերազմ սկսելու և նաև Թուրքիայի, Իսրայելի, Իսպանիայի աջակցությունը ստանալու։ Իրեն զգուշացրել են, որ դա բերելու է պատերազմի, բայց ինքը շարունակել է այդ քաղաքականությունը»,-ասաց նա։

Քաղաքագետը չի բացառում, որ դա ուղղորդված քաղաքականություն է եղել, և գուցե նաև դրսի հովանավորների միջոցով, որի նպատակն է եղել Արցախը հանձնել Ադրբեջանին։

Աննա Բալյան 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica