close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արմավիրի մարզի դատավորի «օբյեկտիվ իրականությունը» կապ չունի օրենքի հետ

Իրավունք

25 Մարտի 2022, 12:54
 Արմավիրի մարզի դատավորի «օբյեկտիվ իրականությունը» կապ չունի օրենքի հետ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս մի արտառոց որոշում կայացվեց, որի հիմք էր ծառայել ոչ թե ՀՀ օրենսդրությունը, այլ իշխանության մաս կազմող հայցվոր կողմի փաստաբանի խոսքը։ Ավելի պարզ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարան դիմելիս հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Սույն դրույթը պարտադիր է ոչ միայն հայցադիմումը ստորագրելու իրավունք ստանձնելու, այլ նաև հայցը պատշաճ ներկայացված լինելու համար: Շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» գործով համընկնում են հայցադիմումը վարույթ ընդունելու և լիազորագրի բնօրինակը դատարան ներկայացնելու օրերը: Բայց «պատահական համընկնումները» այսքանով չեն ավարտվում:

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչը 2021-ի օգոստոսի 16-ին առանց նշված փաստաթղթերի հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ։ Հարցի մի կողմն է, որ հայցը քննելիս դեռևս շատ մութ անկյուններ են բացվելու, շատ փաստեր են բացահայտվելու, որոնք նույն Վլադիմիր Կարապետյանին կստիպեն փոշմանել դատարան դիմելու համար, բայց զուտ դատավարական գործընթացի առումով մենք բախվում ենք ոչ միայն պետական պաշտոնյայի կողմից օրենքի խախտման, այլև նույն դատարանի կողմից դրա վրա աչք փակելու։

Դատական նիստի ժամանակ Նաիրի Հոխիկյանի շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ հայցային վաղեմություն կիրառելու պահանջով, քանի որ հայցվոր կողմը փաստացի չի պահպանել հայց ներկայացնելու ժամկետները և պատշաճ ձևը։ Քննարկման ժամանակ Վլադիմիր Կարապետյանի շահերի պաշտպանը արդարանում էր, թե «օբյեկտիվ իրականության մեջ լիազորագիրը եղել է, հետո ի՞նչ, որ այն ժամանակին չի ներկայացվել դատարան»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նման դեպքերում հստակ սահմանում է, որ պարտադիր է հայցվոր կողմի ներկայացուցչի լիազորագիրը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Վլադիմիր Կարապետյանի դեպքում լիազորագիրի բնօրինակը բացակայում է, հետևաբար, տվյալ հայցը, ըստ նույն օրենսգրքի, պետք է մերժվի` հայցային վաղեմության հիմքով։

Թվում էր, թե դատարանի համար հեշտ էր լինելու որոշում կայացնել՝ ընդամենը մատնանշելով համապատասխան օրենսդրական ակտը, բայց զարմանալիորեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է բառացիորեն կրկնել Վլադիմիր Կարապետյանի փաստաբանի խոսքերը։ Այլ կերպ ասած՝ ոչինչ, որ խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի իմպերատիվ պահանջը և ժամկետում չի ներկայացվել լիազորագրի բնօրինակը, կարևորը, «օբյեկտիվ իրականության մեջ այն առկա է»։

Ստացվում է՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը իրեն նեղություն էլ չի տվել գոնե այլ բառերով արդարացնել դեսպան Վլադիմիր Կարապետյանի կողմից օրենքի կոպիտ խախտումը։ Վերցրել է Կարապետյանի շահերի պաշտպանի բանավոր ներկայացրած տեքստն ու այն ներկայացրել որպես իր որոշում։

Վստահ ենք, դատավոր Էդգար Հովհաննիսյանը օբյեկտիվ իրականության մեջ շատ դժվարությունների կհանդիպի այսպիսի վարքագծով։ Ի վերջո` Էդգար Հովհաննիսյանի համար օրենքի առջև բոլո՞րն են հավասար, թե՞ կան իշխանական արտոնյալներ։ Ի դեպ, Էդգար Հովհաննիսյանին 2020-ին հենց այսօրվա իշխանությունն է նշանակել նաև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Տես նաև՝  ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոխիկյանի դեմ բողոքը անստորագի՞ր է վարույթ ընդունվել․ փաստաբանը միջնորդեց մերժել Ուկրաինայում ՀՀ դեսպանի հայցը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica