Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հողատարածք ունեն, անպայման մշակեն. Վահան Քերոբյան
Հասարակություն

Ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր՝ մի կողմից, բայց, մյուս կողմից, տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց՝ այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ այդքան էլ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ է դառնալու։
«Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է»,- ասաց Վահան Քերոբյանը։
Արձագանքելով նախարարին՝ Փաշինյանն ասաց, որ վերջին 2 տարիներին պայմանական «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում՝ կորոնավիրուսով և աշխարհաքաղաքկան զարգացումներով, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։
«Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց, մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով՝ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ զուգահեռ կա մեկ այլ խնդիր՝ ջրի խնդիրը:
«Այս առումով՝ մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ, որպեսզի հնարավորինս արձագանքենք, հիմա արդեն ակնհայտ է, որ խնդիր ունենալու ենք»,- ասաց նա և հավելեց՝ այսօր ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի: