close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ»-ի հոբելյանական 10-րդ և 11-րդ համարների շնորհանդեսը Երևանի պետական համալսարանում

Հասարակություն

20 Փետրվարի 2022, 10:35
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ»-ի հոբելյանական 10-րդ և 11-րդ համարների շնորհանդեսը Երևանի պետական համալսարանում

Փետրվարի 18-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, ի նշանավորումն Արցախյան շարժման 34-րդ տարեդարձի և Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունման 5-ամյակի, տեղի ունեցավ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2021թ. հոբելյանական 3-րդ (10-րդ) և 4-րդ (11-րդ) համարների շնորհանդես-քննարկումը:

Հոբելյանական համարները նվիրված են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին:

 

Շնորհանդես-քննարկմանը ներկա էին խմբագրական խորհրդի անդամներ, հոդվածագիրներ և գործընկերներ:

Միջոցառումը սկսվեց հայոց պետականության համար նահատակվածների, ինչպես նաև խմբագրական խորհրդի անդամ Մուշեղ Հովսեփյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

Այնուհետև «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը նշեց, որ օրը պատահական չէ ընտրված. երկու օրից լրանում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման 34-ամյակը և Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունման 5-ամյակը, իսկ փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այնուհետև նա սլայդների միջոցով ներկաների ուշադրությանը ներկայացրեց Պարբերականի անցած ուղին՝ շեշտելով, որ առաջին համարի շնորհանդեսը տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ նույն օրերին ու նույն դահլիճում և շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանին՝ պարբերականի կայացմանը նպաստելու համար: Ներկայացվեց նաև հոբելյանական համարների բովանդակությունն ու թեմատիկ ուղղվածությունը:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ»-ի 11 համարներում տպագրվել են 373 հեղինակների 343 հոդվածներ, որոնք ներկայացնում են աշխարհի ավելի քան 15 երկիր: Հոդվածները լույս են տեսնում ոչ միայն հայերենով, այլև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2021թ.-ի 3-րդ (10-րդ) համարում տեղ է գտել 23 հեղինակի 22 հոդված: Հեղինակներից 6-ը գիտությունների դոկտոր է, այդ թվում՝ 1 ակադեմիկոս, 12-ը՝ գիտությունների թեկնածու, 5-ը` ասպիրանտ ու հայցորդ: Հեղինակները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ղազախստանը և Ռուսաստանի Դաշնությունը:

Իսկ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2021թ.-ի 4-րդ (11-րդ) համարում տեղ է գտել 25 հեղինակի 22 հոդված: Հեղինակներից 5-ը գիտությունների դոկտոր է, 8-ը՝ գիտությունների թեկնածու, 10-ը` ասպիրանտ ու հայցորդ, իսկ 2-ը՝ մասնագետ: Հոդվածագիրները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Լիբանանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Խմբագրական խորհրդի անդամներ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պրոֆեսորներ Հայկ Սարգսյանը, Աշոտ Մարկոսյանը, Խաչիկ Գալստյանը, Էդիկ Մինասյանը, Արծրուն Ավագյանը և Արման Եղիազարյանը բարձր գնահատեցին կատարված աշխատանքը՝ նշելով, որ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ»-ը հայկական լավագույն պարբերականներից մեկն է և մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են ինչպես խմբագրական խորհրդի անդամների ու հոդվածագիրների աշխարհագրությունը, տպագրված հոդվածների որակը, արդիականությունը, այնպես էլ գիտնականների շրջանում առկա տեսակետները:

 

 

 

 

 

Շնորհանդեսին ներկա մի շարք հոդվածագիրներ (Գևորգ Ստեփանյան, Էդուարդ Զոհրաբյան, Լևոն Հովսեփյան, Արաքս Փաշայան, Հայարփի Զարգարյան, Կատերինա Ալթունյան) խոսեցին պարբերականի աշխատակազմի բարեխիղճ, բծախնդիր, հետևողական ու պրոֆեսիոնալ աշխատանքի և պարբերականի հետ շարունակական համագործակցության պատրաստակամության մասին:

Հոբելյանական 10-րդ և 11-րդ համարներում հիմնականում ամփոփվել են 2021թ. սեպտեմբերին կայացած «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային 5-րդ գիտաժողովի նյութերի մի մասը:

Շնորհանդեսի շրջանակներում Ավետիք Հարությունյանը Երևանի պետական համալսարանին, խմբագրական խորհրդի անդամներին ու աշխատակազմին շնորհակալագրեր, Հայաստանի ու Արցախի միացյալ քարտեզով հուշանվեր (որը պատվիրվել է «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից) ու «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 10-րդ և 11-րդ համարների օրինակներ նվիրեց:

 

 

 

 

 

Միջոցառման ավարտին գլխավոր խմբագիրը խորին շնորհակալություն հայտնեց խմբագրական խորհրդի անդամներին, հոդվածագիրներին, գրախոսներին՝ պարբերականի կայացմանը նպաստելու համար, «Hi-Am» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս Նշան Աճեմյանի, 2021թ. տպագրված համարներին աջակցելու համար:

Նշենք, որ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 2022թ. փետրվարի 1-ի թիվ 09Ա հրամանով ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում: Պարբերականը հիշյալ ցանկում է 2019 թվականից:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը հայկական այն սակավաթիվ հանդեսներից է, որի բոլոր համարները զետեղված են ռուսական www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում, ինչն էլ հեղինակներին հնարավորություն է տալիս իրենց հետազոտության արդյունքները ներկայացնել բազմամիլիոնանոց լսարանին (ընդհանուր 38.5 միլիոնից ավելի նյութ): Պարբերականի բոլոր հոդվածները տեղադրված են նաև www.cyberleninka.ru գիտական էլեկտրոնային գրադարանում, որն ունի 2.7 միլիոնից ավելի նյութ, իսկ ամսվա կտրվածքով՝ 6 միլիոնից ավելի այցելու:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի բոլոր համարները և ընդգրկված հոդվածներն առանձին-առանձին տեղադրված են Արցախի էլեկտրոնային գրադարանի, Համահայկական թվանշային գրադարանի և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի կայքերում, որոնց աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է:

«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը 2021 թվականից սկսած հանդիսանում է Crossref-ի անդամ, և բոլոր հոդվածներն ունեն DOI (digital object identifier — թվային օբյեկտի նույնականացուցիչ) ստանդարտ համարանիշ:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica