close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը. ՀՅԴ ՀԳՄ շնորհավորական ուղերձը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ

Քաղաքական

28 Հունվարի 2022, 10:27
 Նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը.  ՀՅԴ ՀԳՄ շնորհավորական ուղերձը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ

30 տարի առաջ՝  1992 թ․  հունվարի 28-ին,  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Այն ծնունդն էր մեր արդար պայքարի, մեր պոռթկած արժանապատվության՝ ծառայելու մեր անվտանգությանն ու պետականության ամրապնդմանը։

Հայոց բանակը կոփվեց հերոսական մարտերում՝ դառնալով հզոր ու մարտունակ:  Յուրաքանչյուր հայ հպարտ էր իր բանակով և իր զինվորով։ Մեզ միացնում էր այն հաստատ համոզումը, որ Հայրենիքի սահմանին  կանգնած զինվորը գիտակցում և ծառայում է վեհ գաղափարի՝ ինքն է հայկական պետության և անվտանգության հիմնական երաշխավորը:

Հայոց բանակն ու  Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններով են անցել, արձանագրել հերոսական էջեր, դիմագրավել և շարունակում են դիմագրավել լրջագույն մարտահրավերներ։

Մեր ժողովրդի և բանակի համար այս ծանր օրերին պետք է գիտակցենք և առաջնորդվենք կամքով և հավատով, որ մեր նահանջները ժամանակավոր են, որ մեր բանակն ու զինվորը յուրաքանչյուրիս  անվերապահ զորակցության կարիքն ունեն։ Միասնական նվիրումով զորացնենք մեր ազգային բանակը, սահմանին կանգնած մեր որդիներին հավատ ու վստահություն ներշնչենք սեփական ուժերի և վսեմ առաքելության նկատմամբ։

ՀՅԴ-ն, լինելով Հայոց բանակի կազմավորման ակունքներում, մշտապես սատարել է Հայոց բանակին։ Մենք դա գործով ենք ապացուցել՝ պետականության և հայ զինվորի կողքին կանգնելով Արցախյան ողջ ազատամարտի, նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Մենք դա արել ենք անսակարկ, մեր  տասնյակ նվիրյալ ընկերների կյանքի գնով, նրանց հերոսական զոհողություններով։  Այսօր էլ կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության  երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` անվտանգային լրջագույն սպառնալիքներով լի այս ժամանակներում:

Խոնարհում հայ զինվորին։

Շնորհավո´ր տոնդ, Հայո՛ց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հա՛յ ժողովուրդ, անկոտրում կամքով դեպի նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

28 հունվար, 2022 թ․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica