Ղազախստանի խորհրդարանը Նազարբաևին զրկել է Անվտանգության խորհրդի ցմահ նախագահությունից
Աշխարհ

Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք վերացնում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում և Անվտանգության խորհրդում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սահմանադրական օրենսդրության, պալատի դատական և իրավապահ մարմինների հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ փոփոխություններն ուղղված են վեհաժողովի նախագահի և Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները երկրի նախագահին փոխանցելուն։ Այսպիսով՝ ասամբլեայի մասին օրենքը բացառում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Էլբասիի (ազգի առաջնորդի` Նազարբաևի) այն ղեկավարելու ցմահ իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքը բացառում է Անվտանգության խորհուրդը ղեկավարելու ցմահ իրավունքը։
Բացի դրանից՝ խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքներում փոփոխությունները և լրացումները, որոնք պահպանում են Նազարբաևի՝ հանրապետության Սահմանադրական խորհրդի անդամ լինելու, ինչպես նաև կառավարությունում և խորհրդարանում ելույթ ունենալու իրավունքը։