close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք-պարսկական պատերազմների հիմնական և «չերևացող» մասնակիցները

Հասարակություն

26 Հունվարի 2022, 18:56
 Թուրք-պարսկական պատերազմների հիմնական և «չերևացող» մասնակիցները

Թուրք-պարսկական պատերազմների ընդհանուր բնութագիրը (մաս 1)

Թուրք-Պարսկական պատերազմներն ուսումնասիրելիս ամենից առաջ պետք է անդրադառնալ դրանց անվանմանը։ Ընդհանրապես հարկ է նշել, որ ռազմապատմական գրականության մեջ շատ պատերազմների անվանումներ ոչ միայն պայմանական են և դրանց նկատմամբ չկա միասնական մոտեցում, այլև տարբեր պատմագիտական դպրոցներում նույն պատերազմները կարող են անվանվել տարբեր կերպ։ Խնդիրն, իհարկե, նույն այդ պատմական դպրոցների անցած ուղու և ձևավորած պատմական ավանդույթի մեջ է ու նման հարցերում միասնական մոտեցում սպասելը մեծապես անիրագործելի մի նպատակ է։ Պատմական և ռազմապատմական գրականության մեջ հանդիպում են Թուրք-Պարսկական պատերազմների անվանման տարբեր ձևեր` «Օսմանա-Պարսկական պատերազմներ», «Օսմանա-Իրանական պատերազմներ», «Թուրք-Իրանական պատերազմներ» և այլն։ Առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրն էլ ունի իր դրական կամ բացասական կողմերը և դրանցից ոչ մեկը, այդ թվում նաև իմ կողմից առաջարկվածը, ըստ էության, լիովին չեն արտացոլում երևույթը իր ողջ համակողմանիությամբ։

Այսպես, բաղադրիչի մեջ մտցնելով «պարսկական» տարրը, որը հիմնավորվում է հիշատակված հարյուրամյակներում իրանական պետության հիմնական բնույթով, միաժամանակ դրանից մեխանիկորեն դուրս են մնում տարրերը, կապված պատերազմների գահակալական կրողների, ինչպես նաև այն բանի հետ, որ հիշատակված պատերազմներում զուտ պարսկական տարրի դերը զգալի մի ժամանակահատվածում բավականին փոքր էր, իսկ «պարսկական» կողմից էլ մեծ էր թյուրքական տարրի մասնակցությունը, որը հաճախ իր վրա էր կրում պատերազմի հիմնական ծանրությունը և հենց ինքն էլ պայմանավորում էր վերջինիս ռազմական բնութագիրը։ Այս առումով առավել անընդունելի է թվում «իրանական» տերմինի կիրառությունը, քանի որ իսլամը դավանող թյուրք-պարսկական տարրն ինքնին արդեն քիչ հոգևոր-մշակութային ընդհանրություններ ուներ հնդեվրոպական բնույթն ունեցող «Իրանի ու Անիրանի» երբեմնի պետությունների հետ և այս առումով անվանումը մեծապես կրում է, թերևս, միայն պատմական ավանդույթի կնիքը։

Վիճակը պարզ չէ նաև մյուս կողմից։ Այսպես, բաղադրիչի մեջ կիրառելով «թուրքական» տարրը, որը ևս հիմնավորվում է հիշատակված հարյուրամյակներում հակամարտող այս կողմի հիմնական բնույթով, առաջանում են ոչ ճշգրիտ լինելու կամ երևալու նոր հնարավորություններ, քանի որ, ընդհուպ մինչև XX-րդ դարի սկիզբ, թուրքական այս տերությունն ամենից առաջ հենց «Օսմանյան սուլթանություն» էր, այլ ոչ թե «թուրքական կայսրություն», որտեղ օսմանցի լինելը հարգի էր ու պատվավոր մի բան էր, իսկ «թուրք» կոչումը իր վրա կրում էր երկրորդական լինելու կամ համարվելու որոշակիորեն նույնիսկ վիրավորական մի կնիք։ Այս առումով կարծում եմ, որ խնդիրը հեռու է վերջնական լուծված լինել համարվելուց, բայց այնուհանդերձ, համենայն դեպս գոնե ինձ համար, առավել կոռեկտ է թվում հենց «Թուրք-Պարսկական պատերազմ» ձևը՝ անվանում, որն իր թերություններով այնուհանդերձ արտացոլում է երևույթի խորքային ու բովանդակային բնույթը հնարավորինս լրիվ` դրա հիմնական տարրերի հնարավորինս ամբողջական համակցությամբ։

Առաջ անցնելով ավելացնենք, որ Թուրք-Պարսկական պատերազմները իրենց բնույթով բաժանվում են երկու մեծ խմբի՝ պատերազմներ, որոնք տեղի ունեցան մինչև 1639 թվականը և պատերազմներ, որոնք տեղի ունեցան դրանից հետո: Առաջին խմբում կողմերի տարբերությունները ամենատարբեր հարթություններում ավելի ակնհայտ էին, այն դեպքում, երբ երկրորդ պարագայում երկու պետությունների ռազմական համակարգերն արդեն մեծապես նմանվել էին միմյանց։ Արդյունքում՝ Թուրք-Պարսկական պատերազմների ամենացայտուն տարանջատիչ գծերն ակնհայտ են հենց առաջին խմբում և հատկապես առաջին խմբի սկզբնական պատերազմներում: Մինչև առաջ անցնելը անհրաժեշտ է քննարկել նաև Թուրք-Պարսկական պատերազմների մասնակիցների հարցը։

Այս առումով հարցին մոտենալիս երևույթը կարելի է դիտարկել երկու` առաջնային և երկրորդական հարթություններում։ Առաջնային հարթությունում Թուրք-Պարսկական պատերազմների հիմնական մասնակիցներն իր ժամանակի տարածաշրջանի երկու հիմնական առաջատար պետություններն էին` Օսմանյան սուլթանությունը մեկ և Սեֆյանների, իսկ հետո արդեն վերջինիս օրգանական շարունակությունները հանդիսացող Աֆշարների, Զենդյանների և Ղաջարների շահությունները մյուս կողմից` ըստ էության, թուրքական ու պարսկական պետությունները։ Թուրք-Պարսկական պատերազմների հիմնական այս մասնակիցներն, ի դեմս Օսմանյան սուլթանության և Սեֆյանների շահության, վերևում, ըստ էության, արդեն ներկայացվեցին և կրկնվելն այստեղ իմաստ չունի:

Ինչ վերաբերում է պատերազմի երկրորդական մասնակիցներին, ապա դրանց թվում կարելի է ամենից առաջ առանձնացնել չորս հավաքական խումբ` քրդական էմիրությունները, ինչպես նաև վրացական, հայկական և լեզգի-թաթարական պետական միավորումները։ Գոյություն ուներ նաև ամորֆ վիճակում գտնվող մեկ այլ խումբ ևս, որն իր մեջ միավորում էր ամենատարբեր մոտիվացիայով գործող ջալալիների, լևադների և այս տիպի ավազակային կամ կիսաավազակային միավորները, որոնք առաջնորդվում էին իրենց կոնկրետ ու նեղ շահերով և որևէ ռազմավարական դիրքորոշում չունեին։

Քննարկվող ժամանակաշրջանում քրդերը, ինչպես, թերևս, նաև հիմա, իրենցից այդպես էլ չներկայացնելով վերջնականապես ձևավորված ազգային մի միասնություն, շարունակում էին գործել տարաբնույթ մղումների և շահերի ազդեցության ներքո։ Այսպես, մի կողմից իրենց հիմնական հատվածով լինելով իսլամի սուննի դավանանքի կրողներ, Օսմանյան սուլթանության հատկապես ռազմաքաղաքական հաջողությունների շրջանում լիովին բնական էր սպասել, որ այս տարրը պետք է հանդես գար պաշտոնական Ստամբուլի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների համատեքստում, սակայն մյուս կողմից էլ թյուրքական տարրի հետ արդեն հարյուրամյակներ ձգվող թշնամությունը, ինչպես նաև քրդական ինքնիշխանության ցանկացած դրսևորում ամեն կերպ ակտիվորեն խեղդող Օսմանյան սուլթանության գերկենտրոնացված բնույթը բերում էին նրան, որ քրդերն ավելի շատ հակվում էին դեպի սուլթանության հակառակորդների կողմը, որն ավելի մեղմ դիրքորոշում էր դրսևորում։ Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ քրդերը, ինչպես արդեն ասվեց, հանդես չէին գալիս միասնական ազգային հետաքրքրությունների կրողի կարգավիճակում, նրանց մոտ դեռևս ուժեղ էր ցեղային ինքնագիտակցությունը և, ի սկզբանե հանդես գալով իրենց ապրած տարածքում գերիշխող պետության հովանու ներքո, արդյունքում այս կամ այն կերպ կամ չափով նրանք հանդես էին գալիս հենց այդ պետության շահերի համատեքստում։ Այս առումով կարևոր է ընդգծել նաև, որ հենց մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում սկիզբ առավ քրդական պետական միավորների անկումը, որն իր ավարտին հասավ հաջորդ դարում: Հիշատակված գործընթացն իր հերթին ծանր հարված հասցրեց նաև քրդական տեսական-քաղաքական մտքին, որը պետական շահերի կամ պետական մտածողության գիտակցման համեմատականորեն գոնե միջին մակարդակից իջավ դեպի րոպեական կամ տեղայնական շահերով գործող մակարդակի։ Քրդական տարրը Թուրք-Պարսկական պատերազմներում ներկայացված էր հիանալի մակարդակ դրսևորող, սակայն պատերազմի հիմնական մասնակիցների համարժեքներին քանակապես էականորեն զգալիորեն զիջող թեթև և ծանր հեծելազորներով՝ իրենից ներկայացնելով պատերազմող կողմերի բանակների հեծելազորային բաղադրիչի կարևորագույն տարրերից մեկը։

Վրացական պետական միավորները ներկայացված էին ամենից առաջ Քարթլիի, Կախեթիի և Իմերեթիայի թագավորություններով, Սամցխեի աթաբեկությամբ, ինչպես նաև Իմերեթիայի թագավորության կազմում լայն ինքնավարություն ունեցող Գուրիայի, Մեգրելիայի, Աբխազական ու Սվանեթիայի իշխանություններով։ Գործելով մեծ հաշվով նույն օրինաչափությունների և շահերի շրջանակում` արդյունքում քրիստոնյա պետական այս միավորները ամենատարբեր միջոցների կիրառմամբ ձգտում էին պահպանել իրենց անկախությունը և գոնե հարաբերական ինքնիշխանությունը: Այս առումով, ինչպես և քրդերի պարագայում եղավ, տարածաշրջանում Օսմանյան սուլթանության սկզբնական պասիվության պարագայում վրացական պետական միավորները, որպես Աղ-Ղոյունլուների էմիրության հետ ռազմաքաղաքական հարաբերությունների հարակայունության արտահայտություն, կապված լինելով Սեֆյանների շահությանը, ձգտում էին համագործակցության եզրեր գտնել ամենից առաջ հենց պարսկական կողմի հետ, թեև արդյունքում հարաբերությունները որևէ կերպ բավարար չէին նաև այս ուղղությամբ։

Ռազմաքաղաքական իմաստով վրացական պետական միավորների դերը կայանում էր նրանում, որ նրանք, գործելով ռազմական հիմնական թատերաբեմի հյուսիսային  թևի ուղղությամբ, դրանով իսկ մշտապես զգալի ազդեցություն էին ունենում ռազմական գործողությունների ընդհանուր պատկերի վրա։ Վրացական պետական միավորների բանակներում առաջնային դեր ուներ հեծելազորը, որն ուներ նաև թեթև ու ծանր հեծելազորի լուրջ բաղադրիչ։ Առկա էին նաև հետևակ որոշակի ուժեր, ինչպես նաև հրաձգային միջոցներ։

Հյուսիս-Կովկասյան լեռնականները ընդհանրապես և լեզգիական տարրը մասնավորապես, որպես յուրօրինակ խաղացողներ, հանդես եկան դեռևս XV դարում, սակայն ինքնուրույն գործոնի վերածվեցին արդեն հետագա հարյուրամյակներում։ Սրանք, լինելով սուննի իսլամի ներկայացուցիչներ, փորձում էին  համագործակցության եզրեր գտնել օսմանյան կողմի հետ և հատկապես անզիջում էին տրամադրված պարսկական ու վրացական կողմերի նկատմամբ, թեև սեփական շահերի համատեքստում վերջին հաշվով կողմերից և ոչ մեկն այդպես էլ չկարողացավ լիարժեք կերպով օգտագործել վերջիններիս։

Ինչ վերաբերում է Ղրիմի խանությունից երբեմն տարածաշրջան ժամանող թաթարներին, ապա սրանք բացառապես միայն Օսմանյան սուլթանության դաշնակիցներն էին և գործում էին տափաստանային մարտավարության լավագույն ավանդույթներով: Այս առումով խիստ զարմանալի էր նույն այս իրադարձություններում նախորդ հարյուրամյակներում այդքան ակտիվ դիրք գրաված արաբական տարրի ընդգծված պասիվությունը, որը, սակայն, ըստ իս ամենից առաջ բացատրվում է նույն այս ժամանակ երկրագնդի միջին ջերմաստիճանի անկման գագաթնակետին հասնելու միտումով, երբ Մեծ անապատում կենսապայմանները լավացան, ինչն էլ, ըստ էության, վերացրեց դեպի հյուսիս շարժվելու և անկանխատեսելի ռազմական գործողություններին միջամտելու ցանկության զգալի մասը:

Հայերը, որոնց պատմական հայրենիքում էլ հենց ծավալվում էր ռազմական գործողությունների հիմնական մասը, որպես ինքնուրույն ռազմաքաղաքական գործուն հանդես եկան բավականին ուշ, և մեր դերը սկզբնական շրջանում բավականին պասիվ էր` կապված հիմնականում ամեն կերպ կորուստներից խուսափելու հետ։ Միաժամանակ, սակայն հայկական գործոնի դերն աստիճանաբար ձեռք է բերում առաջնային նշանակություն` հատկապես փայլելով հետագա հարյուրամյակներում։ Այս առումով հետաքրքիր է արձանագրել, որ դեպքերի մեծ մասում հայերը ձգտում էին համագործակցել շփումներում համեմատականորեն ավելի պարզ, մոտիկ գտնվող և սովորական հենց պարսկական կողմի հետ՝ այդպես էլ չկարողանալով շփման իրական եզրեր գտնել հեռավոր, անհասկանալի ու իրեն տերունական բարձունքների վրա պահող պաշտոնական Ստամբուլի հետ: 

Մհեր Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica