Եթե հայհոյում են, չեմ պատկերացնում, որ կինն ապտակի կամ գլխով խփի, ոնց որ Ալեն Սիմոնյանն էր անում. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված՝ ՀՌՀ թեկնածու Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցի քննարկումն ընթացավ թեժ մթնոլորտում: ՔՊ-ականների հարցին ի պատասխան, Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց ծանոթանալ «Դատալեքս»-ի հրապարակմանը՝ տեսնելու, որ բացարձակ կապ չկա այն ամենի հետ, ինչ ներկայացվում է։
«Եղել է հայհոյանք և հաջորդիվ՝ շատ թեթև ապտակ, այսինքն՝ այնպես չի եղել, ինչպես ԱԺ նախագահի դեպքում, որին հայհոյել էին, իսկ նա գլխով քիթ-բերանին հագցրեց։ Ես չեմ հասկանում այս պարզ տրամաբանությունն ու սելեկտիվ մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված, եթե ոչ՝ երեսպաշտությամբ։ Ձեր լիդերը հրապարակային դաժան, կոպիտ հայհոյանք է տալիս և ասում է՝ փակեք կամերան, որ չերևա, և ձեռքով գործողություն է ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ։ Դուք ինձ ասում էք՝ խառնամբոխ եք ասում ժողովրդին։ Բացեք Մալխասյանի բացատրական բառարանն ու կտեսնեք, որ դրանում վիրավորական ոչինչ չկա»,- ասաց Հակոբյանը։