close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախն Ադրբեջանի կազմում՝ «գառը թողիր գայլի կողքին» վիճակը կլինի․ մարտակերտցի ուսուցչուհի

Արցախ

25 Հունվարի 2022, 13:10
 Արցախն Ադրբեջանի կազմում՝ «գառը թողիր գայլի կողքին» վիճակը կլինի․  մարտակերտցի ուսուցչուհի

Մարտակերտի թիվ 1 դպրոցը ադրբեջանական նոր տեղակայված դիրքի ուղիղ նշանառության տակ է, բայց անգամ այս վիճակը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը ապահով է համարում՝ քանի դեռ ռուս խաղաղապահներն այնտեղ են։

«Արցախն այն մաքուր կետն է աշխարհում, որտեղ կարելի է ապրել, երազանքներ ունենալ։ Սա այն փոքրիկ, առանցքային կետն է, որտեղ ես և իմ ժողովուրդը երջանիկ ենք զգում։ Արցախը գալիք պիտի ունենա՝ ես հավատում եմ, և այդ գալիքն, իմ տեսանկյունից, ուսյալ սերնդով պետք է լինի, որն էլ իմ գրած «Պատերազմական օրագիր» գրքի կազմի հետնամասում գրել եմ»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նատաշա Պողոսյանը։

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով ապրելը նա անհնարին է համարում՝ խորհրդային տարիները դրա վկայությունն են։

«Այդ մասին չենք էլ կարող խոսել․ իմ կյանքի 30 տարին անցել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ ԽՍՀՄ-ի ժամանակներում։ Ես հենց Մարտակետում էլ ապրում էի, սա իմ քաղաքն է, որը ես պաշտում եմ։ Այն ժամանակ  հայերի համար ազատ իրավունքներ չեն եղել, մեզ եկեղեցի չունեինք գործող, մեր իրավունքները խախտվում էին»,-ասաց ուսուցչուհին։

Նա մի օրինակ բերեց․ պատկերացրեք՝ պարտադրանքով 150 աշակերտի հավաքում էին, ամիսներով ադրբեջաներեն երգ սովորեցնում, որ միջոցառման ժամանակ այդ հայ երեխաները ադրբեջաներեն երգեին, ինչպե՞ս կլիներ իրենց վիճակը, իհարկե, ծանր։

«Ու նաև եթե որևէ հիմնարկության պետը հայ  է եղել, երկրորդ մարդն անպայման ադրբեջանցի է եղել։ Աստիճանաբար տեսնում էինք, որ շրջապատում ադրբեջանցիներն ավելի են շատանում, իսկ շատանալու հետևանքն ի՞նչ պիտի լիներ․ իհարկե, հայաթափություն պիտի լիներ և ստիպված պիտի լինեինք դուրս գալ այստեղից»,-վկայեց Նատաշա Պողոսյանը։

Նա հաստատ գիտի՝ եթե որոշեն Արցախն Ադրբեջանի կազմը մտցնել, ապա Արցախում հայ չի մնալու։

«Ինքնորոշման իրավունքն, իհարկե, կարևոր է․ իհարկե չենք կարող Ադրբեջանի կազմը մտնել, եթե նման բան եղավ՝ ապա Արցախում հայ չի մնալու։ Այս հողը մեզ համար կյանք է, ուրիշ տեղ չենք կարողանում ապրել, բոլորս ենք նույն մտածելակերպով։ Բայց եթե Արցախն Ադրբեջանի կազմը մտցնեն՝ ժողովուրդը ո՛չ կմնա, ո՛չ էլ վերացնեն։ Եթե ես ապրում եմ այստեղ ու ամբողջ արյան երակներով կապված եմ այս հողին, անգամ ես ինքս դրանից հետո չեմ պատկերացնում, որ այստեղ պիտի ապրեմ, ինչպե՞ս կարող են մնացածները մնալ, չեն մնա»,-ցավով ասաց մարտակերտցի ուսուցչուհին։

Նա վստահեցրեց, որ արցախցին անհնար է Ադրբեջանի կազմում ապրի, որովհետև հավատ չկա նրանց նկատմամբ։

«Մենք չենք կարող նրանց հետ ապրել, նրանց բարեկամությունը խաբուսիկ է, խաղաղությունը նրանց բերանից ընդամենը խոսք է, իրականում նման բան չեմ պատկերացնում։ Նույնիսկ մինչև պատերազմը, որ խոսում էին խաղաղության դիմաց 5+2 տարածքները փոխանցելու մասին, բազմիցս ասել եմ՝ չպիտի հավատաք դրան։ Այսօր էլ նույն տեսակետին եմ»,-ասաց Նատաշա Պողոսյանը։

Ժամանակին ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրած կինը լավ հիշում է խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ․ ասում է՝ ուսանող էի՝ ավտոբուսով գնում էի Ստեփանակերտ, գալիս, ադրբեջանական գյուղերի միջով էինք անցնում՝ շփվել ենք, բայց դա կապ չունի, դպրոցական, ուսանողական տարիներին մեզ տանում էին բամբակաքաղի, այդ բամբակը քաղում էինք՝ հայի կատարած աշխատանքը չէր երևում, տանում էին խաղողաքաղի՝ նրանք գինի էին պատրաստում, ադրբեջանական ինչ-որ մի անուն դնում շշի վրա, հայի անունը էլի չէր երևում, կարծես ոչինչ չի եղել։ Այնպես որ նա չի հավատում, որ որևէ պարագայում Ադրբեջանը կարող է լավ վերաբերվել հայերին։

«Խոստանալը կապ չունի, դա մենակ խոստումներ են, ո՞վ է ասում, որ նրանց խոստումներն իրականություն են դառնում։  Նման բան չկա»,-վստահեցրեց Նատաշա Պողոսյանը։

Այսքան տարի կորուստներ ենք տալիս ու չենք կարողանում հասնել մեր ազատությանը, ցավով ասում է ուսուցչուհին, ուրեմն ի՞նչ ժողովուրդների ազատության մասին է խոսքը, ինքնավարության մասին է խոսքը։

«Ինքնորոշման հարցում եթե ժամանակին մեծ հնարավորություններ ունեցել ենք, ապա այսօր բաց թողնված վիճակում է։ Իհարկե, վաղուց պետք է դա լիներ, պետք է վաղուց ինքնորոշեին, հիմա մենք կորցրել ենք այդ հնարավորությունը, մենք շատ բան ենք կորցրել․ և՛ այդ հնարավորությունը, և՛ հայրենիքի մեծ մասն ենք կորցրել, և՛ այնքան հաշմանդամություն ունեցողներ, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ ունենք․․․ սա անսպասելի մի բան էր, ցնցում, որից ուշքի չենք գալիս»,-ասաց նա։

Հատկապես վերջին պատերազմից հետո, երբ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմական հանցագործություններով բռնազավթեցին Արցախի տարածքները, ուսուցչուհին չի պատկերացնում, որ հնարավոր կլինի նրանց մեջ ապրելը։

«Էն որ ասում է՝ «գառը թողիր գայլի կողքին», ա՛յ էդ վիճակը կլինի»,-պատկերավոր ասաց Նատաշա Պողոսյանը։

Նրա համար ցավալի է, որ ընդամենը 1918 թ-ին ստեղծված պետության՝ Ադրբեջանի՝ 103 տարեկան երկրի, տիրակալը կարողանում է հոխորտալ, իբր հազարամյա Արցախն իրենցն է, ու խաբեությամբ հավատ առաջացնել աշխարհում, իսկ մենք դարերից եկած մեր  պատմության մասին լռում ենք։

30 տարվա պայքարից հետո նորից վերադառնալ 88-ի իրավիճակին՝ մարտակերտցի ուսուցչուհին  մեծագույն խայտառակություն է համարում։

«Սերունդը ոչնչացրին, այսքան զոհերը աններելի են, ապրողներիս համար նույնպես դա մահ է»,-ասաց նա։

Հիմա ապահովության միակ հույսը ռուս խաղաղապահներն են մնացել։

«Եթե իրենք չլինեին՝ մենք ի՞նչ ունեինք այստեղ։ Չեմ ուզում ասել՝ ես ռուսամետ եմ, ընդհանրապես եթե կա խաղաղապահ, ապահով է։ Այսօր էլ, ա՛յ, Ստեփանակերտ ենք գնում․ եթե  նախկինում ճանապարհը մեկ ժամում գնում էինք, հիմա արդեն երկուս ու կես ժամ է։ Ամեն անգամ վտանգներով լեցուն՝ անտառի միջով ենք գնում, վերևում նրանք են, բայց ապրում ենք։ Կարևորն այն է, որ ինչպես որ պատերազմից առաջ Մարտակետում կյանքը կար, այսօր այդ նույն ընթացքով շարունակվում է, բայց կոտրված սրտերով, կորուստներով, մեր շրջապատի ավերածություններով»,-ասաց Նատաշա Պողոսյանը։

Մենք երկնքին նայում ենք՝ խաղաղություն ենք ուզում, նշեց նա, ա՛յ էդ վիճակն է, չգիտենք ինչ է լինելու։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica