close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեփական բացառիկության գիտակցում, ենիչերիների կորպուս. օսմանցիների նվաճումների բանալին

Հասարակություն

24 Հունվարի 2022, 20:45
 Սեփական բացառիկության գիտակցում, ենիչերիների կորպուս. օսմանցիների նվաճումների բանալին

Օսմանյան սուլթանության ռազմական մեքենայի բնութագիրն ու առանձնահատկությունները (մաս I)

Վերջին տասնամյակներում Օսմանյան սուլթանությունն արդեն առանց այդ էլ, ըստ էության, իրականացնում էր աշխարհաքաղաքական այն դերակատարությունը, որը մինչ այդ բնորոշ էր Իկոնայի սուլթանությանը, իսկ դրանից առաջ էլ՝ նույն Բյուզանդական կայսրությանը կամ Հռոմեական կայսրությանն ու հանրապետությանը, սակայն այժմ դերերն ավելի հստակեցվեցին: Ավելին, այն հանգամանքը, որը Կոստանդնուպոլսի անկումից հետո օսմանյան սուլթանները իրենց մայրաքաղաքը հենց այս քաղաք տեղափոխեցին, կարծես ավելի ընդգծեց իրավիճակը: Այսուհետ մարտաշունչ այս սուլթանությունն արդեն երկար հարյուրամյակներ ձգտելու էր հնարավորինս տարածվել դեպի արևելք, սակայն արդյունքում միայն դժվարությամբ հաստատվելու էր հազիվ միայն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում: Իր հերթին, հնարավորինս իրենով անել Բալկանյան թերակղզին, վերջինիս դիրքերը փաստացի ամուր էին լինելու միայն նույն այդ թերակղզու հարավային և կենտրոնական մասերում: Եվ վերջապես Օսմանյան սուլթանությունը տիրելու էր նաև Հյուսիսային Աֆրիկային՝ արդյունքում, փաստորեն, աշխարհաքաղաքական մակարդակում լիակատար կերպով կրկնելով Բյուզանդական կայսրությանը: Այսպիսով՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ, թերևս, արդեն լիարժեք կերպով կարելի է խոսել նոր և գլխավոր դերերի ձգտող այնպիսի մի խաղացողի ի հայտ գալու մասին, ինչպիսին Օսմանյան սուլթանությունն է, ինչն էլ հաշվի առնելով, չի կարելի առաջ անցնել, առանց վերջինիս ռազմական մեքենայի մասին մի քանի խոսք չասելու:

Օսմանյան սուլթանությունը իրենից ներկայացնում էր սուննի իսլամը դավանող գերկենտրոնացած մի միապետություն, որը իր փայլի և ռազմաքաղաքական հզորության գագաթնակետից կես հազարամյակում աստիճանաբար ընկավ մինչև թուլացած, քայքայված ու մեռնող ռազմաքաղաքական մի մարմնի կարգավիճակի։ Սուլթանության գլխին կանգնած էր սուլթանը, որը ուներ բացարձակ և անսահմանափակ իշխանություն` իր լավ ժամանակներում հաշվի չնստելով որևէ ուժի կամ կարծիքի հետ։ Օսմանյան սուլթանության բանակը, որը մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում իրենից ներկայացնում էր իր ժամանակի ամենափայլուն ռազմական մեքենաներից մեկը, հետագա հարյուրամյակներում աստիճանաբար վերածվեց հետամնաց և քայքայվող մի կառույցի, որի մարտունակությունը բավականին ցածր էր։ Այն կազմված էր հեծելազորից, հետևակից և հրետանուց, որոնք իրենց հերթին, որոշակիորեն պայմանականորեն, բաժանվում էին ծանր ու թեթև տարրերի։

Ի սկզբանե, ինչպես մի քանի անգամ արդեն նշվեց, Օսման I-ի հիմնադրած էմիրությունն ընդամենը միայն մեկն էր մոտ երկու տասնյակ այն էմիրություններից, որոնք Փոքր Ասիայում ոտքի կանգնեցին Իկոնայի սուլթանության և Էլխանության անկումից հետո: Շուտով պարզվեց, սակայն, որ, պայմանավորված սեփական աշխարհագրական դիրքով, հենց Օսմաններին էր վիճակված լինելու պայքար մղել սկզբում Բյուզանդական կայսրության, իսկ հետո արդեն Բալկանյան թերակղզում գործող քրիստոնեական պետական միավորների դեմ: Արդյունքում, այս մասին ևս նշվեց, որպես քրիստոնեության և իսլամի սահմանին գործող մահմեդական պետական մի միավոր, կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ հենց Օսմանյանների էմիրությունում առավել զարգացան մահմեդական «սրբազան պատերազմի» հինավուրց ավանդույթները, որի հիմքերը դրվել էին դեռևս Արաբական խալիֆության առաջին տիրակալների օրոք: Որպես հետևանք այս ամենի, ինչպես Օսմանյան իշխող գահատոհմում, այնպես էլ էմիրության, իսկ հետո արդեն սուլթանության մահմեդականների մոտ աստիճանաբար ձևավորվեց սեփական բացառիկության գիտակցման յուրօրինակ մի աշխարհահայացք, երբ, կարծես բարձրից նայելով մահմեդական այլ պետական միավորներին և հատկապես իրենց հարևաններին, այստեղ ընդգծում էին «հավատի համար պայքար մղողների» սեփական կարգավիճակը՝ հակադրելով այն, որպես կանոն, միմյանց դեմ պայքարող մահմեդական այլ պետական միավորների վարքագծին: Աշխարհայացքային կարևոր այս գիտակցումն էր հենց, որ դարձավ Օսմանյան պետության, իսկ արդյունքում նաև վերջինիս ռազմական համակարգի գաղափարական հիմնասյուներից մեկը:

Մյուս կարևոր տարրը, որն առանձնացնում էր Օսմանյան ռազմական մեքենան իր բոլոր և նույնիսկ զարգացած հարևաններից, դա արժանահիշատակ Մուրադ I-ի կողմից ստեղծված գուլյամական յուրօրինակ կորպուսն էր, որը հենց միանգամից էլ կոչվեց «ենիչար», ինչը թարգմանաբար նշանակում է «նոր զորք»: Ենիչերիների ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ նույն Մուրադ I-ի օրոք, կապված այն բանի հետ, որ, սկսած արդեն XIV դարի կեսերից, օսմանյան ռազմական մեքենայի հիմնական հակառակորդների դերում հանդես էր գալիս եվրոպական ռազմական համակարգը, որը ծանր զրահավոր հեծելազորի կիրառման մարտավարությունը հենց այս ժամանակաշրջանում հասցրել էր իր գործնական կատարելությանը, պարզվեց, որ, ինչպես խաչակրաց առաջին արշավանքների ժամանակ, այնպես էլ այժմ եվրոպական ռազմական համակարգին դիմակայելու համար անհրաժեշտ են սկզբունքային նոր լուծումներ։ Արդյունքում՝ ենիչերիական կորպուսը, որը դավանում էր հետևակ պաշտպանողական մարտավարություն և գործում էր համալրման ու կազմակերպչական լրիվ նոր և իր նախադեպը չունեցող համակարգի շրջանակում, հենց իրենով էլ հանդիսացավ այդ լուծումը։

Ենիչերիների գուլյամական կորպուսը համալրվում էր փոքր, գրեթե անգիտակից տարիքում, որպես կանոն, քրիստոնյա ծնողներից խլված արական սեռի երեխաներով, որոնց, տարիքն առնելուն զուգընթաց, կույր հավատարմություն էին ներշնչում Օսմանյան սուլթանների և Օսմանների գործի նկատմամբ, ինչպես նաև ներարկում էին մահմեդական մոլեռանդության ամենաուժեղ հատկանիշներ։ Արդյունքում՝ անտոհմ և անսկիզբ, մոռացած իր ծագումն ու կտրված նույնիսկ օսմանյան սոցիալական միջավայրից, ի դեմս ենիչերիների ձևավորվեց փակ սոցիալական մի խումբ, որից ներս մուտքը հնարավոր էր միայն վաղ մանկական տարիքում և արդեն իսկ նշված որոշակի ձևով: Որպես հետևանք այս ամենի՝ ենիչերիների կորպուսի ստեղծումից մի քանի տասնամյակ անց ի հայտ եկավ սեփական սուլթանին և մահմեդականության գաղափարներին անհուն կերպով նվիրված ռազմիկների մի խումբ, որն էլ հենց կազմեց ինչպես օսմանյան ռազմական մեքենայի կարևորագույն տարրերից մեկը, այլև իրենով, ըստ էության, սկսեց ներկայացնել նույն այդ սուլթանների սոցիալական կայունության հիմքը: Ի սկզբանե ենիչերիական կորպուսն ընդգրկում էր 12.000 ռազմիկ, սակայն հետագայում, հավասար-համեմատական որակական կորստի, այս թիվն աստիճանաբար մեծացավ: Հարկ է նշել, որ ենիչերիներին կվիճակվեր այդպես էլ մնալ գուլյամների ընդամենը միայն որոշակիորեն ձևափոխված տարբերակներից, թերևս, միայն մեկը, եթե հենց այդ ժամանակ ի հայտ չգար մի գերհաջող հայտնագործություն, ի դեմս հրազենի։

Ստեղծվելուց հետո գրեթե մեկ հարյուրամյակ ենիչերիները զինված էին սառը զենքերով և պաշտպանության ժամանակ կիրառվող աղեղնամարտում առանձնապես ուժեղ էին հատկապես այն բանակային համակարգերի դեմ պայքարում, որտեղ թույլ էր հետևազորը և շեշտադրվում էր հեծելազորային շեշտակի հարվածը: Արդյունքում, հաշվի առնելով ժամանակատարածային գործոնը, երբ Օսմանյան սուլթանության գրեթե բոլոր հակառակորդները, և հատկապես Արևելքում, ներկայացված էին հենց նման ուժերով, այս մարտավարությունը մարտի դաշտում օսմանյան ռազմական մեքենային մի զգալի առավելություն ապահովեց: Իր հերթին, զուգընթաց ձեռքի հրազենի ի հայտ գալուն և դրա տարածմանը, ենիչերիները սկսեցին մասսայականորեն կիրառել սկզբում արկեբուզներ, իսկ հետո արդեն՝ մուշկետներ ու ատրճանակներ: Վերջին հանգամանքը ավելի մեծացրեց ենիչերիների հարվածային ուժը և ավելի ուժեղացրեց նրանց հնարավորությունները հենց պաշտպանությունում, ընդ որում հրետանու զարգացումն ավելի մեծացրեց դրանք: Հենց այս հայտնագործությունն էր նաև, որ կտրուկ բարձրացրեց ենիչերիական հետևակի մարտական հատկանիշները և արդյունքում, արդեն մահմեդական միջնադարի վերջում, օսմանյան սուլթանների ձեռքը տվեց մի ուժ, որը մեծապես կանխորոշեց նրանց հաջողությունները։

Որպես ամուր պաշտպանական մարտավարության սկզբունքներ դավանող հուսալի մի ուժ՝ ենիչերիները իրենց մինչ այս արդեն իսկ փայլուն կերպով դրսևորել էին մի շարք ճակատամարտերում, ինչպիսիք էին օրինակ 1389 թվականի հունիսի 15-ի Կոսովոյի ճակատամարտը, 1396 թվականի սեպտեմբերի 25-ի Նիկոպոլսի ճակատամարտը, 1402 թվականի հուլիսի 20-ի Անկարայի ճակատամարտը, 1444 թվականի նոյեմբերի 10-ի Վառնայի ճակատամարտը և այլն, երբ աստիճանաբար ձևավորվեց ու իր զարգացումը ստացավ դաշտային և (կամ) արհեստական ամրությունների հետևում պաշտպանական մարտ վարելու «գումակապաշտպանական» մարտավարությունը, որը, այն բանից հետո, երբ, ինչպես ասվեց, XV դարի երկրորդ կեսից սկսած ենիչերիները աստիճանաբար անցան հրազենի, բարձրացավ որակական մի նոր մակարդակի։ Արդյունքում՝ օսմանական ռազմական համակարգում ստեղծվեց իր ժամանակի մարտավարակական լավագույն լուծումներից մեկը, քանզի, եթե հեծելազորի չափանիշով օսմանյան ռազմական մեքենան, լավ թե վատ, սակայն սկզբունքորեն կրկնում էր իր հիմնական հակառակորդներին, ապա հրազենով զինված գծային կանոնավոր հետևակի առկայության պարագայում վերջինս ստանում էր անչափ լուրջ մի առավելություն։ Հետագա հարյուրամյակը ցույց տվեց, որ իր հիմքում ենիչերիական կորպուսն ունեցող «գումակապաշտպանական» այս մարտավարությունը ապահովում է օսմանյան ռազմական մեքենայի անվիճելի առավելությունը ամենատարբեր ռազմական համակարգերի նկատմամբ` սկսած իր հիմքում ֆեոդալական ծանր հեծելազորն ունեցող եվրոպական բանակներից և իրենց կաստայական բացարձակության մեջ ներփակված մամլուքյան ծանր հեծելազորի հիմքով գործող ռազմական մեքենայից, վերջացրած տափաստանային քոչվորների մասսայական ծանր ու թեթև հեծելազորների ուժով գործող բանակներով։

Վերևում հիշատակված «գումակապաշտպանական» մարտավարությունը իրենից փաստորեն ներկայացնում էր միջոցների մի ամբողջություն, որը դրան անպատրաստ հակառակորդին և հատկապես այն հակառակորդին, որը թույլ հետևակ ու հրազենային միջոցներ ուներ, դնում էր մարտավարական փակուղու առաջ` գրոհե՞լ, թե՞ ներքաշվել հեռամարտի բնույթ ստացող տևական մարտի մեջ։ Առաջին և բնական տարբերակը, որը բնորոշ էր բոլոր այն բանակներին, որոնք որպես հիմք ունեին հեծելազորը, բնականաբար գրոհելն էր, սակայն փորձը անառարկելիորեն ցույց տվեց, որ ենիչերիների պաշտպանական բնագիծը հաղթահարել կամ հնարավոր չէր ընդհանրապես, կամ էլ, եթե նույնիսկ հնարավոր էլ էր, ապա գրոհող կողմի համար դա բերում էր չարդարացված մեծ կորուստների, որի սպասելի արդյունքը հանդիսանում էր օսմանյան հիանալի հեծելազորային թարմ ուժերի հետագա հուժկու հակահարվածը, ինչը գործն իր հերթին, որպես կանոն, ավարտում էր հակառակորդի պարտությամբ։ Մյուս տարբերակը, սակայն, իրենով ևս բավարար ելք չէր ներկայացնում, քանի որ օսմանյան դաշտային բանակի դեմ հեռամարտի բնույթ ունեցող տևական մարտի մեջ մտնելը հրազենային միջոցների հարցում զգալի առավելություն ունեցող և ամուր պաշտպանական դիրքեր գրաված նույն այդ օսմանյան բանակի ձեռքում էր հերթական անգամ թողնում բոլոր հաղթական խաղաթղթերը։

Օսմանյան հետևազորի մնացած մասը ներկայացված էր թեթևազենների կամ բաշիբոզուկների անկանոն, տարազեն, բայց, որպես կանոն, թեթև զինված խմբերով, որոնք, ինչպես և թեթև հեծելազորի պարագայում, հստակ տարանջատումներ կամ մարտավարական կիրառում այդպես էլ չստացան։ Այս ուժերը կիրառվում էին ամենից առաջ հակառակորդի տարածքը ասպատակելու համար, իսկ ուղիղ մարտի պարագայում էլ օսմանյան ռազմական տեսաբանները ձգտում էին առաջինը հենց այն նետել հակառակորդի շարքերի վրա` հնարավորինս հյուծելով վերջինիս, իսկ թարմ և լավագույն ուժերն էլ պահելով վճռական հարվածի համար։ 

Մհեր Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica