Սոցիալական բունտ հասունանալու շատ պատճառներին կարող է գումարվել նաև գազի բարձր գինը․ Ավետիսյան
Տնտեսական

Այո, նման բացասական փորձ կա, որ մեր շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց հեղուկ գազի էական թանկացում։ Սա ունի մի քանի գործոններ․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցերին։
«Առաջին՝ ցավոք, Հայաստանը գազ չունի, ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա որոշակի թանկացում: Այստեղ մենք ականատեսն ենք լինում, վստահաբար, հեղուկ գազի նոր գնաճի։ Երկրորդ՝ փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել: Այն, որ ներկրող ընկերությունների անուններ են փոխվում, չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում են գնի վրա»,- պարզաբանեց նա։
Պատգամավորը նշեց նաև երրորդ գործոնը՝ բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունը, որի վերլուծությունները, ուսումնասիրությունները երբեմն փաստաբանի գրած հիմնավորման տպավորություն են թողնում:
«Առնվազն այսօր «Գազպրոմի» կողմից ներկայացված հայտ կա, ըստ որի՝ ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ների համար՝ սեղմված գազի վաճառքի կետերի համար, հեղուկ գազն առնվազն 8-8,5 տոկոսով թանկանալու է: Կարծում եմ՝ առնվազն այդքան կամ ավելի կբարձրանա բնական գազի սակագինը ԱԳԼՃԿ-ների համար, որն էլ բերելու է սպառողի համար սեղմված գազի թանկացման»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։