close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը կորցնում է ժողովրդավարական կառավարման՝ իր մեծապես գնահատված հաղթաթուղթը. Հարութ Սասունյան

Քաղաքական

19 Հունվարի 2022, 10:27
 Փաշինյանը կորցնում է ժողովրդավարական կառավարման՝ իր մեծապես գնահատված հաղթաթուղթը. Հարութ Սասունյան

«Լոս Անջելես Թայմս» թերթը 2022 թվականի հունվարի 11-ին հրապարակեց Ջոնա Գոլդբերգի խմբագրականը՝ «Պուտինի հետ պարզապես հանդիպումը զիջում է. «ԱՄՆ-ը պետք է զգուշանա ավելին տալուց» վերնագրով: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գոլդբերգը հայտնում էր իր դժգոհությունը, որ Ռուսաստանը և նրա ռազմական դաշինքի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամները, ներառյալ Հայաստանը, այս ամսվա սկզբին «խաղաղապահ» առաքելությամբ զորքեր ուղարկեցին Ղազախստան։ Իր հոդվածում Գոլդբերգը քննադատական անդրադարձ է կատարել Հայաստանին. «ՀԱՊԿ անդամներից ոչ մեկը՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, ժողովրդավարական երկրներ չեն։ Հայաստանը ավելի է մոտենում դրան. Freedom House-ն այն անվանում է «կիսահամախմբված իշխանատիրական վարչակարգ», որի «ժողովրդավարության միավորը» 100-ից 33 է: Մնացածը «հաստատուն իշխանատիրական վարչակարգեր են»:

Գոլդբերգի նվաստացուցիչ նկարագրությունը Հայաստանի մասին, որը 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր հայտարարվում էր որպես ժողովրդավարության ամրոց, տհաճ էր հայերի համար։

Վաշինգտոնում գործող Freedom House հետազոտական հաստատությունը, որը հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, ցավոք ապացուցում է, որ Գոլդբերգը չէր սխալվել Հայաստանի հասցեին իր քննադատության մեջ: Freedom House-ը հրապարակում է «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը գնահատում է յուրաքանչյուր երկրի ժողովրդավարության աստիճանը, ներառյալ քաղաքական ազատությունը և քաղաքացիական արտոնությունները: Երկրները դասակարգվում են որպես «ազատ», «մասամբ ազատ» կամ «ոչ ազատ»։

Երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, նա արժանացավ միջազգային հանրության և ամբողջ աշխարհի հայության ծափահարություններին՝ իր «Թավշյա հեղափոխության» միջոցով ժողովրդավարական իշխանություն հաստատելու համար։ Սակայն, Freedom House-ը 2018-2021 թվականներին շարունակում էր Հայաստանը դասակարգել որպես «մասամբ ազատ»: Հայաստանը  համարվում է նաև «ոչ ժողովրդավարական ընտրության երկիր»՝ ելնելով «քաղաքական իրավունքների» և «քաղաքացիական ազատությունների» ցածր վարկանիշներից: Եթե ադրբեջանցիներն ու թուրքերը ցանկանում են ուրախանալ Հայաստանի ցածր վարկանիշի վրա, ապա նշենք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան շատ ավելի ցածր են դասվում որպես «ոչ ազատ»։

Ահա Freedom House-ի 2020 թվականի 30 էջանոց մանրամասն զեկույցի կարևորագույն կետերը Հայաստանի վերաբերյալ.

«Ազգային ժողովրդավարական կառավարում» անվանակարգում՝ մեկը որպես  լավագույն և յոթը վատագույն վարկանիշ,  Հայաստանը գնահատվել է 2.25: Այն «դիտարկում է կառավարական համակարգի ժողովրդավարական բնույթը. օրենսդիր և գործադիր իշխանությունների անկախությունը, արդյունավետությունը և հաշվետվողականությունը»:

«Ընտրական գործընթաց» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 3.25։ Այն «ուսումնասիրում է ազգային գործադիր և օրենսդիր ընտրությունները, ընտրական շրջանակը, բազմակուսակցական համակարգերի գործունեությունը և բնակչության մասնակցությունը քաղաքական գործընթացներին»:

«Քաղաքացիական հասարակություն» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 4.5։ Այն «գնահատում է քաղաքացիական հատվածի կազմակերպչական կարողությունները և ֆինանսական կայունությունը. իրավական և քաղաքական միջավայրը, որտեղ այն գործում է. արհմիությունների գործունեությունը․ շահագրգիռ խմբերի մասնակցությունը քաղաքականության գործընթացին. և հակաժողովրդավարական ծայրահեղական խմբավորումների սպառնալիքը»:

«Անկախ լրատվամիջոցներ» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 3։ Այն «ուսումնասիրում է մամուլի ազատության ներկա վիճակը, ներառյալ զրպարտության մասին օրենքները, լրագրողների նկատմամբ ոտնձգությունները և խմբագրական անկախությունը. ֆինանսապես կենսունակ և անկախ մասնավոր մամուլի գործունեությունը, և հանրային լրատվամիջոցների գործունեությունը»։

«Տեղական ժողովրդավարական կառավարում» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 2.25:

Այն «դիտարկում է իշխանության ապակենտրոնացումը. տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները, ընտրությունը և կարողությունները. և տեղական իշխանությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:

«Դատական շրջանակ և անկախություն» անվանակարգում Հայաստանը գնահատվել է 2.5: Այն «գնահատում է սահմանադրական և մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական անկախությունը, էթնիկ փոքրամասնությունների իրավունքների կարգավիճակը, օրենքի առջև հավասարության երաշխիքները, կասկածյալների և բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը և դատական որոշումների կատարումը»:

«Կոռուպցիա» կատեգորիայում Հայաստանը գնահատվել է 3: Այն «դիտում է կոռուպցիայի մասին հանրային ընկալումները, բարձրագույն քաղաքականություն մշակողների բիզնես շահերը, ֆինանսական բացահայտման և շահերի բախման մասին օրենքները և հակակոռուպցիոն նախաձեռնությունների արդյունավետությունը»:

Հայաստանի վերաբերյալ երկրորդ զեկույցը հրապարակել է Human Rights Watch-ը (HRW) 2022 թվականի հունվարի 14-ին։ HRW-ը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է (կենտրոնը՝ Նյու Յորքում), որը զբաղվում է մարդու իրավունքների հետազոտությամբ և պաշտպանությամբ:

HRW-ն հայտնում է, որ թեև «քաղաքական ճգնաժամը» Արցախյան պատերազմից հետո «հիմնականում վնասազերծվեց 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրություններում…ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ  խտրականությունը, ցավի արդյունավետ բուժման և սփոփիչ խնամքի խոչընդոտները, ինչպես նաև սեռական կողմնորոշման և ինքնության վրա հիմնված բռնությունն ու խտրականությունը հարատևել են: Ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ՝ իշխանությունները ներմուծել են կանոնակարգեր, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը»:

Ինչ վերաբերում է «իրավապահ մարմինների չարաշահումների և կալանքի տակ խոշտանգումների համար պատասխանատվության ենթարկելուն», HRW-ն հայտնում է, որ «կալանքի տակ խոշտանգումները և վատ վերաբերմունքը մնում են խնդիր, որոնք հաճախ գործադրվում են անպատիժ: Նույնիսկ երբ քրեական հետաքննություն է սկսվում, ի պատասխան խոշտանգումների մեղադրանքների, դրանք հազվադեպ են արդյունավետ լինում»:

2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է «փաստագրված 15 դեպք՝ 17 տուժածով՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից»։ Եղել են նաև «բուռն հանրային քննարկումներ, որոնք հաճախ ներառել են խորհրդարանի անդամների և այլ պետական պաշտոնյաների բորբոքված ելույթները, որոնք երբեմն ուղղված են եղել իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ»:

HRW-ը նաև հայտնել է, որ «հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ տներում՝ թերի կրթությամբ կամ առանց դրա»: 2021 թվականի մայիսին «Խորհրդարանն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որը ներառում է մատչելիության, անկախ կյանքի և արդարադատության մատչելիության երաշխիքներ և արգելեց հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը»:

Ըստ HRW-ի՝ «կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը… մնում է մշտական խնդիր»: Բացի այդ, «Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, խտրականության և բռնության»։

Այն, որ Հայաստանը կորցնում է ժողովրդավարական երկրի իր վարկանիշը, վկայում է այն փաստը, որ անցած մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նրան խորհուրդ է տվել «օրենքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների կարևորության վերաբերյալ»։

Վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ քաջալերելով  ժողովրդավարությանը՝  դրանով իսկ մեծ աջակցության և գովասանքի արժանանալով միջազգային շրջանակներում։ Ցավոք, Փաշինյանի իշխանության մենաշնորհը և կառավարության բոլոր որոշումները միայնակ կայացնելու աճող միտումը Հայաստանը վերածում են միանձնյա կառավարման, ինչը կհանգեցնի նրան, որ երկիրը կկորցնի իր ժողովրդավարական հեղինակությունը և միջազգային աջակցությունը»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica