close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն

Հասարակություն

18 Հունվարի 2022, 20:56
 Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն

Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ եւ զավակների գույքի վրա։ Այս տեղեկությունը հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից։

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, դատախազություն են հրավիրվել վարույթի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:

Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:

Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա իր կյանքի վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից հետո մեկ շաբաթ Արցախում լինելու ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով եւ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխվել էր Երեւան:

Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:

Նա 2018 թվականի հունիսի 16-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Ավելի ուշ  նրան առաջադրվեցին նաեւ ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքներ: Այս ընթացքում էլ իր եւ իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունն ընթանում է։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica