ԵԱՀԿ համանախագահները հնարավորություն չունեն այցելել Արցախ
Աշխարհ

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության առցանց ճեպազրույցում նշել է, որ համանախագահների եռյակը դեռևս չի կարողանում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ՝ կողմերին օգնելու մարդկանց միջև կապեր հաստատելու, հումանիտար խնդիրների լուծման գործում։
Լուկաշևիչը միաժամանակ հույս է հայտնել, որ կազմակերպության ներկայացուցիչների այցը տարածաշրջան շուտափույթ կկազմակերպվի։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ է արտահայտվել արցախյան կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտությանը, քանի որ այն համարում է լուծված։ Միաժամանակ պաշտոնական Երեւանը, ընդհակառակը, անհրաժեշտ է համարում վերսկսել բանակցային գործընթացը կազմակերպության համանախագահների շրջանակներում։