close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 7)

Քաղաքական

17 Հունվարի 2022, 14:13
 Գիրք ընդդեմ վեհ գաղափարների. «Սպիտակ թուղթ»-ը` ջնջոց, որ ջնջում է հայրենասիրությունն ու ապրումակցումը և թմրեցնում թուրքական սպառնալիքը (մաս 7)

Ռուսաստանն ինչո՞ւ պետք է համաձայնություն տար մի պատերազմի, որի արդյունքում Հարավային Կովկաս էր մխրճվելու իր գլխավոր հակառակորդը, եթե չասենք թշնամին՝ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի։

Այսպիսով՝ «Սպիտակ թուղթ»ը քողարկված հակառուսական քարոզչություն է անում, և, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրում երկիրը Ռուաստանից ավելի մեծ կախման մեջ գցելու համար։

Այսպես՝ «Սպիտակ թուղթը» ասում է, որ 1998-2008 շրջանում. «Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է դառնում, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, հայտնվում է ավելի թշնամական տարածաշրջանային միջավայրում եւ մեծանում է նրա կախվածությունը Ռուսաստանից»:

Ճիշտ հակառակը, անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան՝ ի դեմս վարչապետ Էրդողանի, նամակ գրեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկելով համագործակցություն սկսել, ևպատասխան ստացավ, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել առանց նախապայմանների։ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը Իրաքում, որին դեմ էր Ռուաստանը։ Ապա, 2006 թվին գործարկվեց Իրան-Հայաստան գազատարը՝ որպես այլընտրանք ռուսական գազին։ 

 

4-րդ հիվանդություն՝ «թշնամի թուրքի» կարծրատիպը

 

«Սպիտակ թուղթը»  ասում է. «Գործուն կերպով պայքարել «թշնամի թուրքի» կարծրատիպային կերպարների դեմ»։

Ինչպե՞ս պետք է պայքարեն այս «կարծրատիպի» դեմ, ցեղասպանություն վերապրած սերունդներին համոզեն, թե ձեր պապերին թուրքե՞րը չեն կոտորել, ձեր ունեցվածքը թուրքե՞րը չեն խլել, թուրքե՞րը չեն ապրում ձեր տներում, ձեր հայրենիքն ու մշակույթը թուրքե՞րը չեն բնաջնջել, Թուրքիա՞ն չի շրջափակել Հայաստանը, թուրքերի եղբայր ադրբեջանցինե՞րը 1918, 1920, 1988, 1991 թվերին ցեղասպանության չեն ենթարկել Բաքվի, Շուշիի, Նախիջևանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի հայերին։ «Սպիտակ թղթի» հեղինակները թուրքից ավելի թո՞ւրք են ներկայանում, որ վստահ են, թե «թշնամի թուրք»-ը կարծրատիպ է։ Լավ, իշխանությունն իրենք են, Լիպարիտյանը, ու ամեն օր Հանրայինով քարոզում են թուրքի դրական կերպարը, բայց ինչպե՞ս ե համոզելու հենց նոր Արցախից եկած 32 հազար փախստականներին, Հադրութի իր տունն ու հարազատին կորցրած հադրութցուն, Արցախում ամեն պահ ադրբբեջանցու նշանառության տակ երկյուղով ապրող հայրենակիցներին, որ թուրքը թշնամի չէ։ 

Սակայն տեսնենք, թե արդյո՞ք «Սպիտակ թուղթը» զերծ է այլ պատրանքներից։

 

«Սպիտակ թուղթը» առաջարկում է Հայաստանը դարձնել չեզոք երկիր։

«Հայաստանը կարող է եւ պետք է լրջորեն մտածի չեզոքության վրա հիմնված արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մշակման առավելությունների մասին, որոնք, սովորաբար, զարգացել են Վրաստանի ու Ադրբեջանի հետ որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսով՝ Հայաստանի եւ նրա հարեւանների անվտանգության՝ ենթադրյալ ու իրական սպառնալիքները կնվազեն: Ճիշտ հանգամանքների ներքո նման մոտեցումը կարող է նաեւ աջակցություն ստանալ տարածաշրջանի երեք հիմնական հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության կողմից»։ Եվ, իհարկե, չմոռանալով, որ ռուսական բազաները պետք է հանվեն Հայաստանից. «Չեզոքության հասնելու գործընթացը կպահանջեր ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դուրս բերել ռուսական ռազմաբազան»։

Եվ, որպես չեզոք երկրների օրինակ,  բերում է եվրոպական երկրները՝ Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ավստրիան և այլն։ Իսկ թե ինչպե՞ս պետք է պաշտպանվի Հայաստանի անվտանգությունը,  «Սպիտակ թուղթը» ասում է, որ եվրոպական չեզոք երկրների բանակները կպաշտպանեն. « Հատուկ բազմակողմ հարաբերություններ կարող են ստեղծվել անվտանգության ոլորտում՝ Եվրոպայի չեզոք պետությունների (Իռլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Ավստրիա) հետ»։

Նախ՝ Հայաստանի չեզոքություն նշանակում է հրաժարվել Արցախը պաշտպանելուց։

Բայց նաև մեծագույն ցնորք է Մերձավոր Արևելքը պատկերացնել որպես Եվրոպա՝ իր չեզոք պետություններով։ Մի տարածաշրջան,  ուր հակամարտությունները եռում են, անընդհատ ինչ-որ հրեշավոր խմբավորումներ  են ստեղծվում, ինչպիսին Իսլամական պետությունն է, որոնք «չեզոք» են փնտրում, որ ոչնչացնեն, ինչպես Սիրիայի քրիստոնյաներին ու Իրաքի եզդիներին ցեղասպանության ենթարկեցին։ Ի՞նչ էին արել նրանք, երևի աշխարհի ամենաչեզոք ժողովուրդներն էին, որ, անպաշտպան մնալով, սրի քաշվեցին։  Որտեղ Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու հովերով է տարված, իր սահմաններից դուրս «չեզոք» դաշտ է փնտրում, որ ներխուժի, ինչպես Սիրիա ներխուժեց ու հաստատեց այնտեղ արդեն իր կրթական սիստեմը՝ իր գրաված բնակավայրերում դպրոցներում Թուրքիայի պատմություն են անցնում։ Այս տարածաշրջանը երևակայել որպես խաղաղ ու համերաշխ Եվրոպա, Հայաստանն էլ՝ Շվեյցարիա կամ Ավստրիա, նաև պատկերացնել, թե այդ չեզոքությունը շվեդական զորքը պիտի գա, պաշտպանի,  երա՞զ է, ցնո՞րք, թե՞ թմրանյութ, վտանգների նկատմամբ Հայաստանի ժողովրդի  զգոնությունը թուլացնելու թմրանյութ։

Տարածաշրջանում չեզոքությունը կախված չէ որևէ պետության ցանկությունից, Հարավում Սիրիայի դիրքերը թուլանում են, ներխուժում է Թուրքիան, Արևմուտքում՝ Կիպրոսում, Հունաստանի դիրքերն են թուլանում, ներխուժում է Թուրքիան, նույնիսկ հեռավոր Լիբիա է ներխուժում։ Նույնն էլ Հարավային Կովկասում,  Ռուսաստանի ազդեցությունը վերացնելով՝ նրա տեղը գրավելու է Թուրքիան։ Եթե Լիպարիտյանը Այդաբիրյանն ու Փափազյանը շատ են ուզում Հայաստանը չեզոք լինի, ոչ թե Հայաստանին  պետք է համոզեն, այլ Թուրքիային, որ չներխուժի հարևան երկրներ։

Բայց «Սպիտակ թուղթ»-ի համար տարածաշրջանի թիվ մեկ պրոբլեմը Հայաստանն է,  Հայաստանին անվանում է տարածաշրջանի «խռովարար» և առաջարկում, որ «նա ոչ մեկին պատերազմ չի հայտարարում եւ չի վարում պատերազմի քաղաքականություն ոչ մեկի հետ»: Կարծես Հայաստանն է այս 30 տարիների ընթացքում պատերազմներ սկսել, պե՞տք է, արդյոք, հիշեցնել, որ արցախյան երկու պատրեազմում էլ նախահարձակ է եղել Ադրբեջանը։

Ընդհանրապես, «Սպիտակ թուղթը» եթե ընթերցի տարածաշրջանից գաղափար չունեցող մեկը, կեզրակացնի, թե  տարածաշրջանում պատերազմ հրահրողն ու անկայություն բերողը Հայաստանն է, նրա հարցերը լուծես, «չեզոքացնես», տարածաշրջանը Եվրոպա կդառնա։

Կրկին ցնորքներին անդրադառնանք։

«Սպիտակ թուղթ»-ի մյուսը հեղինակը Ռոբերտ Այդաբիրյանըcourrier.am-ին տված հարցազրույցում ասում է.«Իմ տեսլականը Հարավային Կովկասի պետությունների ֆեդերացիան է, շրջան, որտեղ կդադարենք միմյանց ծեծել, և որտեղ մենք կլինենք բավական խելամիտ, որ յուրաքանչյուրը՝ իր ընդունակություններից ու միջոցներից կախված, համագործակցի մյուսների հետ։ Մի հին բարեկամ ասաց ինձ, որ «այսօրվա ուտոպիաները վաղվա իրականությունն է»։ Ինչո՞ւ մի գեղեցիկ օր այսպիսի միությունը հնարավոր չէ» ։

Սա մի արևմտյան հայացք վերևից, որտեղից Հարավային Կովկասը երևում է որպես ինչ-որ վայրենի աշխարհ, որտեղ վայրենի ցեղերն իրար ծեծում են անհասկանալի պատճառով, հավանաբար՝ որսի մսի համար,  չկա զոհ ու դահիճ, չկա արդար կողմ, բոլորը նույն վայրենին են։ Նույնիսկ Հարավային Կովկասից անտեղյակ մեկը քարտեզին նայի, գլխի կընկնի, թե որ ժողովուրդն է կուչ եկել սարերում, և որոնք են նվաճողները։ Բայց նույնիսկ պարզ քարտեզն այդ գոռոզ դիրքում գտնվող անձին չի կարող համոզել, որ վայրենիների անհասկանալի կռիվ չէ այնտեղ։

Եթե գաղափարական բանավեճերը պետք է տարվեն «ցնորական», «անիրատեսական» բառապաշարով, ապա Այդաբիրյանի ասածը հենց այդ ցնորականն ու անիրատեսականն է։ Նա հռետորական հարց է տալիս ինչո՞ւ հնարավոր չէ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ֆեդերացիան։ Բայց այդ հարցը հռետորական չէ և ունի հստակ պատասխան՝ Եվրոպան կարողացավ ստեղծել Եվրամիություն առաջին հերթին այն պատճառով, որ Գերմանիան ճանաչեց իր կողմից իրականացված ցեղասպանությունը ու փոխհատուցեց  ու մինչև հիմա փոխհատուցում է զոհերի սերունդներին, իսկ այս տարածաշրջանում որևէ միություն հնարավոր չէ, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն ճանաչել իրենց կողմից իրականացված ցեղասպանությունները, ոչ միայն չեն ճանաչել։ Հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ զոհերը չեն «ներում» կամ «հաշտվում» նրանց հետ՝ Հայաստանի սպառողական հասարակության մի ահագին մասը պատրաստ է հանուն բաց սահմանների մոռացության տալ ցեղասպանությունն էլ, Արցախից էլ հրաժարվել, այլ որ թուրքական պետությունները կարող են կրկին ցեղասպանություն իրականացնել և իրականացնում են, որ նրանց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ձգտումն է թուրքական գերիշխանություն հաստատել ամբողջ տարածաշրջանում։ Այդաբիրյանը ծաղրո՞ւմ է, թե՞ լուրջ է ասում, որ Ադրբեջանը, Թուրքիային թողած, Հայաստանի հետ պետք է ֆեդերացիա ստեղծի, թե՞ այդ ֆեդերացիայում Թուրքիան էլ է պատկերացնում։ Բայց, կարծես, այդ մասին չի խոսել։ Բայց եթե Այդաբիրյանը հավատում է, որ ուտոպիաները իրականություն են դառնում, ապա ինչո՞ւ ավելի լայն ուտոպիաներ չշարադրել՝ Աշխարհը մի մեծ ֆեդերացիա՝ առանց սահմանների ու հակամարտությունների, թե՞ ուտոպիան միայն հայերի վրա պետք է աշխատեցնել, իսկ չստացվելու դեպքում էլի մեղադրել հայերին՝ տե՛ս, մի հայ դեռ հիշում է 1915 թիվը ու թույլ չի տալիս՝ ֆեդերացիան իրականանա։

Այդաբիրյանի ուտոպիային հակադրենք մեկ այլ ուտոպիա, որ մի օր Ադրբեջանն  ու Թուրքիան դադարեն հակահայ քաղաքականություն վարել, հայերին բնաջնջելու ծրագրեր մշակել և ընդունեն Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ինքնորոշվելու իրավունքը ու ճանաչեն իրենց կողմից կատարված ցեղասպանությունները։ Ի՞նչ կասի նրա հին ընկերը այս ուտոպիայի մասին, այսօրվա այս ուտոպիան վաղվա իրականությո՞ւնն է, թե՞ ոչ։

Շարունակելի

Վահան Իշխանյան

Մաս 1՝ այստեղ

Մաս 2՝ այստեղ

Մաս 3՝ այստեղ

Մաս 4՝ այստեղ

Մաս 5՝ այստեղ

Մաս 6՝ այստեղ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica