close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի ընտրազանգվածն ուզում է ոչ թե մարդու իրավունքներ, այլ Ղուրանի կուրսեր դպրոցներում․ Հակոբ Չաքրյան

Աշխարհ

12 Հունվարի 2022, 17:53
 Էրդողանի ընտրազանգվածն ուզում է ոչ թե մարդու իրավունքներ, այլ Ղուրանի կուրսեր դպրոցներում․ Հակոբ Չաքրյան

Էրդողանի ընտրազանգվածի միջուկը կազմում են ոչ բարձր կրթությամբ քաղաքացիներ, այս պատճառով էլ այսքան տարի կառավարում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ խոսելով Թուրքիայում առաջիկա հնարավոր արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր փոփոխության մասին 20 տարվա կառավարումից հետո։ Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ընտրություններ կանցկացվեն 2023 թ-ին։ Հիմնական ընդդիմադիր ուժի թեկնածուն կլինի Քեմալ Քըլըչդարօղլուն։

Հակոբ Չաքրյանը կարծում է՝ եթե Էրդողանը մասնակցի ընտրություններին, հնարավոր է կարողանա պահել իշխանությունը, քանի որ նրա ընտրազանգվածն ուզում է որ թե  դեմոկրատիա, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն և այլն, այլ ուզում է գլխաշորով կարողանալ ուսուցչուհի աշխատել, հասարակական կազմակերպություններում, պետական սեկտորում աշխատել՝ Էրդողանը տալիս է այդ հնարավորությունը։

«Նրանք ուզում են Ղուրանի կուրսեր մտցնել դպրոցական ծրագիր՝ մտցրել են, Մուհամեդ մարգարեի կյանքն ու գործունեությունը՝ էդ էլ են մտցրել որպես պարտադիր առարկա։ Էրդողանը քանի որ այդ տալիս է, Թուրքիայի բնակչությունն էլ բավարարվում է․ մի մտածեք, թե Թուրքիան առաջվանը չէ՝ քաղաքակիրթ է, ամենևին էլ շատ քաղաքակիրթ չէ։ Հետևաբար, այս միջուկը պահպանվում է»,-ասաց թուրքագետը։

Նա արձանագրեց, որ հիմա ահավոր վիճակ է Թուրքիայում՝ լիրայի արժեզրկումը աշխարհում առաջին տեղն է, թեև ամբողջ աշխարհում ազգային արժույթը դոլարի հանդեպ անկում ապրում է, բայց թուրքական լիրան ավելի շատ է անկում ապրել, քան անգամ Աֆղանստանի արժույթը։ Էրդողանն էլ բոլորովին չի ուզում հեռանալ։

Հակոբ Չաքրյանի համար զարմանալի է, որ Հանրապետական Ժողովրդական Կուսակցության ձայներն էլ  չեն ավելանում՝ 25 տոկոսի սահմաններում են։

«Գուցե Էրդողանի կուսակցությունը հաղթի, եթե ինքը գնա ընտրություների․ կարող է ահաբեկչական պայթյուններ, բաներ կազմակերպել, մի քանի անգամ արել է՝ Անկարայի կայարանի մոտակայքում հարյուր հազարից ավելի մարդ մեռավ․․․ մի խոսքով, ամեն ինչ անելու է, որ չհեռանա իշխանությունից, որովհետև մինչև կոկորդը թաղված է կոռուպցիայի մեջ, ընտանիքն ու շրջապատը նույնպես»,-ասաց Հակոբ Չաքրյանը։

Նա կարծում է, Էրդողանը, հենվելով իր ընտրազանգվածի վրա, կարող է ընդդիմությանը սսկեցնել և մնալ իշխանության։ Թեև թուրքագետն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցությունը Միջերկրականի և Էգեյան ծովի առափնյա քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Թրակիայում պարտվեց։ Մինչդեռ հաղթում է երկրի կենտրոնական և արևելյան շրջաներում, իսկ հարավարևելյան շրջանները քրդաբնակ են, այդ պատճառով այնտեղ ձայն շատ չի հավաքում։

Ղազախստանի դեպքերին, թուրքագետը ենթադրում է, որ Թուրքիան մասնակցություն ունի, բայց մամուլը չի լուսաբանում։

«Որովհետև կմեղադրեն որպես Ֆեթուլլահ Գյուլեն ահաբեկչական կառույցի անդամ, կբռնեն՝ կբանտարկեն առանց դատի-դատաստանի։ Վախեցրել են բոլորին։ 28 լրագրող գրել էին, որ վառելանյութի գները բարձրացել են՝ բոլորին բռնել-ձերբակալել էին, պիտի գրեին գների վերանայում է տեղի ունեցել, ոչ թե գնաճ»,-ասաց Չաքրյանը։

Այսուհանդերձ, նա նկատում է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ, Չավուշօղուն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակի հյուրանոցներից մեկում հանդիպել էր մաֆիայի ղազախ պարագլուխ Արման Դիկիի հետ, որի լուսանկարը կա․ ասում է՝ եթե Թուրքիան ներգրավված չլիներ՝ ինչ գործ ուներ Չավուշօղլուն մաֆիայի ղազախ պարագլխի հետ։ Իսկ մաֆիայի մեկ այլ պարագլխի, որը  կալանված էր, Թուրքիայի ՆԳՆ-ն տարել էր օդանավակայան, այնտեղից ճամփու դրել, նույնիսկ թիկնապահ էր տվել՝ հավանաբար Էրդողանի հետ համագործակցելու համար։

Նշենք, որ հաջորդ ընտրություններում հիմնական մրցակցությունը ակնկալվում է 2 բլոկների միջև՝ իշխանական «Ժողովուրդ», որի կազմում են Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունն» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը և ընդդիմադիր «Ազգ»՝ միավորում է քեմալական ՀԺԿ-ն, ազգայնական «Լավ» և այլ կուսակցություններ։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica