close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասկածելի մահերը Նիկոլ Փաշինյանի օրոք

Հասարակություն

12 Հունվարի 2022, 14:50
 Կասկածելի մահերը Նիկոլ Փաշինյանի օրոք

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարելի է բնորոշել որպես մահաբեր․ այդպես է համարվում, որովհետև իր իշխանության օրոք հազարավոր մարդիկ մահացան։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև 5 հազար մարդ մահացավ Նիկոլ Փաշինյանի սադրած կամ պլանավորած պատերազմում։ Ընդ որում, կորուստները միայն պատերազմի դաշտում չէին։ Օրինակ՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անող գերիների ծնողները հայտարարեցին, որ երկու գերու ծնող այս ընթացքում մահացել է՝ որդուն սպասելու ապրումներից։ Օրերս հրապարակվեց, թե ինչպես 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո երիտասարդի հայրն ու մայրը անկողին են ընկնում և երկուսն էլ մահացան՝ օրերի փոքր տարբերությամբ։

Շուրջ 10 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից, որին Հայաստանի իշխանությունը սկզբից լուրջ չէր վերաբերվել, այդպիսով՝ չափազանց վատ էր պատրաստվել։ Հիշում ենք՝ հանրահավաքներ էին անում ՍԴ կազմը փոխելու համար, հայտարարում էին, թե դա գրիպի պես ստից վիրուս է և այլն։

Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այսպիսի մասսայական մահերով է հայտնի, այլև՝ կոնկրետ հայտնի գործիչների անհասկանալի մահերով, տարօրինակ կերպով, հիմնականում՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի։ Ուժային ոլորտի ինֆորմացիա կրող անձանց մահերով է առանձնանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Իսկ այժմ, առանց ենթատեքստ փնտրելու, արձանագրենք, թե ովքեր մահացան Նիկոլ Փաշինյանի օրոք։

Գրիգորի Հայրապետով

Մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին։ 55-ամյա Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետն էր։ Հայրապետովը միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտնի «վերելակային դիվանագիտության», որը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ Դուշանբեում։ Իլհամ Ալիևը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը խնդրել է իրենից սահմանին չկրակել, մինչև ինքը երկրի ներսում դիրքերն ամրապնդի, այսպես ասած՝ ընդդիմության հարցերը լուծի։

Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության պետ էր նշանակվել 2018թ․ հունիսի 11-ին, ազատվել՝ 2019թ․ հոկտեմբերի 15-ին։ Ուշագրավ է, որ Գրիգորի Հայրապետովին Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքից հեռացնել գեներալի կոչում շնորհելուց ամիսներ անց։

Գրիգորի Հայրապետովի մահը, պաշտոնական վարկածով, վրա է հասել սրտի կաթվածից։

Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)

Հրաչյա Հարությունյանը ևս եղել է ՊՊԾ պետ, 2018 թվականի հեղափոխությունից երկու ամիս անց պաշտոնաթող եղավ։ Նրան փոխարինեց Գրիգորի Հայրապետովը։

Հրաչյա Հարությունյանը մահացավ 2021թ․ ապրիլի 15-ին։ Նրա և Գրիգորի Հայրապետովի մահվան պաշտոնական պատճառները նույն ձևակերպումն ունեն՝ հանկարծամահ՝ սրտի կաթված։

Գեորգի Կուտոյան

2020 թվականի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Պատճառը հայտնի չէ։ Բայց Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի՝ մեր հայրենիքի համար, ճակատագրական իրադարաձությունները։

Աշոտ Կարապետյան

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը պաշտոնանկ արվեց 2016թ.ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդած հայտնի բախումներից հետո, 2018 թվականի իրադարձություններից հետո բնակվում էր ՌԴ-ում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը՝ մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյուն։

Հայկ Հարությունյան

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Գործը հետագայում կարճվեց։

Գուրգեն Եղիազարյան

2020թ․ հոկտեմբերի 28-ին, 44 օրյա պատերազմի ընթացքում, մահանում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյաը։ Եղիազարյանը մշտապես հանդես էր գալիս այս իշխանություններին բացառիկ կոշտ քննադատությամբ։ Ասում են՝ կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ վախենալով, որ իրեն կսպանեն։

Մանվել Գրիգորյան

2020թ․ նոյեմբերի 19-ին բանտում զարգացած և ավելացած հիվանդությունների արդյունքում կնքեց մահկանացուն Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ, նախկինում Պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Հիշենք, թե ինչպես հեղափոխությունից հետո բեմադրվեց «տուշոնկա շոուն», որի արդյունքում նսեմացվեց և բանտում հայտնվեց նախկին ՊՆ փոխնախարարը, որը հայտնի էր նաև նրանով, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, պետք է որ անցած լինել Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ Բանտում գտնվելու ժամանակ իսկ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Գրիգորյանին բաց չեն թողնելու, քանի որ նպատակը նրան սպանելն է բանտում, որպես 2008-ի չստացված հեղափոխության մեղավորի։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կասկածելիորեն մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։ Փաստացի, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ,  2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ։ 

Աղբյուրը՝ Yerevan.Today

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica