close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ որևէ անձ որոշում է, թե գործով ով պետք է լինի դատավոր՝ սուբյեկտիվ միջամտությունն ակնհայտ է և ունենք հետընթաց․ Արսեն Սարդարյան

Իրավունք

10 Հունվարի 2022, 22:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ որևէ անձ որոշում է, թե գործով ով պետք է լինի դատավոր՝ սուբյեկտիվ միջամտությունն ակնհայտ է և ունենք հետընթաց․ Արսեն Սարդարյան

Դեռ հուլիսից ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը, զուգահեռաբար տանելով նաև այն ընդհանուր սերվերը, որը Երևանի բոլոր դատարանների գործերը պատահականության սկզբունքով մակագրում էր այս կամ այն դատավորին։ Առայսօր առաջին ատյանից մինչև Վերաքննիչ ու Սնանկության ատյաններ, բոլոր դատարաններում շարունակում են գործերը մակագրվել ձեռքով՝ առանց համակարգչային ընտրության։

Այս երևույթը խիստ բացասական է, որովհետև մենք համարում էինք առաջադեմ քայլ, որ գործերի բաշխումը իրականացվում էր համակարգչի միջոցով, այսինքն, սուբյեկտիվ գործոնը հասցված էր զրոյի՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց նախկին դատավոր, փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Ոչ միայն ԲԴԽ որոշումն է դա սահմանում, այլև այդ պահանջը, որ դատավորի ընտրությունը լինի օբյեկտիվ գործընթացում, բխում է ավելի բարձր պահանջներից՝ Վենետիկի հանձնաժողովն է դրա մասին խոսում, Եվրոպական դատարանն է իր նախադեպային որոշումներում խոսում, որ պետք է դատարանը լինի օրենքի հիման վրա ստեղծված օբյեկտիվ դատարան և իր նախադեպերում բացում է՝ երբ կարող է այդպիսին լինել։ Երբ որ որևէ անձ որոշում է, թե գործով ով պետք է լինի դատավոր, այստեղ արդեն սուբյեկտիվ միջամտությունն ակնհայտ է և իրավական առումով այստեղ ունենք նահանջ՝ հետընթաց»,-ասաց նախկին դատավորը։

Արսեն Սարդարյանը նկատեց, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ մակագրող անձը՝ դատարանի նախագահը, օբյեկտիվ է աշխատում, դա ենթադրության վրա է, այնինչ համակարգչի դեպքում կար որոշակի վստահություն։

«Նույնիսկ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է այդ գործընթացին միջամտելը, այսինքն, ոչ օբյեկտիվ մակագրությունը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է։ Դրա համար եկեք այսօր մարդկանց միանգամից չմեղադրենք նման արարքի մեջ, առավել ևս, որ փաստեր չունենք։  Իրականում այնտեղ չարաշահումներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ՝ ես նման տվյալ չունեմ։ Բայց ամեն դեպքում միանշանակ է, որ այստեղ կա վտանգ․ քանի այդ համակարգը վերականգնված չէ՝ օբյեկտիվորեն այդ ռիսկը կա, և այդ ռիսկը ստվերում է արդարադատության ամբողջ գործընթացը, որովհետև առնվազն հասարակության ընկալմամբ կասկածելի է դառում դատավորի ընտրության այդ գործընթացը, թե որ գործը որ դատավորը կամ որ դատական կազմը պետք է լսի»,-ասաց Արսեն Սարդարյանը։

Նա չի շտապում եզրակացություն անել՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորվա՞ծ էր այդ նահանջը իրավունքից, թե՞ ուղղակի ինչ-որ հանգամանքներ օգտագործելով այդ համակարգը վերցրեցին, որպեսզի կարողանան իրենց համար հաճելի մակագրություններ անել ինչ-որ անձինք, բայց ասում է՝ առնվազն նման տպավորություն կարող է ստեղծվել։

Առգրավման գործնթացները քրեաիրավական գործընթացաներում են կատարվել, նշեց Արսեն Սարդարյանը, այսինքն, այստեղ կարող ենք Գլխավոր դատախազի կամ Քննչական կոմիտեի գործողությունների արդյունքում տեսնել այդ առգրավումը և այնքան էլ օբյեկտիվ չի լինի միայն Արդարադատության նախարարին վերագրել այս հարցը։

«Եթե նույնիսկ Դատախազությունը և Քննչական կոմիտեն այդ առգրավման որոշումը կայացնելիս՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված են դա արել, այդ դեպքում մեր պետությունը պետք է կարողանար միջոցներ հատկացնել փոխարինող սարք առնելու և սարքը տեղադրելու ճանապարով այդ խնդիրը լուծել։ Այսինքն, պե՞տք է այս սարքը քրեական գործի համար, քրեական գործի համար կարևո՞ր է, բնականաբար, դա նույնպես կարևոր շահ է, որը չենք կարող անտեսել, բայց ես չեմ կարծում, որ պետական բյուջեի համար բարդ է, թող այդ համակարգիչը, օրինակ, արժենա 1000 դոլար, հնարավոր է՝ 50 000 դոլար, ամեն դեպքում դա չի կարող այնպիսի գումար արժենալ, որ մենք ամիսներով մնանք ձեռագիր մակագրության վրա և իրավունքի լուրջ հետընթաց, նահանջ ապրենք»,-ասաց Արսեն Սարդարյանը։

Նա համարում է, որ քաղաքական ենթատեքստի մասին պետք է խոսեն քաղաքական գործիչները, իսկ ինքը, մնալով իրավաբան, փորձում է զերծ մնալ նման գնահատականներից՝ իրավական տիրույթում է մոտենում և իրավական խնդիրներն է արձանագրում։

Այսուհանդերձ, դիտելով զարգացումների ընդանուր շղթայի մեջ, չի բացառում, որ այս քայլը կապված լինի դատարանների շրջափակման, դատավորներին քաղաքական իշխանության կողմից պիտակավորելու, դատարանները կախյալ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունների հետ։

«Ընդհանուր առմամբ, իհարկե, դատարանները շրջափակելը միանշանակ բացասական երևույթ էր, հեղինակազրկող էր թե՛ այն քաղաքական իշխանությանը, որը դա նախաձեռնեց, թե՛ մեր հասարակության պատկերի միջազգային հեղինակության առումով, այսինքն, դա շատ բացասական, սխալ քայլ էր և չեմ բացառում, որ այդ սխալ քայլը կարող է և ցույց տալ, որ շղթայական կապի մեջ են այդ քայլերը։ Գուցե»,-ասաց Արսեն Սարդարյանը։

Մի խումբ դատավորներ հայտարարությամբ են հանդես եկել, որով արձանագրում են, որ  Արդարադատության նախարարը չարաշահում է կարգապահական վարույթներ հարուցելու իր լիազորությունը։ Արսեն Սարդարյանի ուշադրությունը գրավել է վիճակագրությունը, որ 2019, 20, 21 թվականներին ամեն տարի կրկնապատկվել է կարգապահական վարույթների թիվը, իսկ 2019-ի համեմատ 2021-ին՝ հնգապատկվել։

«Հենց այն դատավորները, ովքեր հայտարարութամբ հանդես եկան, նրանք իրավաբանների համայնքում  այսօր ամենաբարձր հեղինակություն վայելող դատավորներն են։ Հետաքրքիր է, որ այդ՝ ամենահեղինակավոր դատավորներից ոչ մեկը բացառություն չի կազմել և բոլորը ստորագրել են իրենց անհամաձայնությունը, իրենց մտավախությունները այս գործընթացի հետ կապված»,-ասաց նախկին դատավորը։

Նա, միանշանակ համոզված լինելով այդ դատավորների բացաձակ բարեխղճության հարցում, քանի որ նրանց գործունեությանը շատ վաղուց ծանոթ է և համոզմունք է ձևավորվել, որ նրանք իրոք մարդու իրավունքներով, մարդու շահերով, Եվրոպական կոնվենցիայով, Սահմանադրությամբ և օրենքով ղեկավարվող բարեխիղճ դատավորներ են, այսուհանդերձ, Արսեն Սարդարյանը միանշանակ չի ընդունել նրանց հայտարարությունը։

«Երբ պետությունը՝ հանձինս Արդարադատության նախարարության, փորձում է դատական իշխանությունում որոշակի ներգործություն ունենալ, այս ներգործության երևույթը ինքնին սկսում է դժգոհություն առաջացնել այն դատավորի մոտ,  որն աշխատել  է բարեխիղճ, որը տարիներ շարունակ, ճնշման տարբեր փորձերին հակառակ, փորձել է պաշտպանել անձի իրավունքները և օրենքը։ Բայց պատկերն ընդհանուր նայելով՝ այսօր թե՛ դատական համակարգում, թե՛ փաստաբանների համայնքում ունենք որակի լուրջ խնդիր»,-ասաց նա։

Արսեն Սարդարյանը խոսեց նաև Դատական օրենսգիրք և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում փոփոխությունների նախագծի մասին, որով լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում ՍԴ, ԲԴԽ անդամներին կամ դատավորներին ազատելու պաշտոնից, եթե միջազգային դատարանը որոշի, որ նրանք սխալ վճիռը միտումնավոր են կայացրել։

Ամբողջական հարցազրույցը՝  տեսանյութով․

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica