close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերիները որևէ կերպ չեն խոչընդոտում քննությանը, նրանց անազատության մեջ պահելու հիմքեր գոյություն չունեն․ Սիրանուշ Սահակյան

Հասարակություն

5 Հունվարի 2022, 17:44
 Գերիները որևէ կերպ չեն խոչընդոտում քննությանը, նրանց անազատության մեջ պահելու հիմքեր գոյություն չունեն․ Սիրանուշ Սահակյան

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերի ընկած, ապա վերադարձված 5 հայ զինծառայողներ այժմ կալանքի տակ են Արմավիր ՔԿՀ-ում։ Նրանցից մեկի՝ թշնամու հրազենից վիրավորված Արեն Արամյանի, առողջական վիճակը, մասնագետների գնահատմամբ, անհամատեղելի է կալանքի հետ։

Այս մարդկանց կալանավորելու իրավական հիմքերն ընդհանրապես բացակայում են՝ Yerkir.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Բանն այն է, որ կալանքը չի կարելի օգտագործել որպես պատժելու միջոց նախաքննության ու դատավարության ընթացքում, այն կանխարգելիչ միջոց է, որպեսզի տվյալ անձը չխոչընդոտի արդար դատաքննությանը։

Վերադարձված հայ գերիները նախաքննությանն ու դատաքննությանը խոչընդոտելու որևէ հնարավորություն չունեն, ավելին, չեն ուզում և չեն էլ կարող փախչել արտասահման՝ համոզված է իրավապաշտպանը։

«Արարքների որակումներին չեմ անդրադառնում՝ այստեղ շատ խնդրահարույց և արատավոր երևույթներ կան, բայց անգամ եթե հիմնավոր է այն կասկածը, որ նրանք կատարել են զինվորական հանցագործություններ, միևնույն է՝ նրանց անազատության մեջ պահելու հիմքեր գոյություն չունեն, որովհետև նախ՝ այս անձինք որևէ կերպ չեն խոչընդոտում քննությանը, ի սկզբանե այլ երկիր փախչելու մտադրություններ չունեն, եթե նման մտադրություններ ունենային, ապա կենթարկվեին Բաքվի հորդորներին և կմեկնեին երրորդ երկրներ։ Նրանք նաև խոցելի ընտանիքներից են, խոցելի առողջական վիճակում և իրատեսական չէ մտածել, որ նրանք կազդեն քննության արդյունքների վրա»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ամեն պարագայում, նա ընդգծում է, որ այս գործերի քննությունն ամբողջովին վերահսկվում է  քաղաքական դերակատարների կողմից։

«Մենք նաև տեսանք քաղաքական հայտարարություն և քաղաքական պատվեր՝ այս անձանց ենթարկելու քրեական հետապնդումների։ Եվ չեմ կարծում, որ նման պատվերի գոյության պարագայում որևէ վարույթ իրականացնող մարմին կամ վկաներ կենթարկվեն այդ գերիների ճնշումներին։ Դրա համար նաև գոյություն չունեն նրանց անազատության մեջ պահելու փաստական իրավական հիմքեր»,-վստահեցրեց իրավագետը։

Նա համոզված է, որ այս պայմաններում մենք պետության հանրային ռեսուսները վատնում ենք․ մեր երկրում այլ պետության հատուկ ծառայությունների կողմից ծրագրավորվում  և պլանավորվում են պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք ուղղակի մնում են չքննված, փոխարենը քննչական մարմինների ռեսուրսը վատնվում, զրոյացվում է գերիների նմանօրինակ կալանքների վրա։

Առողջական վատ վիճակում գտնվող Արեն Արամյանին կալանավորելը, հատկապես, կարող է դիտվել որպես խոշտանգում և կոնվենցիոնալ իրավունքների խախտում։

Սիրանուշ Սահակյանը հիմնավորում է, որ նախ՝ կալանքը ունի որոշակի ռեժիմ և այն պետք է համատեղելի լինի անձի առողջական վիճակի հետ։

«Եվրոպական դատարանն էլ ունի ստանդարտներ, որ երբ մարդու առողջական վիճակի պատճառով անհամադրելի ցավ և տառապանք է անձը ապրում, քան բնականոն առողջ անձը կապրեր կալանավորման ռեժիմում, սա ևս դիտարկվում է որպես անմարդկային վերաբերմունք, ինտենսիվության աստիճանից կախված՝ նաև խոշտանգում, և դա խախտում է կոնվենցիոնալ դրույթները։ Կոնկրետ այս գործի փաստական հանգամանքներին մենք ծանոթ չենք, որովհետև մեր վստահորդը չէ, բայց որպես ընդհանուր մոտեցում կարող ենք ասել, որ առողջական խնդիրներ ունեցող անձին անազատության մեջ պահելը անհամադրելի պայմաններում խախտում է նաև կոնվենցիոնալ բազմաթիվ հոդվածներ»,-ասաց նա։

Պետք է նաև հաշվի առնել, որ գերիները ազատությունից զրկված և դատավարության տակ են եղել Ադրբեջանում, մի կերպ ազատվել են այդ վիճակից, և վերադառնալով՝ հայրենիքում արդեն ազատազրկվելն ու դատվելը կարող է հոգեկան ծանր տառապանքներ պատճառել նրանց։  

«Բնականաբար, թե՛ քրեադատավարական և թե՛ քրեաիրավական կարևորագույն սկզբունք է համարվում հումանիզմը։ Ցանկացած հարց քննելիս և լուծելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել հումանիտար նկատառումները։ Իրավական, փաստական հիմքեր ունենալուց զատ պետք է հումանիզմ դրսևորվի արդարադատության առջև կանգնած անձանց նկատմամբ․ դա մեր օրենսդրության կարևորագույն սկզբունքներից մեկն է»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Եվ ի վերջո, գերիներին հայրենիքում ազատությունից անհիմն զրկելը շահարկումների առիթ է դառնում  Ադրբեջանում։

«Ցավոք, մենք նշել էինք, որ դա շահարկվելու է և միջպետական գործընթացներում վնասելու է ՀՀ քաղաքացիների շահերը։ Տեսանք փաստացիորեն, թե ինչպես Ադրբեջանը ՀՀ իշխանություններին մեղադրեց գերիներին խոշտանգելու համար, և ունեցանք մի իրականություն, երբ խոշտանգված գերիները վերադառնում են, բայց միջազգայնորեն ձևավորվում է պատկեր, որ նրանց լավ են վերաբերվել Ադրբեջանում, բայց խոշտանգում են Հայաստանում»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սա ահազանգի թեմա է նաև այլ տեսանկյունից․ քանի որ գերիները տվել են ցուցմունքներ Ադրբեջանում պահման պայմանների, վատ վերաբերմունքի, խոշտանգումների վերաբերյալ, ապա Ադրբեջանը այս հայտարարությունների միջոցով փորձելու է կասկածի տակ դնել հայ ռազմագերիների ցուցմունքները միջազգային գործընթացում։

Աննա Բալյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica