close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի սրանք կան, մեր հիասթափությունները կլինեն շարունակական

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2021, 19:51
 Քանի սրանք կան, մեր հիասթափությունները կլինեն շարունակական

44-օրյա պատերազմի, Արցախում ՀՅԴ դերակատարության, Արցախի ներքաղաքական իրավիճակի և հետագա զարգացումների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ:

— 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի է անցել: Վերլուծելով այն ժամանակվա իրավիճակը` կարո՞ղ ենք ասել, որ պատերազմն անխուսափելի էր:

— Պատերազմից հնարավոր էր խուսափել: Այն անխուսափելի են դարձրել ՀՀ իշխանությունները, որոնք իշխանափոխությունից հետո ամեն ինչ արեցին օր առաջ պատերազմը մոտեցնելու համար: Խոսքը վերաբերում է թե ներքին և թե արտաքին քաղաքականությանը: Պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը փաստորեն մենակ էր մնացել՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, հարևան Իրանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքով: Հիշենք Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ մի օր հայ-իրանական սահմանը կարող է փակվել: Այսպիոսվ, ռազմավարական իմաստով մեր բոլոր դաշնակիցները, կամ այն պետությունները, որոնք տարածաշրջանում ունեն նույն շահերը, Հայաստանի իշխանության ապիկար քաղաքականության հետևանքով չեզոքացվել էին:

Ինչ վերաբերում է ներքին ճակատին, իշխանափոխության առաջին օրից շարժիչ ուժ դարձած ատելությունը շարունակվեց նաև հետագա տարիներին: Հասարակությունը բաժանեցին «սևերի և սպիտակների», «նախկինների ու ներկաների», սկսվեց «վհուկների որս» և, որպես հետևանք, ազգը պառակտվեց: Մենք հաղթանակի ենք հասել մեր ազգի միասնական ներուժն օգտագործելով: Նույն իրավիճակն ստեղծվել էր բանակի ներսում. «կոռումպացված գեներալներ», «զինվորի բաժին յուրացնողներ» պիտակավորումներով փաստորեն գլխատվել է բանակը:  

Այսպիոսվ, պատերազմի նախօրյակին, 2.5-3 տարվա ընթացքում այս հասարակությունն առավելագույնս պառակտվել է: Դժվար է ասել` դա գիտակցաբար վարվող քաղաքականությո՞ւն է, թե՞ պարզապես ապաշնորհության հետևանք: Անմեղության կանխավարկածը հարգելով հանդերձ, պետք է արձանագրել ՀՀ իշխանությունների հետևյալ քայլերը՝ ազգի պառակտում, եկեղեցու, ազգային կուսակցությունների, ազգային մտածելակերպի նկատմամբ հալածանք: Այս քաղաքականությունը գիտակցված դավադրություն է հիշեցնում:

Վերջին հաշվով, փաստերը վկայում են, որ պատերազմից կարելի էր խուսափել երկիրը միասնական պահելու, բանակը զորացնելու, հավասարակշռված արտաքին ու ներքին քաղաքականություն վարելու դեպքում:

-Պատերազմի օրերին ԱԺ պատգամավորներն ամենօրյա ռեժիմով կատարվող իրադարձությունների մասին հաղորդումներ էին ստանում ԱՀ նախագահից: Այդ օրերին ձեռնարկված միջոցառումները համարժե՞ք էին տիրող իրավիճակին:

-Ոչ, համարժեք չէին տիրող իրավիճակին: Թեկուզ այն փաստը, որ պատերազմի հենց առաջին օրը պետք է ստեղծվեր պարետատուն, որը գործի դրվեց պատերազմից միայն 20 օր հետո: ԱՀ նախագահը ժամանակ առ ժամանակ այցելում էր Ազգային ժողով և տեղեկություններ հաղորդում, սակայն շատ դեպքերում դրանք իրականությանը չէին համապատասխանում: Մենք ռազմաճակատից ուղղակի ստացված տեղեկություններ ունեինք, տեսնում էինք, որ իրավիճակն օր օրի վատթարանում էր: Նաև պետք է հիշեցնել, որ պատերազմի օրերին ՀՀ կառավարության «միսիոներները» ԱՀ նախագահի մոտ կարծես հերթապահություն էին սահմանել և, փաստորեն, սահմանափակել «Նիկոլի գծից շեղման» հնարավորությունը:

Մենք մի քանի անգամ փորձեցինք խորհրդարանական հարթակն օգտագործելով հանդիպել ՀՀ ղեկավարության հետ: Այդ ընթացքում պարզվեց, որ Արցախի իշխանությունները, հատկապես գործադիր իշխանության մասով, լայն լիազորություններ չունեն: Բայց այդ փորձերը հաջողություն չունեցան:

-Արցախյան առաջին պատերազմում ՀՅԴ-ն առանցքային դերակատություն ուներ Արցախում և Հայաստանում, իսկ վերջին պատերազմի ժամանակ ընդդիմության կարգավիճակում էր: Որպես առաջին պատերազմի հաղթանակին նպաստած կուսակցություն` այս անգամ ինչպե՞ս է օգտագործվել ՀՅԴ-ի ներուժը:

Ոչ միայն ՀՅԴ-ի, այլև ողջ հայ ազգի ներուժը համապատասխան ձևով չի օգտագործվել: Դրան նպաստել են նաև իմ հիշատակած բաժանարար գծերը, որ վերջին երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներդրել էր: Բայց, չնայած դրան, ի տարբերություն իշխանությունների, հայությունն ինչքան հնարավոր էր` համախմբվել էր:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա նրա գործունեությունը պատերազմի օրերին կարելի է բաժանել երկու մասի՝ ռազմական ու քաղաքական: Հասկանալի է, որ Արցախի կառույցը Պաշտպանության բանակից առանձին չի գործել, և մեր ընկերները ՊԲ-ի շարքերում և նրա կողքին կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: 44-օրյա պատերազմի օրերին Արցախի կառույցից 5 կուսակցական ու մեկ տասնյակից ավելի համակիր ընկերներ են նահատակվել: Իսկ ՀՅԴ Հայաստանի կառույցը «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության միջոցով վաշտեր է մարզել և ուղարկել ռազմաճակատ: 500 հոգուց բաղկացած այդ գումարտակը կատաղի մարտեր է մղել Արցախի հյուսիսային հատվածներում, հետ մղել թշնամու հարձակումները, հակահարձակման շնորհիվ ազատագրել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող բարձունք: Ցավոք, կամավորական գումարտակը ևս ծանր կորուստներ ունեցավ:

Քաղաքական առումով, ՀՅԴ-ն Հայ Դատի գրասենյակների և երիտասարդական միությունների միջոցով իրազեկման ակցիաներ, ցույցեր է կազմակերպել Սփյուռքում՝ նպատակ ունենալով ի ցույց դնել ագրեսոր կողմի գործողությունները: Դրան զուգահեռ, Դաշնակցության ուղեկից գրասենյակները հարյուրավոր նամակներ են հղել միջազգային տարբեր շրջանակների՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և միջազգային հանրության մոտ պարզաբանելով Ադրբեջանի ոճրագործությունները:

Կարելի է ասել, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ 44-օրյա պատերազմի օրերին ՀՅԴ-ն իր ամբողջ ներուժն է զորաշարժի ենթարկել: Սակայն ելակետային պայմաններն անբավարար էին, և ՀՅԴ-ն պետական մակարդակով որոշումների կայացմանը չէր մասնակցում:

-Դուք Ձեր հարցազրույցներում նշել եք, որ իշխանությունները սոցիալական անեսթեզիայի տակ են պահում ժողովրդին: Սոցիալական ծրագրերը առաջնային չե՞ք համարում:

-Սոցիալական ծրագրերը միշտ էլ կարևոր են, մանավանդ` հետպատերազմյան շրջանում, երբ երկրում հումանիտար աղետ է տիրում: Սակայն առաջնային այլ մարտահրավերներ են կանգնած Արցախի առաջ: Ամենաառաջինն անվտանգությունն է, երկրորդը՝ կարգավիճակի հարցը: Արցախի Պաշտպանության բանակը և ռուս խաղաղապահներն այսօր ապահովում են մեր անվտանգությունը: Մենք պետք է կարողանանք կարճ ժամկետում վերականգնել Պաշտպանության բանակը: Մեր խորին համոզմամբ, Արցախի զինված ուժերն են, որ կարող են և պետք է իրական անվտանգություն ապահովեն, սակայն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում:

Իհարկե, կարևոր է բռնի տեղահանվածների և պատերազմից տուժած մյուս քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը, բայց պետական համակարգի ողջ ներուժը կենտրոնացնել դրա վրա` չվարելով արտաքին քաղաքականություն, հոգ չտանելով անվտանգության մասին, հեռանկարային չէ:

-Ինչպե՞ս է հնարավոր Արցախը ու Հայաստանը նորից վերածել տարածաշրջանային գործոնի:

-Մեզ միասնականություն է անհրաժեշտ: Նախ` ազգին պարտության հասցրած ուժերը պետք է հեռանան, որպեսզի ժողովուրդը կարողանա մեջքն ուղղել: Պետք է իրական, քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ ոչ այս իշխանությունների կողմից: Պատերազմի օրերին և դրանից հետո ծագած առեղծվածային հարցերին պետք է հստակ պատասխան տրվի: Մեղավորները պետք է պատժվեն, «Հայկական Նյուրնբերգ» պետք է լինի, որից հետո միասնական մթնոլորտում հնարավոր կլինի բոլոր հարցերը լուծել:

Արցախը հայության միասնության խորհրդանիշն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առանցքային մասնիկը: Այս պատերազմում ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգն է պարտվել և, հետևաբար, շատ կարևոր է այդ պարտության պատճառների ուսումնասիրումը, հետաքննությունը ու իրական պատկերը ներկայացնելը: Միայն այդ դեպքում կարելի կլինի վերականգնել եռամիասնության գաղափարը, իսկ այս եռամիասնությամբ է, որ Հայաստանն ու Արցախը կարող են դառնալ տարածաշրջանային գործոն: Դրա համար քրտնաջան աշխատանք է պետք, որի համար քիչ ժամանակ ունենք:

-Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որակվում է որպես կապիտուլյացիայի ակտ: Դուք ինչպե՞ս եք գնահատում այն և ի՞նչ կանխատեսումներ ունեք: Արդյո՞ք մեզ առավել ծանր պայմաններով նոր փաստաթղթի ստորագրում է սպասվում:

-Քանի դեռ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գոյություն ունի, մեզ ամեն օր, ամեն ժամ նորանոր պարտություններ ու կապիտուլյացիայի ակտեր են սպասվում: Պատերազմից մեկ տարի է անցել և գործուն քայլեր չեն ձեռնարկվել սահմանների ամրապնդման և բանակի հզորացման համար: Իշխանությունները սեփական մեղքը և ապիկարությունը թաքցնելու համար զբաղված են մեղավորների փնտրտուքով: Քանի սրանք կան, մեր հիասթափությունները կլինեն շարունակական: Դրանք կարող են դրսևորվել թե բանավոր պայմանավորվածություններով և թե գործնականում ոչինչ չանելով ու հղումներ անելով խորհրդային ժամանակների ինչ-որ քարտեզների: Դրանք բոլորն անձնատվության դրսևորումներ են:

-«Արցախն ու ՀՅԴ-ն բնական դաշնակիցներ են»: Այս գաղափարը տարիներ շարունակ հնչեցվել է Դաշնակցության մամուլում և պատասխանատու անձանց կողմից: Արդյո՞ք այն ներկայումս արդիական է, և ինչպե՞ս կմեկնաբանեք դա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՀՅԴ-ի պարագայում:

— Ընդդիմադիր դաշտում, թե իշխանության մեջ Դաշնակցությունը միշտ էլ հանդես է եկել պետականամետ դիրքերից: Հնարավոր է Դաշնակցությունն իշխանության կողքին չլինի, բայց միշտ պետության կողքին է: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները պետության և բանակի կողքին չեն:

Ինչ վերաբերում է «Արցախն ու ՀՅԴ-ն բնական դաշնակիցներ են»գաղափարին, պետք է ասել, որ սրանք լոկ խոսքեր կամ գեղեցիկ բառերի շարան չեն: Պատահական չէ, որ մեր ծրագիրը և Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում արծարծվող մոտեցումները նույն գաղափարական ելակետներից են բխում: Հնարավոր է ինչ-որ ժամանակահատվածում Դաշնակցության ազդեցությունն ավելանա կամ նվազի, սակայն դրանից էությունը չի փոխվում: Այս գաղափարական զուգակցումն արտացոլվում է Արցախի պետական համակարգում Դաշնակցության չընդհատվող ներկայությամբ: Այստեղ մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել՝ կարևոր չէ Դաշնակցությունն իշխանության մաս է, թե ընդդիմություն, առանցքային պետական հարցերում Դաշնակցության կշիռն ու դերակատարությունը միշտ էլ զգացվել է:

-Պատերազմից հետո ինչպիսի՞ն է ՀՅԴ-ի տեսլականը Արցախյան հիմնահարցի լուծման առումով:

-Մեր դիտանկյունից` պետության դերն այս պայմաններում ավելի շեշտակի է դառնում: Պետությունը պետք է ժողովրդին հավատ ներշնչի, որպեսզի վերջինս կարողանա ուղղել իր ծռված մեջքը, պետք է բանակը զորացվի: Ամեն ինչ պետք է անել, որ Արցախը չհայաթափվի: Արցախցին պետք է մնա Արցախում՝ անկախ Ադրբեջանի կողմից գործադրվող հոգեբանական և այլ ճնշումների: Մենք սրանից ավելի վատ պայմանների ենք դիմագրավել և պետք է պատրաստ լինենք նոր դժվարությունների հաղթահարմանը, մինչև հարցի վերջնական լուծումը:

Պետք է շարունակել ապրել, արարել Արցախում: Իսկ սրան զուգահեռ` կարևոր պայման է նաև սոցիալական արդարության հաստատումը: Իսկ արտաքին քաղաքականության հիմնական առանցքը պետք է դառնա Արցախի անկախության ճանաչումը: Մեր պետականության հիմնասյունը պետք է ամուր պահել, դա մեր ինքնորոշման իրավունքի իրացումն է, որն արտացոլվել է անկախության կամքի դրսևորմամբ` հանրաքվեի միջոցով և սրբադասվել մեր զոհերի արյամբ:

Մեր համոզմամբ` ավելի քան 30 տարիների ընթացքում մեր հայրերի, եղբայրների, քույրերի և զավակների թափած արյունն ու քրտինքը մեր պետականության գոյությամբ է իմաստավորվում: Ամեն գնով պետք է պահպանվի Արցախի անկախությունը: Սրանում պետք է համոզված լինի Արցախի քաղաքացին, Հայաստանի քաղաքացին և համայն հայությունը:

Հարցազրույցը Տաթևիկ Աղաջանյանի

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica