close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե ինչպես է Ադրբեջանը կաշառել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ու թե որքան անիմաստ է աշխատավարձ ստանում ԱԳՆ-ի՝ մեր ներկայացուցիչը

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2021, 16:38
 Թե ինչպես է Ադրբեջանը կաշառել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ու թե որքան անիմաստ է աշխատավարձ ստանում ԱԳՆ-ի՝ մեր ներկայացուցիչը

2021 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կայացել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 9-րդ հանդիպումը։

Ադրբեջանը, քվեարկությանը մասնակցող պետությունների բացարձակ մեծամասնության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ է դարձել, այն  դեպքում, երբ 44-օրյա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում, պատերազմից առաջ եւ անգամ պատերազմից հետո ոչնչացրել ու պղծել  է հայկական մշակութային արժեքները: 

Ադրբեջանի ԱԳՆ-ից ենք տեղեկանում, որ երկիրը հանձնաժողովի անդամ է դարձել  առաջիկա 4 տարի ժամկետով: Նշենք, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունի ՀՀ ԱԳՆ-ից գործուղված մշտական ներկայացուցիչ՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որը դեռեւս մեկ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 3-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդի լիագումար նիստում իր մտահոգություններն էր հայտնել Արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայկական մշակութային արժեքների ոչնչացման առնչությամբ:

Թեեւ Քրիստիան Տեր-Ստեփանյանը մատնանշել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կանխելու հարցում, ինչի ականատեսը եղանք, երբ Արցախը դիմակայում էր թուրք-ադրբեջանական կոալիցիայի, նրանց դաշնակիցներին Սիրիայից ներգրավված հազարավոր վարձկան ահաբեկիչների զինված ագրեսիային, որի ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայ ժողովրդի համար կարևոր պաշտամունքային վայրը  եւ 19-րդ դարի ճարտարապետության գլուխգործոցը, այդուհանդերձ, մեծ ոգեւորություն էր ապրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Արցախ առաքելություն գործուղելու առաջարկից եւ  նրա՝ լիակատար աջակցության ցանկությունից:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի այս առաջարկները հետո, իհարկե, մնացին օդում, քանի որ Ադրբեջանը շատ կտրուկ արգելեց նրանց գործուղումը Արցախ: Ադրբեջանական կողմի այս վարքագծի հարցը պետք է բարձրացվեր եւ համարժեք արձագանք տրվեր, չխոսվեց՝ շատ պարզ պատճառով:

Yerkir.am-ի հետ զրույցում ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասում է ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն մի քանի տարի է՝ յուղոտ պատառ է ստանում Ադրբեջանից:

«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին լավ ճոխ ֆինանսավորում է: Սա է պատճառը, որ ընդառաջում են նրանց:  Երբ տարիներ առաջ ԱՄՆ-ն ու Իսրայելը հրաժարվեցին ՅՈՒՆԵԿՕ-ին ֆինանսավորել, Ադրբեջանը ճարպկորեն, օգտվելով իրավիճակից, սկսեց ֆինանսավորել կազմակերպությանը եւ դրան կից գործող միջազգային հասարակական կազմակերպություններին: Ադրբեջանցիներն ազատ գործունեության դաշտ են ստեղծել իրենց համար: Մեհրիբան Ալիեւան էլ համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպան: Նրանք հայտնվել են շահեկան դիրքերում ու ազատ կարողանում են բոլոր հնարավորություններն օգտագործել»,- մեկնաբանում է նա:

Այս առնչությամբ ՀՀ պետական , դիվանագիտական ներկայացուցիչները լռում են: Հետաքրքիր է՝ ի՞նչ դիրքորոշում ունի կամ առարկություններ ունեցե՞լ է ՀՀ ԱԳՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացուցիչը Ադրբեջանի անդամակցության կապակցությամբ: Եվ, վերջապես, ինչո՞ւ է հայ հասարակությունն այս մասին տեղեկանում Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Այս հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԳՆ-ից, սակայն՝ ապարդյուն․ մեր զանգերը մնացին անպատասխան:

Լիանա Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica