close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերունդները չպետք է զրկվեն հայրենատիրության իրավունքից

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 21:50
 Սերունդները չպետք է զրկվեն հայրենատիրության իրավունքից

Պետության մեջ դիվանագիտական աշխատանքը ամենանուրբ և բարդ աշխատանքներից մեկն է: Պատահական չէ, որ դիվանագիտական ասպարեզում արարողակարգերը և փոխադարձ հարաբերությունների կանոնակարգման դրույթները հարգվում են մանրակրկիտ կերպով, քանի որ յուրաքանչյուր սխալ կամ վրիպում՝ դիմացինի կողմից հանրային բեմում ինչ-որ նշանակություն է պարունակելու կամ որևէ միտումի արտահայտման միջոց է ընկալվելու: Հենց այդ պատճառով է, որ դիվանագիտական ասպարեզում աշխատողները կայացած և ընկալելի պետություններում ամենափորձառուներն են լինում, և այդ ասպարեզում տարիների փորձ ունենալը համարվում է անշրջանցելի պայման, օրինակ՝ դեսպան լինելու կամ որևէ պատվիրակության մաս կազմելու համար: Սա ընդհանուր օրենք է և ակնհայտ իրականություն համաշխարհային դիվանագիտական բեմահարթակում: Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություններն անտեսում են այդ կարևոր հանգամանքը: Դեսպան է նշանակվում դիվանագիտական ասպարեզում որևէ փորձ չունեցողը. երկիրը ներկայացնող  պատվիրակության անդամներ են դառնում ինչ-որ մեկի հետ «քայլելու աշխատանքային փորձ ունեցող» անփորձները, և այսպիսով՝ ցանկանում են՝ միջազգային բեմահարթակում Հայաստանը ընկալվի որպես լուրջ և հավասարակշռված պետություն: Այս դիվանագիտական կազմով և երերուն մոտեցումներով՝ դա հնարավոր չէ:

Հայկական դիվանագիտության այս տխուր համայնապատկերում հարկ է անդրադառնալ նաև մի այլ կարևոր հանգամանքի. պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձնավորությունը ևս, անկախ իրենից, դիվանագիտական աշխատանք է կատարում: Լրատվական և հեռահաղորդակցության միջոցների զարգացման ներկա պայմաններում այլևս անիմաստ է դառնում որևէ արտահայտություն կամ միտք արտաբերել փակ շրջանակի համար: Պետական պատասխանատվություն ունեցող որևէ անհատի արտահայտությունը միշտ էլ խոշորացույցի տակ է, վերծանվում է այլ երկրների դիվանագիտական շրջանակների կողմից, և ի մասնավորումն, մեր հակառակորդ և թշնամի պետություններն այդ արտահայտությունները միջազգային հարթակներում օգտագործում են մեր երկրի դեմ: Այս ասպարեզում ևս, ցավոք, Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաները «խելամտությամբ» չեն փայլում:

 Այս բոլորը կարելի է շտկել, կարելի է սրբագրել, եթե գոյություն ունենա սովորելու, հայրենիքի գաղափարը յուրացնելու և պետության իմաստն ու հայրենանվեր աշխատանքի առաքելությունն ընկալելու առկայության պարագայում:

Պատերազմից հետո, որպես պարտված կողմ, անհավասարակշիռ, անորոշ և վրիպումներով լի արտահայտությունները դիվանագիտական դաշտում ևս խորացնում են մեր կրած պարտությունը:

Ժամանակին ՀՀ վարչապետ հանդիսացող անձը իր «փայլուն» մտքերից մեկը համարում էր այն, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար: Ներկա կացության հեռանկարը մի բան շատ հստակ է դարձնում՝ այս պայմաններում սպասվող լուծումն  անընդունելի է և՛  Արցախի, և՛ հայ ժողովրդի համար, իսկ կարևորն այն է, որ չփակենք այն ճանապարհները, որոնք կտանեն  դեպի ցանկալի լուծում՝  թեկուզ տարիներ հետո: Ահա այստեղ է, որ հայկական դիվանագիտությունը մեծ աշխատանք ունի կատարելու: Աշխատանք, որի միջոցով իրավունքի ձեռքբերման ուղիները միշտ պետք է հասանելի լինեն և ընկալելի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է հարատև և անխոջ աշխատանք: Թշնամիների կողմից այժմ հայ ժողովուրդն իրավազրկվել է,  իսկ իշխանությունների անխոհեմ քաղաքականության պատճառով այդ իրավազրկումը փոխանցվում է հաջորդ սերունդներին, ինչն անընդունելի է:

«Ապառաժ»-ի խմբագրական

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica