close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանց ոչ թե ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին

Հասարակություն

30 Նոյեմբերի 2021, 19:57
 Նրանց ոչ թե ճանապարհն է հետաքրքրում, այլ միջանցքը. տնտեսագետը՝ Ադրբեջանին ճանապարհ տալու և Հայաստանի շահի մասին

«Ինչու՞ պիտի Հայաստանը Ադրբեջանին ճանապարհ չտա։ Դա ձեռնտու է նաև Հայաստանի համար»։ Այսպես էր ասել Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, որից հետո այց էր կատարել ՌԴ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

Ի՞նչ շահի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, ինչո՞վ է Ադրբեջանին ճանապարհ տալը ձեռնտու Հայաստանի համար։ Այս հարցերին անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Պետք է հասկանանք, թե ճանապարհ ասելով ինչ նկատի ունենք՝ երկաթուղային, ավտոմոբիլային և այլն։ Դեպի Ռուսաստան ամենակարճ ճանապարհը անցնում է Վրաստանով, հետևաբար մենք ավտոմոբիլային ճանապարհով բեռները Ռուսաստան կամ Եվրոպա չենք արտահանելու, դա ուղղակի տնտեսական տրամաբանություն չի ունենա։ Իսկ ինչ վերաբերում է երկաթուղային ճանապարհին՝ մենք այս պահին ունենք միայն Ղազախով երկաթուղային կապ, քանի որ Մեղրիի և Հորադիզի երկաթգիծը ուղղակի չկա։ Հարավային ուղղությամբ երկաթուղին դեպի Իրան չի կարող աշխատել՝ գծերի ապամոնտաժված լինելու պատճառով»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ այդ երկաթգիծը վերականգնելու համար անհրաժեշտ են 400-500 միլիոն դոլար և մի քանի տարի շինարարության համար, իսկ այդ գումարը ով պետք է տա՝ դրա մասին որևէ խոսք չկա։

Տնտեսագետն ասում է, որ մենք կարող ենք երկաթուղին շահագործել Տավուշով, բայց այդ դեպքում բեռների փոխադրումը դեպի Եվրոպա կամ Ռուսաստան լինելու է բավականին ժամանակատար և ծախսատար։

«Ստացվելու է Հայաստանից բեռները հասնելու են Բաքու, Բաքվից գնալու է Ռուսաստան, այսինքն այդ առումով, այնուամենայնիվ տրանսպորտային ծախսերի վրա էական ազդեցություն չի կարող թողնել։ Նշեմ նաև, որ Հայաստանը չի կարող դառնալ ոչ արևելք-արևմուտք, ոչ հյուսիս-հարավ տարանցման երկիր, քանի որ կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը ավելի նոր է, արագ է»,-ասաց նա։

Տնտեսագետը պնդում է, եթե բեռներ փոխադրվեն չի գալու Հայաստանով, Գյումրիով գնա Թուրքիա։ Իսկ ինչ վերաբերում է հյուսիս-հարավին, ապա Ադրբեջանի ֆինանսավորմամբ կառուցվել է Կասպից ծովի ափով Մաստարայի երկաթգիծը, որն արդեն ավարտվում է, տեխնիկական որոշակի շտկումներ է մնում անել, ու հյուսիս-հարավ երկաթգիծը կաշխատի։

«Բեռները Պարսից ծոցից կարող են հասնել Կասպից ծովի ափով մինչև Ռուսաստան։ Այս մասով էլ մենք չունենք տարանցիկ երկիր լինելու հնարավորություն։ Մեզ ձեռնտու տարբերակ կդառնա, եթե բացվի Ադրբեջանի ենթակառուցվածները։ Դրանք կդառնանք որպես այլընտանքային ճանապարհ, ենթադրենք Լարսի ճանապարհը փակվեց՝ մենք կարող ենք այլընտրանքայինն օգտագործել, և դեպի Չինաստան, դեպի Միջին Ասիա բեռների փոխադրման համար կարող ենք օգտագործել։ Այսինքն Հայաստանը կարող է դա օգտագործել միայն իր բեռների փոխադրման համար, տարանցիկ նշանակության բեռներ ինքը չի կարողանալու բեռնափոխադրել, քանի որ Հայաստանն այդ հնարավորությունները չունի»,-ասաց Պարսյանը։

Պարյսանն ասում է, որ Ադրբեջանի դեպքում, ըստ էության, նրանց համար ոչ թե տնտեսական գաղափարն է այս ամենի մեջ, այլ քաղաքական։

«Իրենք, որ ունենան ճանապարհ, որը կանցնի Սյունիքով, կամ չգիտեմ, Եղեգնաձորով դա տնտեսական մեծ նշանակություն չի ունենալու, բացառությամբ Նախիջևանի համար։ Օրինակ Նախիջևանը հիմա բեռներ կամ ուղևորներ գնալու համար օգտվում են Իրանի ճանապարհներից, որը երկար է, ժամանակատար է, ծախսատար է։ Այսինքն միայն Նախիջևանի հետ կապի տեսանկյունից կարող է էական ազդեցություն ունենալ, բայց ընդհանուր Ադրբեջանի տնտեսության տեսանկյունից դա էական ադեցություն չի կարող թողնել, քանի որ Ադրբեջանը այս տարիների ընթացքում իր համար կառուցել է տարբեր ճանապարհներ, երկաթգծեր, նավթամուղներ և այլն, որոնք շրջանցել են Հայաստանը»,-նծեց տնտեսագետը։

Պարսյանի խոսքով՝ այն ճանապարհը, որը մենք տալու ենք Ադրբեջանին, այդ ճանապարհով ոչ երկաթգիծ է անցնելու, ոչ էլ նավթամուղ։ Նախիջևան-Ադրբեջան նավթամուղ չի կառուcվելու, ոչ էլ երկաթգիծ։

«Դա ավելի շատ նպատակ ունի Նախիջանը կապել Ադրբեջանի հետ և նաև, ըստ էության, նրանք փորձում են ստանալ նաև համանման մի կարգավիճակ, որը ունենք օրինակ մենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մասով։ Հիմա օրինակ Գորիսից Ստեփանակերտ մենք առանց Ադրբեջանի մաքսակետերի վերահսկողության բեռներ ենք տեղափոխում, անցնում, գնում ենք։ Իրենք համանման բան են փորձում մեզնից վերցնել»,-նծեց Պարսյանը՝ հավելելով, որ սա է հիմնական կռիվը։

«Նրանց ոչ թե ճանապարն է հետաքրքրում, այլ միջանցն է հետաքրքրում, իսկ այդ միջանցքն էլ ավելի շատ քաղաքական նպատակ ունի, քան թե տնտեսական»,-ասաց նա։

Անդրադառնալով ապրանքաշրջանառությանը՝ տնտեսագետն ասում է. «Ադրբեջանը տարեկան մոտ 18 միլիարդ դոլարի ապրանք է արտահանում, որի 80 տոկոսը նավթն ու գազն են։ Գազի մատակարարման համար ինքը գազամուղներ ունի, հաստատ Հայաստանից չի օգտվելու, իսկ ինչ վերաբերում է մյուս ապրանքներին, ապա մյուս խոշոր ապրանքը գյուղմթերքն է։ Ադրբեջանական գյուղմթերքը ավելի էժան է քան Հայկականը, քանի որ այնտեղ էներգակիրների գինն ավելի էժան է, հետևաբար մեր գյուղմթերողները չեն կարող մրցակցել նրանց հետ»,-ասաց տնտեսագետը։

Պարսյանը պնդում է՝ պետք է տարբերել ապաշրջափակումը շուկաների բացումից։

«Մենք կարող ենք, օրինակ, Ադրբեջանական բեռները մեր ճանապարհներով գնան, բայց պարտադիր չէ, որ մենք բացենք նրանց ապրանքների համար մեր շուկան, քանի որ մեր գյուղմթերը կորուստներ կունանա, չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ։ Այսինքն, եթե մենք ապաշրջափակում ենք ճանապարհը, դա այլ բան է։ Իսկ շուկաների մասով, ապա այստեղ խնդիրներ կան, եթե գյուղմթերքը չենք կարող թողնել։ Նրանց նավթն ու գազը, ամբողջ էներգետիկ համակարգը հիմնականում գտնվում է ռուսական վերահսկողության տակ, նրանք թույլ չեն տա, որ օրինակ հայկական վառելիքի շուկայում ադրբեջանցիները գան տեղավորվեն»-եզրափակեց Սուրեն Պարսյանը։

Սեդա Մակարյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica