close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակաթուրքական դաշինքի անդամ Սաուդյան Արաբիայի հարցով ՀՀ ԱԳՆ-ն և նախագահականը լավ կլինի համադրեն աշխատանքները․ Հայկ Քոչարյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 17:29
 Հակաթուրքական դաշինքի անդամ Սաուդյան Արաբիայի հարցով ՀՀ ԱԳՆ-ն և նախագահականը լավ կլինի համադրեն աշխատանքները․ Հայկ Քոչարյան

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրուցել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

Ճիշտ է զրույցը եղել է ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, նրանք հանդիպել են «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովի ժամանակ, բայց միայն հանդիպման փաստն արդեն կարևոր է՝ հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանի այցը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է արաբական և իսլամական աշխարհի առանցքային այդ երկիր՝ Սաուդյան Արաբիա՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։

«Նախագահի ընդունելությունը երկու երկրների պետական հարաբերությունների բարձրագույն մակարդակն է, դրա համար փաստն ինքնին, որ երկրի նախագահին ընդունել են Սաուդյան Արաբիայում բարձր մակարդակով և որ հանդիպում է եղել նաև թագաժառանգի հետ, որը փաստացի համարվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունը ձեռքը կենտրոնացրած անձը և բոլոր հարցերը կարգավորում է հենց ինքը, սա խոսում է այն մասին, որ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են և փաստացի կարելի է արձանագրել, որ դիվանագիտական հարաբերություններն արդեն հասունացել են, որ հաստատվեն, հակառակ դեպքում անհնարին էր պատկերացնել այդ մակարդակի ընդունելություն»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։

Այցն ինտրիգային է հատկապես այն համատեքստում, որ Սաուդյան Արաբիան ոչ ֆորմալ գործող հակաթուրքական դաշինքի կարևոր և առաջատար խաղացողներից է, որը փորձում է Մերձավոր Արևելքում զսպել թուրքական նկրտումները։

«Ունենալ հարաբերություններ այդ երկրի հետ և փորձել անվտանգային ոլորտի հարցեր քննարկել դա, եթե գնա ճիշտ ուղղությամբ, միայն դրական կարող է ազդել, այնպես որ կարելի է սպասել նաև այդ հարաբերությունների ավելի պաշտոնական ձևակերպումներին։ Լավ կլինի, որ տարբեր պետական կառույցներ, ինչպիսիք են ԱԳՆ-ն և նախագահականը կոորդինացնեն աշխատանքները և այս հարցում ունենանք առաջընթաց։ Այս պահին ես հայտարարություն չեմ տեսել ԱԳՆ-ից, որոշակի դիրքորոշում չկա»,-ասաց Հայկ Քոչարյանը։

Հարաբերությունները լարված էին և լարված էլ մնում են Թուրքիայի և արաբական երկրների միջև, արձանագրեց արաբագետը, փաստացի կա Թուրքիա-Կատար տանդեմը, որին հակադրվում է Սաուդական և Էմիրաթական տանդեմը՝ զսպելով Թուրքիայի ազդեցությունը Պարսից Ծոցի և Արաբական երկրների տարածքում։ Այդ երկու բևեռների ձևավորումը, նրա խոսքով, փաստացի երևում է արևելքում առկա կոնֆլիկտներում՝ թե՛ սիրիական պատերազմում, թե՛ կատարական ճգնաժամում, թե՛ Եգիպտոսի հարցում, և Միջերկրական ծովի վերջին լարվածության մեջ։

«Հայաստանի արտգործնախարարությունը և այլ կառույցներ Թուրքիայի հետ հարաբերությունների համար դրական ազդակներ են տեսնում և մի քիչ այլ քաղաքական գիծ են տանում, ՀՀ նախագահը գնում է մի երկիր՝ Սաուդյան Արաբիա, որը հակաթուրքական տարամադրությունների և դաշինքի մեջ է, բայց Արաբիան էլ իր հերթին փորձ է անում լարվածությունը մեղմացնել Թուրքիայի հետ, դա չի խանգարում Սաուդական թագավորին հանդիպել Էրդողանի հետ և քննարկել իր տարաձայնությունները, ինչը շատ նորմալ է։ Եվ եթե Հայաստանը փորձում է իր անվտանգությունից ելնելով նոր կապեր հաստատել, դա պիտի որ ավելի ուժեղացնի Հայաստանը»,-ասաց Հայկ Քոչարյանը։  

Նա նկատեց, որ տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր եղել են հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականերին, որոնք այս կամ այն պատճառով չեն ստացվել։ Վերջին շրջանում ակնհայտ էր, որ ՀՀ նախագահը քայլեր անում է դեպի  Սաուդյան Արաբիա և փորձում է հարաբերություններն ավելի խորացնել, ինչը կարելի է արձանագրել որպես այդ ջանքերի դրսևորում վերջին շրջանում և շատ դրական տեղաշարժ՝ նշեց արաբագետը։ Տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից ևս, նրա դիտարկմամբ, շատ բան է փոխվել, դա էլ կարող էր իր նպաստը բերել այդ հանդիպման կայացմանը։  

«Բայց և առիթն է ոչ շատ քաղաքական՝ նախագահը մասնակցում է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին, որը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում։ Կարող ենք եզրակացնել, որ եթե ձեռք են բերվել կամ քննարկվել են երկկողմ համագործակցության կամ ինովացիոն տեխնոլոգիաների մասով Հայաստանի հետ հարաբերությունների որոշակի խորացման հարցեր, ապա դա դրական միտում է»,-համոզված է արաբագետը։

Հայաստանի համար, նրա համոզմամբ, շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի այս այցը․ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհի առաջատար երկրներից է և նրա հետ հարաբերություններն էլ ավելի կբարելավեն Հայաստանի համագործակցությունը նաև այն երկրների հետ, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ։

Աննա Բալյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica