close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե առաջնորդվելու են 1920-ականների քարտեզներով, ապա Արցախը պետք է ցամաքային կապ ունենա ՀՀ հետ․ Դավիթ Իշխանյան

Քաղաքական

25 Հոկտեմբերի 2021, 22:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե առաջնորդվելու են 1920-ականների քարտեզներով, ապա Արցախը պետք է ցամաքային կապ ունենա ՀՀ հետ․ Դավիթ Իշխանյան

Եթե սահմանագծման և սահմանազատման աշխատանքներում առաջնորդվելու են 1920-ականների քարտեզներով, ապա Արցախը պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի Հանրապետության հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դավիթ Իշխանյանը։

Նա մի քիչ բացեց փակագծերը․ հիշեցրեց, որ ռուսական կողմը, ի դեմս ՌԴ նախագահի, վերջերս «Վալդայ» ակումբում տեսակետ ներկայացրեց, որ իրենց ձեռքի տակ կա 1920-ական թվականների քարտեզները և, հավանաբար, կառաջնորդվեն այդ քարտեզներով։

«Ես, օրինակ, ունեմ իմ ձեռքի տակ 1920, 1928, այնուհետև 1936 թվականների քարտեզները, որոնք պատկերում են Խորհրդային Միության առաջին Սահմանադրության ընդունումից հետո Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ նաև Հայաստանի Հանրապետության հետ սահմանները, սահմանների հետքաշումը, Կարմիր Քրդստանի ստեղծումը․․․ եթե առաջնորդվելու են այդ քարտեզներով, ապա ակնհայտորեն մենք ունենալու ենք մեր ցամաքային կապը Հայաստանի Հանրապետության հետ»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Ռուսաստանը, նրա դիտարկմամբ, փորձում է տարբերակել երկու բաժին․ մի բաժինը սահմանագծում, սահմանազատումն է, որին, կարծես թե, Հայաստանի Հանրապետությունը տվել է իր հավանությունը՝ պատահական չեն փոխվարչապետների մակարդակով քննարկումները և նաև վերջերս Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումները, իսկ այս օրերին նաև Ռուսաստանում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ բաժինը, Դավիթ Իշխանյանի խոսքով, սահմանազատումից առանձին Արցախի կարգավիճակի և հետագա ճակատագրի հարցն է։

«Կան չլուսաբանված բաժիններ, վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ամենին քաջատեղյակ են և հենց իրենք են այդ քննարկումները կատարում։ Ցավալին այն է, որ չկա տեղեկատվություն, և գոնե մեր ունեցած տեղեկություններով Արցախյան կողմը, ի դեմս Արցախի իշխանությունների, ամբողջական ինֆորմացիային չի տիրապետում»,-ասաց նա։

Այսուհանդերձ, Դավիթ Իշխանյանի համոզմամբ, մենք պետք է թղթին հանձնած ներկայացնենք մեր պատկերացումները՝ իրավական փաթեթը, թե ինչ իրավական կարգավիճակ է Արցախն ունեցել Խորհրդային Միության մեջ, և ինչպիսի իրավական հիմքերով է Արցախի Հանրապետությունը ձևավորվել։

«Վերջապես, 1988-ին հաջորդած ժամանակահատվածում նաև Արցախի Հանրապետությունն ի հայտ եկավ որպես առանձին սուբյեկտ։ Խնդիր չէ՝ արդյո՞ք մենք այսօր ունենք այդ սուբյեկտայնությունը, թե՞ չունենք, բայց ի՞նչ իրավական հիմքերով ենք մենք առաջնորդվել։ Սա կարևոր է, որովհետև ռուսական կողմը և նաև ՀՀ իշխանություններն անընդհատ շեշտում են Խորհրդային Միության տարբեր ժամանակները, սահմանները, քարտեզները և այլն, եթե Խորհրդային Միության իրավական գոյության հնարավորություններին ենք անդրադառնում, ապա պիտի նաև Ղարաբաղի հիմնահարցը և Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առումով մեր շեշտադրումները կատարենք այդտեղ, և այստեղ էլ մենք կարող է շահողի դերում հանդես գանք և ունենանք մեր հնարավորությունները։ Այլ հարց է, թե ինչ չափով ենք մենք դա օգտագործում»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Նա խիստ կարևոր է համարում հարցի՝ իրավական դիտանկյունից քննարկումը, արդյո՞ք լիարժեք օգտագործել և օգտագործում ենք այն իրավական հնարավորությունները, որ ունենք։

Դավիթ Իշխանյանը հավանական է համարում, որ նոյեմբերի 9-ին, այնուամենայնիվ, ստորագրվի որևէ փաստաթուղթ և նկատում է, որ բոլոր փաստաթղթերն, անկախ իրավական ձևակերպումներից, մինչև այսօր ուժ են ստացել։

«Շատ դժվար է այդ ամենի առաջն առնել․ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի իշխանություններն ինչ մեթոդներով են առաջնորդվում՝ խաբելով ժողովրդին, մոլորության մեջ գցելով, մանիպուլյացիոն սկզբունքներն իրենց համար ավելի հիմնարար և կարևոր համարելով։ Այդ առումով չի բացառվում առաջիկայում՝ նոյեմբերի 9-ը կլինի, թե այլ օր, մեզ համար երկրորդական է, որևէ փաստաթղթի ստորագրումը։ Մեզ մնում է ճիշտ կողմնորոշվել և մեր քայլերը կատարել»,-ասաց Դավիթ Իշխանյանը։

Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում համազգային մեր դիմադրողականությունը թուլացած է, մնում է նորից փորձել ելք գտնել և ժողովրդին համախմբել։

Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում՝ նշեց նա, մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ մոտ օրերս տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և, Դավիթ Իշխանյանին նկատելի են ներքին տարակարծություններ, և այդ տարակարծությունները նա փորձում է կապել առաջիկա փաստաթղթերի հավանական ստորագրման հետ․ ռուսական կողմը, ըստ նրա, հավանաբար ձգձգում է, որ փաստի առաջ կանգնեցնի մյուս երկու համանախագահողներին։

Դավիթ Իշխանյանը, ռեալ պոլիտիկից ելնելով, քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, բայց նաև նկատում է, որ հնգամյա մանդատը, որ ռուս խաղաղապահները ստացել են, դեռ որոշակի հնարավորություններ է թողնում առաջիկա չորս տարիներին։ Հարցի հանգուցալուծման արագ գործընթաց նա չի ակնկալում։

Այս պահին Դավիթ Իշխանյանը նկատում է արտաքին ուժերի, այդ թվում նաև Ադրբեջանի, անմիջական ազդեցությունը Արցախի Զինված ուժերը լուծարելու և կազմաքանդելու ուղղությամբ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Եղանակը Հայաստանում
4 Դեկտեմբերի 2021, 18:00 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica