close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2021, 18:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Քեմալաբոլշիկյան փոխհամաձայնեցված ռազմաքաղաքական համագործակցության հետևանք հանդիսացող՝ Մոսկվայի 1921 թ-ի Մարտի 16-ի և դրա ածանցյալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների կոպիտ ոտնահարումներ են և Սևրի դաշնագրի չեզոքացման փորձ. հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Կարսի փաստաթղթի վավերականության հարցը արդիական է նաև մեր օրերում, քանի որ նրանով է պայմանավորված ներկայի հայ-թուրքական սահմանը»,- փաստեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Yerkir.am-ն ստորև ներկայացնում է Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթն ամբողջությամբ.

Գերաշնորհ Սրբազան հայրեր, գիտաժողովի կազմակերպիչ յանձնախումբի յարգելի անդամներ,  յարգարժան զեկուցողներ, պատուարժան հիւրեր եւ սիրելի մասնակիցներ,

Քեմալա-բոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցության հետեւանք հանդիսացող Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի եւ անոր ածանցեալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չեզոքացման փորձ։ Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն, քանի որ անորմով պայմանաւորուած  է ներկայի հայ-թրքական սահմանը։ Ակնյայտ իրողութիւն է, որ այդ պայմանագրերը անարդարութեան դրսևեւորումներ են հայութեան նկատմամբ. սակայն, հիմնախնդիրը ո՛չ այնքան այդ անարդարութեան մասին վերահաստատում ընելն է, որքան նոր անարդարութիւններէ խուսափելու ելքեր որոնելը:

Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ' Մոսկուայի, թէ' Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսար միջազգային իրաւունքի ենթակայ։

Անշուշտ այդ պայմանագրերը պատմագիտականէ անդին քաղաքական հետաքրքրութիւն կը ներկայացնեն: Հնարաւոր սխալներէ խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար, այնուամենայնիւ կարևոր են այդ պայմանագիրներու գիտական քննարկումները: Անհրաժեշտ է անոնցմէ բխող առաջարկները ներկայացնել թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեան: Այլ կերպ ըսած՝ այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակութենէն աւելի գիտական, գործնական եւ քաղաքական նշանակութիւններ պիտի ունենայ:

Բնականաբար 100 տարի անց այս պայմանագրերը իրենց ամբողջ էութեամբ կը մտատանջեն հայ ժողովուրդը եւ անոր բարեկամները: Տարածաշրջանին մէջ այսօրուայ աշխարհաքաղաքական զարգացումները բազմաթիւ նմանութիւններ ունին 100 տարի առաջ եղած իրավիճակին հետ: Այս հանգամանքն ալ նաեւ կը ստիպէ վերաքննել այդ օրերուն տեղի ունեցածը:

Պէտք չէ մտահան ընել նաեւ, որ ուղղակի կապ կայ այս պայմանագիրներու վերանայման հարցին և Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ անժամանցելի իրաւունքներու վերականգման միջև: Այս պայմանագրերու իրաւականութեան, անոնց վերանայման հնարաւորութիւններուն, անոնցմէ բխող հետեւանքներուն եւ հարցերուն պատասխանն է, որ կ՚ակնկալենք ստանալ նաև այս գիտաժողովէն:

Անշուշտ, մեր պատմագիտական միտքը անդրադարձած է այս իրողութեան, նաև քաղաքական շահարկումներ եւ անդրադարձեր ալ եղած են: Այս պայմանագրերը վերլուծումներու ենթարկուած են է թէ' Հայաստանի եւ թէ' սփիւռքի մէջ: Սակայն մենք  կը կարծենք, որ տակաւին քննարկումներու տեղ կայ: Թերևս այս առումով իսկ կարևոր էր նաև Հայաստանէն դուրս մասնագէտներու ներգրաւումը: Գիտաժողովի մասնակիցներու կազմը՝ ներկայացուցչական է և պատկառելի, ինչ որ յոյս կը ներշնչէ, որ այս բարձրորակ գիտաժողովը իր աւարտին հետաքրքիր և օգտակար եզրակացութիւններու պիտի հանգի:

Սիրելի ներկաներ,

Հայաստանի անկախ հանրապետութեան վերընձիւղման նախորդող հարիւրամեակի ընթացքին հայ ժողովուրդը անցած է արհաւիրքներէ, ճաշակած՝ աննկարագրելի դառնութիւններ, բայց միշտ ալ վերագտած է իր գոյատեւելու, պայքարելու վճռակամութիւնը: Այսօր ալ, Արցախեան երկրորդ պատերազմի աղէտէն մէկ տարի անց

Համահայկական ցնցումի եւ յուսալքութեան ալիքը դեռ կը յամենայ. Վստահ ենք, սակայն, որ այդ ընկճուած վիճակը շուտով կը դադարի եւ մենք կը դիմենք ապագային՝ վերականգնելու եւ նոր յաղթանակներ կերտելու  յանձնառութեամբ:

Մեր Խորին շնորհակալութիւնները հայրենի ու տարբեր երկիրներէ ժամանած ականաւոր զեկուցաբերներուն, մասնակիցներուն եւ հիւրերուն, որոնք ընդառաջելով մեր հրաւէրին այսօր համակողմանի քննարկման պիտի ենթարկեն այս պայմանագրերու ազդեցութիւնը Հայաստանի ու տարածաշրջանի ճակատագրին վրայ եւ պատմութեան դասերէն մեկնած կատարեն արժեւորումներ ու ներկայացնեն հաւանական հեռանկարներ:

 

Շնորհակալութիւն եւ յաջողութիւն

 Ելույթի տեսագրությունը՝ ստորև. 

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica