close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դպրոցի՝ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված տնօրենը շահել է Գյումրու մարզպետի դեմ դատը

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2021, 17:30
 Դպրոցի՝ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատված տնօրենը շահել է Գյումրու մարզպետի դեմ դատը

Քաղաքական հայացքների համար հունիսի 11-ին աշխատանքից ազատված՝ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Արփինե Նիկողոսյանը շահել է դատն ընդդեմ Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի, որն այդ ժամանակ փոխարինում էր արձակուրդում գտնվող  մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արփինե Նիկողոսյանը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Սարոյանի, բավարարել է Նիկողոսյանի հայցն ամբողջությամբ եւ անվավեր ճանաչել փոխմարզպետ Աբրահամյանի՝ նրան պաշտոնից ազատելու մասին որոշումը: Արդյունքում՝ Արփինե Նիկողոսյանը վերականգնվել է Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում: Շիրակի մարզպետարանից հօգուտ Նիկողոսյանի բռնագանձվելու է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ամբողջ գումարը, որը մոտավորապես 800 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ է:

Հիշեցնենք, որ Նիկողոսյանը աշխատանքից ազատվել է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախաշեմին Ֆեյսբուքում ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ քաղաքական բանավեճի մեջ մտնելուց հետո: Նիկողոսյանը շեշտում է՝ մաքուր քաղաքական հետապնդում էր:

«Աշխատանքից ազատումս տեղի ունեցավ ընտրությունից անմիջապես առաջ, մնացել էր ընդամենը 9 օր: Անհիմն կերպով մեկ օրում որոշեցին եւ ազատեցին ինձ աշխատանքից այն բանի համար, որ Ֆեյսբուքում, այսպես ասած՝ հակաճառել էի ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին: Սպասում էի հետեւանքի, բայց ոչ՝ ազատման: Հենց հաջորդ օրը ազատեցին: Ամեն դեպքում կարողացա ապացուցել, որ ազատումս անհիմն էր»,- ասաց Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենը:

Ըստ նրա՝ դատական պրոցեսը հարթ է ընթացել՝ առանց ավելորդ քաշքշուկի: «Որովհետեւ շատ հմուտ դատավոր էր, որն օրինավոր ձեւով անցկացնում էր դատը, հետո՝ հիմքեր չունեին առարկելու: Դատարանում իմ ազատումը հիմնավորելու համար որեւէ հիմք չներկայացվեց, աշխատանքային օրենսգիրքը խախտելու մեկ օրինակ անգամ չներկայացվեց: Ինձ ազատել էին Շիրակի մարզպետի որոշումով՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Անվստահություն էին հայտնել՝ առանց պատճառաբանության»,- մեկնաբանեց Նիկողոսյանը՝ նշելով, որ ստուգումների, աուդիտի արդյունքում այդպես էլ չեն արձանագրել մեկ հիմնավոր պատճառ, որով կարող էին իրեն ազատել աշխատանքից: 

«Դպրոցի տնօրեն եղած ժամանակ աշխատել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեք մարզպետների հետ, միշտ եղել եմ չսիրված տնօրեն, որովհետեւ երբեւէ չեմ վարանել կարծիքս հայտնել: Լինելով նաեւ ՀՅԴ անդամ՝ միշտ հալածվել եմ նրանց կողմից, սա եւս՝ մեկ օրինակ»,- հավելեց Նիկողոսյանը:  

Լիանա Սարգսյան

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica