close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ-ին հանել են ուսուցիչներ վերապատրաստողների ցանկից, փոխարենը ներառել նաև թուրքամետ ՀԿ

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2021, 18:10
 ԵՊՀ-ին հանել են ուսուցիչներ վերապատրաստողների ցանկից, փոխարենը ներառել նաև թուրքամետ ՀԿ

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը մեկնարկել է առանց Մայր բուհի մասնակցության, փոխարենը ուսուցիչներին կվերապատրաստեն կասկածելի արժեքներ քարոզող որոշ հասարակական կազմակերպություններ ու մի քանի տասնյակ դպրոցներ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը ուսուցիչներին վերապատրաստելու մրցույթը անցկացնելուց հետո փոխել է պայմանը՝ պահանջելով, որ ուսուցիչներին վերապատրաստեն նոր՝ դեռևս չհաստատված կրթական չափորոշիչներով։ Մինչդեռ ԵՊՀ պատմաբան դասախոսները հրաժարվել են դա անել՝ պատճառաբանելով, որ առարկայական նոր չափորոշիչները դեռևս հաստատված չեն և սկզբում ներառված չեն եղել ուսուցիչներ վերապատրաստելու մրցույթի պայմանների մեջ․  փետրվարի 4-ին հաստատվել է հանրակրթական ընդհանուր պետական չափորոշիչը, բայց առանձին առարկայականները հաստատվել են ընդամենը պիլոտային ծրագրով փորձարկելու նպատակով Տավուշի մարզում, ինչը անհնար է դարձնում դրանք վերապատրաստման հիմքում դնելը։ Այնինչ օգոստոսի վերջից սկսված վերապատրաստման գործընթացը, փաստացի, ընթանում է նոր չափորոշիչներով։

Ինչպես գիտենք, հայագիտական առարկաների մասով՝ կրթական նոր չափորոշիչները ապապետական և ապազգային էին որակել ակադեմիական շրջանակները, իսկ պատմաբանները դեմարշ էին սկսել թշնամի թուրքի կերպարը փոխելուն միտված, հայոց պատմությունը աղավաղող չափորոշիչների հաստատման դեմ։

Ապազգային չափորոշիչների դեմ ընբոստացող դասախոսներին վերապատրաստման գործընթացից մեկուսացնելու՝ իշխանության գտած հնարը հետևյալն է․ եթե, ըստ մրցույթի պայմանների, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք է ընտրեր՝ ով իրեն վերապատրաստի, ապա նոր չափորոշիչներից հրաժարվելուց հետո, հանկած պարզ է դառնում, որ ԿԳՄՍ նախարարությունը փոխել է վերապատրաստման կարգի ևս մեկ պայման, և վերապատրաստող կազմակերպությանը պետք է ընտրի ոչ թե կոնկրետ ուսուցիչը, այլ դպրոցի տնօրենը, այսինքն, դպրոցի տնօրենն է որոշելու՝ իր ուսուցչին որտեղ վերապատրաստի։

Սա էլ ճակատագրական է դարձել Մայր բուհի համար․ տնօրենները «որոշել են» չդիմել ԵՊՀ՝ վերապատրաստման պահանջով։

Այստեղից էլ հիմնավոր կասկած է առաջացել, որ նախարարությունը միջամտում է այս գործընթացին, քանի որ բոլորն էլ գիտեն՝ նախարարությունից մի զանգ պետական դպրոցների տնօրեններին՝ և տնօրենը ամեն ինչ հնարավոր է կազմակերպի։ Yerkir.am ահազանգած ուսուցիչները չեն բացառել, որ նախարարությունից են իրենց տնօրենին զանգել ու պահանջել, որ ուսուցիչներին վերապատրաստման չուղարկի ԵՊՀ։

ԵՊՀ մասնագետներին նախարարությունը ոչինչ չի ասել, պարզապես կանգնեցրել է փաստի առջև, որ իրենց մոտ վերապատրաստվել ցանկացող դպրոցների տնօրեններ չկան, հետևապես, իրենք չեն մասնակցելու վերապատրաստման գործընթացին։

Աղետալին, սակայն, այն է, որ Թուրքիայի հետ հայոց պատմությունը սրբագրելու ծրագրեր իրականացրած հայ պատմաբան Լիլիթ Մկրտչյանի հասարակական կազմակերպությունը՝  «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան», օրինակ, մրցույթը շահել է և վերապատրաստման իրավունք ստացել 16 առարկայական խմբերի համար, այնինչ ԵՊՀ-ի շահած 7 առարկաներից ընդամենը 1-ի համար է վերապատրաստվողների կողմից պահանջարկը բավարարել, մյուս առարկաների համար դիմող տնօրենները բավարար չեն եղել։

Նախարարությունում շատ լավ տեղյակ են եղել, որ ուսուցիչներին վերապատրաստելու հայտ ներկայացրած ԵՊՀ պատմաբաններն, օրինակ, ժամանակին դեմ են հանդես եկել այս իշխանությունների կողմից աղավաղված հանրակրթական չափորոշիչներին․ պատմաբան Արտակ Մովսիսյանի և մյուսների հետ նրանք հատուկ կարծիք են գրած եղել։ Այս մասագետների մոտ, փաստորեն, չեն գտնվել վերապատրաստվել ցանկացողներ, իսկ թուրքամետ ծրագրերով կարողություն դիզած Լիլիթ Մկրտչյանի ՀԿ-ի մոտ նրանք բազմաթիվ են։ Արտաքին միջամտությունն ակնհայտ է՝ ինչպե՞ս կարող էր ընդամենը 8 հոգի ցանկանար դիմել ԵՊՀ, իսկ ինչ-որ ՀԿ-ներ՝ հարյուրավոր մարդիկ։

Երբ ԿԳՄՍ նախարարությունը սկսում էր Ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, հայտարարել էր մրցույթ, թե ինչ կազմակերպություններ կարող են մասնակցել։ Մի շարք կազմակերպություններ դիմել էին և շահել էր դրանցից մոտ 50-ը։ Ոչ պակաս մտահոգիչ է, որ առաջին փուլով նույնիսկ Մանկավարժական համալսարանը չկար վերապատրաստելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկում` ավելի ուշ, ցուցակը հրապարակելուց հետո, ավելացրին, այնինչ բազմաթիվ ՀԿ-ների և շուրջ 4 տասնյակ դպրոցների թույլատրվել էր վերապատրաստել ուսուցիչների։ ԵՊՀ-ն ևս մի քանի առարկաներով դիմել էր մասնակցելու, բայց թույլտվություն էր ստացել ընդամենը 7 առարկայի համար, դրանք էլ, փաստորեն, չմնացին, որովհետև երբ արդեն մրցույթը եղել, անցել էր, ԵՊՀ-ն արդեն վերապատրաստման ծրագրի դասացուցակ էր կազմել և պիտի օգոստոսից սկսվեր վերապատրաստման գործընթացը, մեկ էլ հանկարծ տեղեկացվել է, որ ԵՊՀ-ում բավարար քանակով ցանկացողներ չեն գրանցվել, և ԵՊՀ-ն չի իրականացնելու վերապատրաստում։  

Նախարարությունը օգոստոսի սկզբից, առանց տեղյակ պահելու մրցույթի համար դիմած ու շահած կազմակերպություններին, փոխել էր կարգը՝ ուսուցիչների փոխարեն տնօրեններին թույլատրելով ընտրել վերապատրաստող կազմակերպությանը։

Մինչև իշխանափոխությունը ուսուցիչներին վերապատրաստելու գործընթացն իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտը, որի կանոնադրության համաձայն նրանց գլխավոր գործառույթներից է եղել ուսուցիչների պարբերական վերապատրաստումը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Կրթության ազգային ինստիտուտի փոխարեն ստեղծվեց ԿԶՆԱԿ-ը՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը, բայց որոշեցին, որ, իբր, վերապատրաստողների համար մրցակցային դաշտ ապահովեն, և ԿԶՆԱԿ-ը ոչ թե ինքն այդ ամենը իրականացի, այլ ընդամենը ադմինիստրատիվ վերահսկողություն իրականացնի։ Այսինքն, եթե օրինակ, նախկինում իրենք պիտի վերապատրաստեին, հիմա՝ թող վերապատրաստի մի դպրոց, իրենց մոտի փորձագետը գնա, նստի այդ վերապատրաստմանը, տեսնի՝ նորմա՞լ են անում, թե՞ ոչ, վերջում մի հատ զեկույց գրի։

Հիմա ցանկացած իրավաբանական անձ՝ հիմնադրամ, ՀԿ, բուհ, ՊՈԱԿ, դպրոց, ով կարող է թիմ ձևավորել՝ համապատասխան ոլորտում կրթություն ունեցող և առնվազն 3 տարվա վերապատրաստողի փորձ ունեցող մասնագետներից, և ծրագիր գրել, մասնակցում է ուսուցիչների վերապատրաստմանը։

Ստացվում է մի դպրոցի դասատուն պետք է մեկ ուրիշ դպրոցի դասատուի վերապատրաստի, ՀԿ-ի անդամը պետք է դասատու վերապատրաստի։

Այս կարգը Հայաստանի Հանրապետության ուսուցիչների համար է։ Սփյուռքի ուսուցիչներին, բարեբախտաբար, առայժմ վերապատրաստում է ԵՊՀ-ն։ Նախկինում էլ Կրթության ազգային ինստիտուտի գործառույթների մեջ չի մտել Սփյուռքի ուսուցիչներին վերապատրաստելը, միշտ ԵՊՀ-ի վրա է այդ գործառույթը դրված եղել և մինչև հիմա շարունակվում է։ Հուսանք «բարեփոխումները» Սփյուռքի ուսուցիչներին չեն հասնի։

Ամեն ինչից զատ, վերապատրաստելու համար պետությունը գումար է հատկացնում վերապատրաստող հաստատությանը․ կա մտավախություն, որ այս հանգամանքը ևս դեր է խաղացել այս կամ այն հաստատությանը վերապատրաստողների թվից հանելու և գումարներն իրենց համար նախընտրելի ուղղություններով ուղղելու համար։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica