close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս ո՞ւմ առաջ բացեցինք մեր դպրոցի դռները

Հասարակություն

27 Հուլիսի 2021, 12:14
 Այս ո՞ւմ առաջ բացեցինք մեր դպրոցի դռները

Իշխանափոխությունից մեկ ամիս անց «Շողակաթի» եթերում լրագրողը ճիշտ հարց է ուղղում Լուսինե Խառատյանին, թե ինչո՞ւ հենց կրթական ոլորտում այսպիսի մեծ ակտիվություն եղավ 2018 թ. ապրիլից հետո։ 

Հիմնական երկու-երեք բողոքների շարքում տեսեք, թե ինչ է առանձնացնում «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Լ. Խառատյանը․  «Էս վերջերս շատ ակտիվ հատկապես էդ ազգ-բանակի և ռազմահայրենասիրության ակտիվացման հետ կապված, ակտիվացել էր բողոքի ալիքը ընդդեմ դպրոցներում շատ ընդգծված ռազմահայրենասիրական դաստիարակության։ Նույնիսկ երբ որ չկար հայեցակարգը, բայց էդ կոնցեպտը արդեն մաս էր կրթության» (մայիսի 23, 2018 թ.):

Խոսքի որակը չքննարկենք։ Իսկ մանիպուլյացիան այստեղ ուղղակի աչք է ծակում։ Բողոքի ալի՞ք։ Մարդիկ զանգվածաբար դժգոհել են հենց ռազմահայրենասիրական դաստիարակությունի՞ց։ Միանգամից ուզում ես հարցնել՝ այդ ի՞նչ փաստերի հիման վրա եք նման պնդում անում։

Կարելի է մտովի տեղափոխվել սահմանամերձ գյուղի մի դպրոց, որտեղ (ա՛յ քեզ զարմանք) սովորում է ընդամենը 10 աշակերտ։ Այս դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին հարցնում են, թե ինչ խնդիրներ են նրանք տեսնում հանրակրթության մեջ, և նրանք, իրար հերթ չտալով, դժգոհում են… ռազմահայրենասիրական դաստիարակությունից։

Բայց ենթադրություն անելու փոխարեն Լ. Խառատյանին առաջարկենք թերթել ի՛ր իսկ հեղինակած հետազոտությունը, որի արդյունքները ներկայացնելիս հենց ինքը բառացի ասում է հետևյալը․ «Ուսուցիչները հենց նույն գիծն են պահում, ինչ որ դասագրքերը, այսինքն՝ ասում են, որ իրենց դերը հայրենասիրություն երեխաների մեջ սերմանելն է, ազգային արժեքները սերմանելն է, և երբ որ հարցը մի քիչ խորանում է՝ իսկ ո՞րն է էդ ազգային արժեքները, և ի՞նչ են սերմանում, էլի սկսվում ա պատմությունը Ուրարտուից մինչև մեր օրերը, և որ իրենք պետք է գիտակցեն, որ իրենք հայ են, որ կրողն են նման բազմադարյան մշակույթի և որ իրենց դերը որպես ուսուցիչ էդ ինքնությունը ձևավորելը և երեխաներին փոխանցելն է» (հունիսի 28, 2019 թ.):

Նախ՝ նման հեգնական տոնն արդեն շատ բան է ասում կրթական հարցերով «մտահոգ» մեր բանախոսի մասին։ Հետո՝ խնդրենք Լ. Խառատյանին, որ կողմնորոշվի։ Կա՛մ ուսուցիչներն իրենց առաքելությունը համարում են հայրենասիրություն և ազգային արժեքներ սերմանելը, կա՛մ նրանք այնքան դժգոհ են կրթական հայեցակարգում ռազմահայրենասիրական դաստիարակությունից, որ պահանջում են այն անհապաղ չեղարկել։

Բայց ի՞նչ եմ ասում։ Լուսինե Խառատյանն արդեն կողմնորոշված է։ Թե դեպի ո՞ւր՝ կտեսնենք ստորև։ Խոսքը կրկին փոխանցենք նրան և «հիանանք», թե որքան նրբորեն է Խառատյանը պատանիների խոսքից ելնում և նետն արձակում ուղի՛ղ մեր պետականության վրա։

«Էս վերջերս առիթ եղավ շփվելու դպրոցը նոր ավարտած մի քանի երիտասարդների հետ՝ 16-17 տարեկան, ու իրենք խոսում էին Հայաստան պետությունից 19-րդ դարում։ Այսպես վստա՛հ խոսում էին։ Ինձ համար դա շատ զարմանալի էր։ …Այսինքն՝ մարդը, որ ավարտել է դպրոցը, բավականին լավ գնահատակններով, կարծես թե տեղյակ է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունից, վստահ է, որ 19-րդ դարում արդեն գոյություն է ունեցել Հայաստան պետությունը։ Այսինքն, մեր էս սովորական շրջանառված տերմինները՝ Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, թյուրիմացության տեղիք են տալիս (!), և մարդկանց թվում է, թե Հայաստան պետությունը էդպես երկար գոյություն է ունեցել (!), ու այն որ պետականաշինությունը իրականում մեր մոտ ընդամենը 25 տարվա (!) պատմություն ունի, էդ հարցը քննարկելը շատ ավելի դժվարանում է (!)» (հոկտեմբերի 13, 2016 թ.):

Այստեղ բնավ լեզվի սայթաքում չկա։ Սա հայոց պատմության կեղծարարների հայտնի թեզերից է։ Խնդրեմ, կարդանք «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հոդվածից վերցված հետևյալ միտքը․  «...ի տարբերություն Բալթյան երկրների` Հայաստանը երբեք (!) պետական մակարդակով (!) չէր ունեցել դրույթներ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իր անկախությունը, ինչպես է այն պաշտպանվելու, կամ ինչպես է Հայաստանը գոյատևելու»։ (Տեր-Գաբրիելյան, 2008, էջ 36)

Գևորգ Տեր-Գաբրիելյանին ձայնակցում է թուրք պատմակեղծարար Քյամուրան Գյուրուն․ «Եթե մենք թվագրենք [հայերի] անկախության ժամանակաշրջանը մ.թ.ա. 95 թվով, ապա կտեսնենք, որ այն տևել է ընդամենը 30 տարի։ Դրանից հետո Հայաստանն այլ բան չէր, քան մի խաղազինվոր հռոմեացիների և պարսիկների հակամարտությունների մեջ» (Այվազյան, 1998, էջ 38):

Շնորհակալություն հայտնենք Գյուրուին, որ գոնե 30 տարվա անկախություն բաժին հանեց մեզ…

Այս ո՞ւմ առաջ բացեցինք մեր դպրոցի դռները…

Թշնամու անտեսանելի թռչող սարքերը նախ հայագիտությա՛ն խրամատին են հարվածել։ Առանց այդ խրամատը գրավելու թշնամին չէր համարձակվի դուրս գալ մարտի դաշտ և հարվածել մեր զավակներին…

  

Աննա Աղլամազյան

լեզվաբանության մագիստրոս

 

ապրիլի 29, 2021 թ.

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica