close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերթական բլեֆն է՝ համագործակցության մասին համաձայնագիրը ներկայացնում են որպես ազգային ավիափոխադրողի ստեղծում․ ավիացիայի մասնագետներ

Քաղաքական

21 Հուլիսի 2021, 12:26
 Հերթական բլեֆն է՝ համագործակցության մասին համաձայնագիրը ներկայացնում են որպես ազգային ավիափոխադրողի ստեղծում․ ավիացիայի մասնագետներ

Մտավախություն ունեմ, որ սա հերթական բլեֆն է՝ հասարակ, շարքային համագործակցության մասին համաձայնագիրը ուզում են ներկայացնել որպես ազգային ավիափոխադրողի ստեղծում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիայի հարցերով մասնագետ Հակոբ Ճաղարյանը։

Խոսքը Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջեւ կնքված համաձայնագրի մասին է, որով, ըստ կառավարության, պետք է ստեղծվի հայկական նոր ազգային ավիաընկերություն․ անվանման հարցը թողնվել է հասարակությանը, իսկ որոշում ընդունելու փաթեթը տրվել է արաբական ընկերությանը:

Համաձայնագրի դետալների մասին ինֆորմացիան փակ է։ Հակոբ Ճաղարյանի համար անհասկանալի է նաև դրա՝ փակ լինելու իմաստը։

Նա վստահեցնում է, որ այս գործարքով ազգային ավիափոխադրող չի ստեղծվում, որովհետև չի կարող բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը լինել օտարերկրյա ավիափոխադրողինը և դա համարվել ազգային փախադրող։ Բազմաթիվ հարցեր կան՝ սկսած կադրեր և ենթակառուցվածներ չպատրաստելուց, մինչև անվտանգային հարցեր։

«Ավիաընկերության գլխավոր գործիքը օդանավերն ու օդաչուներն են, դա շարժակազմն է։ Հիմա եթե շարժակազմը հայկական չէ, նույնիսկ եթե օդաչուները, տեխնիկները ՀՀ ռեզիդենտ են, գրասենյակը Հայաստանում է, օդանավերը չեն պատկանում Հայաստանի Հանրապետությանը, և օդանավի սեփականատերը իր քաղաքական և տնտեսական ծրագրերից ելնելով՝ ցանկացած պահի կարող է իր օդանավերը կամաց-կամաց հանել կամ առիթ գտնել այդ օդանավերը չօգտագործելու։ Դրա համար շատ կարևոր եմ համարում, որ օդանավերը պատկանեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական կամ ֆիզիկական անձանց»,-ասաց ավիացիայի մասնագետը։

Նա մեջբերեց ՀՀ ավիացիայի մասին օրենքը, որի համաձայն՝ Հայաստանում ավիաընկերություն ստեղծելու պարտադիր պայման է ՀՀ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձի սեփականությունը՝ 50 և ավելի տոկոս սեփականությամբ։

«Այսինքն, ստեղծել ավիաընկերություն, որտեղ  բաժնետոմսերի որոշակի փաթեթ և որոշում կայացնելու իրավունքը կլինի արտասահմանյան ընկերությանը, սա չի կարող ազգային լինել։ Դա պետք է պատկանի ՀՀ ռեզիդենտներին՝ լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ»,-ասաց նա։

Ազգային ավիափոխադրողը պետք է լուծի նաև այլ խնդիր․ նա պետք է ստեղծի ավիատեխնիկական բազա, տրապային տնտեսութուն, սնունդ պատրաստելու հարմարություններ․ ենթակառուցվածքներ, որոնցից կօգտվեն նաև տեղական այլ ավիաընկերություններ, որպեսզի ծառայությունների գինը նվազի։

Բացի այս, ազգային ավիափոխադրողը պետք է լուծի հայ օդաչուներ պատրաստելու խնդիրը։

Ավիացիայի մասնագետները համարում են, որ «Էյր Արաբիայի» հետ համաձայնագիրը մաքուր կոմերցիոն պրոյեկտ է, կարող է աշխատել, բայց ազգային չէ։ Դա կարելի է դիտարկել իբրև միջանկյալ տարբերակ դեպի ազգային փոխադրող։ Բայց դրան հասնելու համար ներկա համաձայնագրում պարտադիր պետք է նշվի, որ նա պարտավորվում է հայ օդաչուների կադրային բազա պատրաստել, առնվազն որևէ թվով ինքնաթիռներ ապահովել, մրցակցել օտարերկրյա փոխադրողների հետ և գրավել նրանց տեղը շուկայում և այլն։

«Ես ողջունում եմ «Էյր Արաբիայի» հետ համագործությունը, դա շատ ոչ ռիսկային, այսինքն պետության ռիսկերը նվազեցնող գործարք է, բայց եթե խոսքը ազգային փոխադրող ստեղծելու գաղափարի մասին է, ապա դա չի կարող լինել, որովհետև կրիտիկական պահերին կամ ռազմական դրության պայմաններում, լինի դա «Էյր Արաբիան» կամ այլ ընկերություն, իրավասու է ֆորսմաժորային պայմանների կամ պատերազմական պայմանների վրա հղում անելով՝ ուղղակի երկրի պաշտպանության խնդիրներին չմասնակցել»,-ասաց Հակոբ Ճաղարյանը։

Ավիացիայի մասնագետները նշում են, որ ի սկզբանե ազգային փոխադրողները եղել են պետական կամ պետական խիստ վերահսկողության տակ՝ ի տարբերություն կոմերցիոնի։ Դրանք ապահովել են որոշակի չվացուցակ, պատրաստել են կադրային բազա, ապահովել են տեխնոլոգիական անվտանգությունը, երկրի արտաքին անվտանգությունը։ Դրանք եղել են այն առանցքը, որի շուրջ զարգացել է երկրի քաղավիացիան ընդհանրապես։ Հետո այդ երկրներում սկսել են մասնավորեցնել ազգային փոխադրողներին, բայց, միևնույն է, պետության մասնաբաժնով և խիստ վերահսկողության ներքո։

Ազգային ավիափոխադրողը չի կարող լինել «լոու քոսթ» կամ «ոչ լոու քոստ»։ Այն պետք է լուծի կոնկրետ խնդիրներ։

Մինչդեռ «Էյր Արաբիան» կոմերցիոն պրոյեկտ է, «լոուքոստեր» է, նույնիսկ ջուրը կամ զուգարանն է վճարովի։

Ազգային փոխադրողը կառավարությունից պատվեր է ստանում՝ գնալ այս կամ այն ուղղությամբ։ Մինչդեռ օտարերկրյա մասնավոր ընկերությունը կարող է համաձայնել դա անել, կամ ոչ։

Հակոբ Ճաղարյանը ևս մեկ ասպեկտ է նշում․ ազգային ավիափոխադրողը վարչապետի, նախագահի կամ ինչ-որ հիմնադրամի հետ ստորագրված պայմանագրով չի ստեղծվում․ համաձայն Քաղավիացիայի միջազգային կազմակերպության փաստաթղթի՝ ազգային ավիափոխադրողը երկրի օրենքներով ստեղծված, երկրի ավիացիոն շուկայում գործող ավիաընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում օդային փոխադրումների ոլորտում, ինչպես նաև միջազգային ավիացիոն փոխադրումների ոլորտում և հանդիսանում է տվյալ երկրի ավիացիոն շուկայի կարգավորման ազգային գործիք։

«Այսինքն, դա երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է։ Հենց այդպես գրված է։  Դա ավիաընկերություն է, որը երկրի ավիացիոն շուկայում հավասարակշռող դեր է կատարում և ազդեցություն է ունենում տվյալ երկրի տարբեր ոլորտների վրա։ Եթե կառավարությունը ասում է՝ ես ազգային ավիափոխադրող եմ ստեղծում, դա բլեֆ է, դա հնարավոր չէ մի հրամանով ստեղծվի․ ավիաընկերությունը պետք է շուկայում գրավի իր ուրույն տեղը իր աշխատանքով և ոչ թե վարչապետի կամ կառավարության ստորագրած փաստաթղթով»,-ասաց Հակոբ Ճաղարյանը։

Նա նշեց, որ պետք է մտածել սեփական ինքնաթիռներ ունենալու մասին․ համաշխարհային շուկայում հիմա ինքնաթիռների մեծ ավելցուկ կա, միշտ կարելի է շատ լավ գնով գնել, դա խնդիր չէ։ Ինքն անձամբ, երբ պաշտոնավարում էր, աշխատել է «Բոինգի» և «Էյրբասի» հետ, մրցակցություն է ստեղծել Հայաստանի համար այս երկու գիգանտների միջև, ի վերջո, բերել է նոր գործարանից հանված՝ 8 «էյրբաս» օդանավի առաջարկ, տնտեսական տեսակետից ամենաշահավետը և ներկայացրել վարչապետին։ Այդ բանակցությունների արդյունքում ներկայացրել է նաև բիզնես պլան։ Գումարը պետք է փակվեր 10 տարում։ Այսուհանդերձ, 2020 թ-ից մինչև այսօր ՀՀ կառավարությունը այս հարցով լուռ է։

«Եթե ստեղծվում է ավիաընկերություն, որն իր աշխատանքով, իր փոխադրումների ծավալով դառնում է թեկուզ հայկական կողմից շուկայի հիմնական փոխադրողը, այդ դեպքում նաև պաշտպանում է երկրի անվտանգության խնդիրները։ Ինչպես օդանավերի կարիք ունեցանք 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց Հայաստանը պատերազմը դիմավորեց մեկ քաղաքացիական օդանավով»,-ասաց Հակոբ Ճաղարյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica