close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան-Ադրբեջան լայնածավալ պատերազմը այն «կաշմար» սցենարներից է, որն անհրաժեշտ է հաշվի առնել․ Մարկարով

Քաղաքական

20 Հուլիսի 2021, 21:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան-Ադրբեջան լայնածավալ պատերազմը այն «կաշմար» սցենարներից է, որն անհրաժեշտ է հաշվի առնել․ Մարկարով

Սահմանային լարվածությունը ոչ միայն անհանգստացնում է, այլ նաև պահանջում է նոր լուծումներ առաջադրել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ խոսելով Երասխում արդեն պարբերական դարձած ադրբեջանական հրաձգության մասին։

«Այն, ինչ մի քանի տարի առաջ թվում էր սարսափի սցենար՝ Ադրբեջանի կողմից լարվածության ներմուծումը հայ-ադրբեջանական սահմանի վրա, պոստնոյեմբերյան իրողություններից հետո դառնում է առօրյայի մաս»,-ասաց նա։

Պարզ է, որ Ադրբեջանն ունի իր նպատակները, նշեց Ալեքսանդր Մարկարովը, և այս գործողություններով փորձում է մաքսիմալիզացնել պատերազմի արդյունքները և կապիտալիզացնել այս արդյունքների հիման վրա։

«Նրանք չեն էլ թաքցնում, որ ուզում են հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Սյունիքի միջանցքի միջև, Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ ուզում են էքստերիտորիալության կարգավիճակ պահանջել՝ այդ թվում նաև Սյունիքի միջանցքի հետ կապված, Ադրբեջանը չի թաքցնում, որ իրենց առջև դրված է խնդիր՝ հետ բերել այն անկլավները, որոնք Խորհրդային ժամանակներում գտնվում էին Հայաստանի ԽՍՀ տարածքում և, ըստ էության, լարվածությունը այս սցենարի մի մասն է․ Ադրբեջանը իրականացնում է գործողություններ, որոնց միջոցով փորձում են ստանալ այն, ինչ չեն ստացել պոստպատերազմյան օրերի, ամիսների, շաբաթների ժամանակ»,-պարզաբանեց Ալեքսանդր Մարկարովը։

Կբերի՞ արդյոք սա լայնածավալ պատերազմի Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ քաղաքագետն ասաց՝ սա այն «կաշմար» սցենարներից մեկն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել։ Որովհետև երբ մենք կանխատեսում ենք զարգացումներ, ունենում ենք առնվազն 3 սցենարներ՝ իրականությանը առավել մոտ սցենարը, պեսսիմիստական կամ «կաշմար» սցենարը և լավատեսական սցենարը։ Կյանքը իրականում գտնվում է այս սցենարների արանքներում, բայց այս սցենարներից վերցնում է համապատասխան տարրեր։

«Իսկ արձագանքը համապատասխան գործողություններին ենթադրում է համապատասխան պատրաստի լուծումների կամ ոչ պատրաստի՝ ճգնաժամային լուծումներ․ իսկ վերջին շրջանում, ցավոք սրտի, առավել շատ են հենց ճգնաժամային արձագանքները։ Հայաստանը հերթական անգամ կոչ է անում հաստատել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, և սա հերթական անգամ հանդիպում է Ադրբեջանի ոչ միայն կոշտ հռետորիկային, այլ արդեն գործողություններին»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը։

Նա նկատեց, որ Ադրբեջանի առաջխաղացում դեպի Հայաստանի տարածք մենք արդեն ունենք․ մայիսից Ադրբեջանը ինչ-որ քանակով ներկայացված է Հայաստանի սուվերեն տարածքում և, ըստ էության, ընդամենը տեղի է ունենում քննարկում՝ ինչպես ազատվել Ադրբեջանի ներկայությունից մեր տարածքում։ Դա պահանջում է ոչ միայն երկխոսություն, այլև լուրջ միջնորդական աշխատանք այլ դերակատարներից։ Բայց այդ դերակատարները, բնականաբար, ունեն նաև սեփական նախասիրությունները մեր տարածաշրջանում, և այս նախասիրությունները ևս նկատի են առնվում բանակցային գործընթացում։

Առայժմ մենք ունենք մշտական լարվածություն, նշեց քաղաքագետը, արդեն անցել ենք այն վիճակից, երբ մշտական լարվածություն կար ադրբեջանաղարաբաղյան սահմանին, այնտեղ մենք ունենք խաղաղարարներ, այժմ մենք ունենք լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին, և ունենք Հայաստանի ներքաղաքական դաշտում դիսկուրսի փոփոխություն․ եթե մինչ այս խոսում էինք, որ անվտանգային խնդիրը Հայաստանի  համար կապված է Արցախի հետ, այսօր անվտանգային խնդիրը կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և առաջարկվող լուծումների հետ։  

Ալեքսանդր Մարկարովը վստահեցնում է, որ եթե մենք խոսում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, պետք է գտնենք առնվազն Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող սահմանագիծը, որը կարող է որպես հիմք հանդիսանալ այս գործընթացների համար։

«Այն քարտեզները, որ Ադրբեջանն այսօր օգտագործում է, կարող է հանդիպել այլ քարտեզագրական և պատմական իրականության հետ․ մենք պարտավոր ենք ներկայացնել այն իրավիճակը, որը տիրում էր ԽՄ ձևավորման սկզբնական ժամանակահատվածում՝ 1920-ական թվականներին, երբ, ըստ էության, սահմանային խնդիրներն ավելի շատ գոյություն են ունեցել Ադրբեջանի և Վրաստանի միջև։ Իսկ Սյունիքում գործ ունեինք «Կարմիր Քրդստանի» հետ, և Արցախը կպած էր Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը»,-ասաց Ալեքսանդր Մարկարովը։

Ադրբեջանցիներն ինչքա՞ն կարող են առաջ գալ․ Մարկարովի վատ պատասխանն այն է, որ՝ ինչքան թույլ կտանք, իսկ լավ պատասխանն այն է, որ լավ պատասխան չկա։ Սեփական սահմանների պաշտպանությունն, ասաց նա, ցանկացած երկրի առաջնային գործառույթն է։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica