close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ մարդն իր մեջ հաղթի տգիտությունը, ամբոխին ձուլվելու հակումը՝ թշնամուն ինքնաբերաբար կհաղթի․ նկարիչ-ազատամարտիկ

Հասարակություն

24 Հունիսի 2021, 16:50
 Երբ մարդն իր մեջ հաղթի տգիտությունը, ամբոխին ձուլվելու հակումը՝ թշնամուն ինքնաբերաբար կհաղթի․ նկարիչ-ազատամարտիկ

«Ուզում եմ արհեստական գծված, անիմաստ սահմաններից դուրս եկած տեսնել մարդ արարածին, բնությանը մոտ, առանց մասսային ձուլվելու և ամենակարևորը՝  մանկության մի պատառիկը հոգում ամուր պահած»,- գյումրեցի նկարիչ Արթուր Գաբրիելյանն է նկարում ու բնութագրում իր մտապատկերի  իդեալական մարդուն։

«Ես ինձ նկարիչ չեմ համարում, ես նկարի միջոցով խոսում եմ, իմ նկարները նայելու չեն, կարդալու են, ամեն մի նկարը պատմություն է, կոնկրետ ասելիք, ինֆորմացիայի փոխանցում»,-վստահեցնում է նկարիչը։

Արթուրը նկարել սկսել է մանկությունից, հիշում է՝ առաջին անգամ 4 տարեկանում նկարել է պատուհանից երևացող անձրևի տեսարանը, նկարելու պահանջն էլ,  ինչ իրեն հիշում է, մշտապես ու ամենուր ուղեկցել է իրեն։

Նկարում է գրչով՝ միայն սովորական գրչով,  յուղաներկ էլ է փորձել, բայց գրիչը հաղթել է, քանի որ այն էությամբ շատ է  նման իրեն՝ բարդ, բայց միևնույն ժամանակ հնարավորություններով լի։ «Հեշտ ու անխոչընդոտ ճանապարհով շատերն են քայլում, բայց երբ ինչ որ բան հաղթահարվում է դժվարությամբ, արդյունքն ավելի է գոհացնում»,-վստահեցնում է Արթուրը։

Նկարիչ դառնալու ընդունված ճանապարհը չի անցել, չունի նկարչի  մասնագիտական կրթություն, գտնում է, որ նկարել չեն սովորեցնում, դա նույնն է, թե մարդուն երազել սովորեցնես, միգուցե նկարչություն սովորելու արդյունքում մարդ դառնա մեկը, ով կարողանում է  սիրուն աղվես նկարել, բայց նա, միևնույնն է,  նկարչական արվեստի բերկրանքը երբեք չի զգա։

Նկարներում պայքար ու ընդվզում ենք տեսնում, անհամաձայնություն՝ տիրող իրականության հետ, հարցնում ենք նկարչին, թե ինչի՞ դեմ է պայքարում, ասում է՝ նկարով կռիվ եմ մղում սուտ հայրենասիրության, սուտ բարության,  կեղծ քաղաքակրթության ու ընդհանրապես՝ ցանկացած կեղծիքի դեմ։ Նկարելով վեր եմ հանում գիտակցված ու ազատ ապրող մարդու հոգու ճախրանքը։ Եթե մարդն իմ նկարի հետ համաձայն չէ, ես չեմ մեղադրում, ոչինչ փոխել չեմ ուզում, ուզում եմ պարզապես ցույց տալ խնդիրը։ Մարդուն մարդ դարձնողը ապրումներն են, ապրումն է թրծում մարդու հոգին, լավ ու վատ ապրումներ չկան իմ աշխատանքներում, ատելությունն էլ, սերն էլ միաժամանակ տեղ ունեն իմ նկարներում։ Ամեն մի ապրում իր գույնն ունի, իր ձևն ունի, անգամ իր հոտն ունի, ազատությունը օրինակ․․․ազատությունը սառույցի գույն ունի, այդ սառը գույնին արժանի լինել է պետք, վաստակել է պետք։

«Ազատություն» բառն ասելիս՝ Արթուրը մի պահ լռում է, մտովի հետ է գնում իննսունականների սկիզբ․․․Քիչ է պատմում այդ մասին՝ կարճ ու հակիրճ՝ Զանգելան, Ֆիզուլի, Հորադիզ․․․ազատագրեցինք․․․Մահն այդքան մոտիկից տեսնելուց հետո երիտասարդ նկարիչը սկսում է նկարել միայն  սև-սպիտակով ՝ մռայլ շեշտադրումներով․ «2000-ից սկսեցի գույներից չվախենալ, փորձեր արեցի դուրս գալ գունազուրկ  իրականությունից, սկսեցի կարմիր մտցնել կյանքիս ու նկարներիս մեջ»։ Դրան հաջորդեցին բազմազան գույներն ու ասելիքը, հարյուրավոր նկարների ծնունդները։ 44-օրյա պատերազմը կրկին խառնեց ապրելու ու նկարելու հունը, մի պահ Արթուրը սկսեց չնկարել․ «Լռեցի, ասել է թե՝ չնկարեցի, քանի որ նկարը ես իմ միջով եմ անցկացնում, ապրում այդ իրականությունով, դժվար էր այդչափ լեռ քարի ծանրությունն անցկացնել սրտիս վրայով։ Եթե հրեշավոր բան ես նկարում, ինքդ պիտի հրեշ դառնաս։ Որոշ ժամանակ անց նորից գրիչները ձեռքս վերցրի, բայց  ոչ թնդանոթ նկարեցի, ոչ արյունալի տեսարաններ, սկսեցի նկարել  մարդու, անհատի կայացման ճանապարհը, վեր հանել կայացած մարդու դերն ու նշանակությունը: Երբ մարդն իր մեջ հաղթի տգիտությունը, ամբոխին ձուլվելու հակումը՝ թշնամուն ինքնաբերաբար կհաղթի։ Նկարը սկզբում իմ մտքում է ծնվում, ես վերջնական տեսքով այն կրում եմ մտապատկերումս, ի դեպ ասեմ, շատ համառ են նկարներս, մինչև թղթին չհանձնեմ, ինձ հանգիստ չեն տալիս։ 360 նկար ունեմ, ամեն մեկը ինձանից մասնիկ է տարել, բայց ինձ չի սպառել, հակառակը՝ զրուցել են ինձ հետ, ընկերակցել, ապրումակցել, ես հարուստ եմ իմ նկարներով»։

Աննման Մինասյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica