close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԸԵՄՄ-ն ընդունեց բանաձև, որով ճանաչվում է Արցախի Հանրապետության անկախությունը. Սարինե Աբրահամյան

Քաղաքական

23 Հունիսի 2021, 15:57
 ԸԵՄՄ-ն ընդունեց բանաձև, որով ճանաչվում է Արցախի Հանրապետության անկախությունը. Սարինե Աբրահամյան

Երբ պատերազմը սկսվեց, մենք անմիջապես կապ հաստատեցինք Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության՝ IUSY-ի նախագահության հետ, որ պետք է հայտարարություն և դիրքորոշում ընդունի, քանի որ Արցախը հարձակման է ենթարկվել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԸԵՄՄ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը՝ պատմելով Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (ԸԵՄՄ, IUSY) կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևի մասին։

ԸԵՄՄ-ն միջազգային միություն է, որը 106 երկրներում ունի ավելի քան 150 երիտասարդական կազմակերպություններ։ Սարինե Աբրահամյանն ասաց՝ միությունը, որդեգրելով Արցախի անկախության մասին այս բանաձևը, ցույց է տալիս, որ բոլոր 150 անդամ կազմակերպություններն ընդունում են այն և իրենց համար այս բանաձևը դառնում է պարտադրող: Բանաձևն ընդունելով նաև առիթ է տրվում հաջորդիվ գործնական քայլեր ձեռնարկել միջազգայինի միության շրջանակներում:

«Երբ պատերազմը սկսվեց, մենք բավական լավ հարաբերություններ ունենք թե՛ մեր տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնք անդամակցում են միությանը, թե՛ ընդհանուր Եվրոպայում կազմակերպությունների, նախագահության ներկայացուցիչների հետ։  Այդ ժամանակվանից արդեն մենք սկսել ենք բարձրաձայնել պատերազմի բոլոր ցավալի հետևանքների մասին։ 2017 թ-ին IUSY-ի հետ համագործակցաբար մենք Արցախում կազմակերպեցինք ուսումնական այց։ Այդպիսի քայլերով ժամանակի ընթացքում փորձել ենք Արցախի խնդիրը լսելի և ճանաչելի դարձնել»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

Նա նշեց, որ մինչև բանաձևի ընդունումը միության անդամ կազմակերպության ներկայացուցիչները շատ քիչ տեղեկություն ունեին Արցախի մասին։ Ճանաչողական այցը, որին մասնակցեցին 25 երիտասարդ քաղաքական գործիչներ, նաև ՀՅԴ Երիտասարդականի անդամների իրենց տեղեկատվական աշխատանքը, հատկապես պատերազմի օրերին, քայլ առ քայլ տվեցին իրենց արդյունքը։

«Երբ եղավ պատերազմը, մենք անընդհատ բարձրացրինք հարցը, անընդհատ կապի մեջ էինք մեր գործընկերների հետ, և իրենց թե՛ տեղեկություն էինք փոխանցում, թե՛ փորձում էինք համոզելով, կոչ անելով, որ անպայման այս հարցերը բարձրացնեն՝ թե ինչ է տեղի ունենում Արցախում, ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում Ադրբեջանի կողմից, ինչպիսի ոճրագործություններ մարդկության դեմ...»,-ասաց նա։

Դրանից հետո, երբ արդեն պիտի տեղի ունենար ԸԵՄՄ բարձրագույն ժողովը, իրենք արդեն պատրաստել էին բանաձև և սկսել դերակատար բոլոր անձանց հետ կապի մեջ մտնել, որ անպայման բանաձևն իր տեքստի բոլոր խիստ շեշտադրումներով որդեգրվի՝ հակազդեցություն չլինի։

«Երկու տարին մեկ Միության բարձրագույն ժողովին առիթ է տրվում, որ բոլոր կազմակերպությունները ներկայացնեն բանաձև այն խնդիրների մասին, որոնք իրենց հուզում են։ Այս բանաձևում կոչ է արվում միջազգայնորեն ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը, բանաձևում Ադրբեջանի և Թուրքիային դատապարտելուց բացի կոչ է արվում կոնկրետ քայլեր ձեռնարել, այդ թվում՝ նամակ հղել ՄԱԿ-ին ազատ արձակելու հայ ռազմագերիներին և պատանդներին, ԵԱՀԿ ՄԽ-ին խաղաղ բանակցությունների գործընթացը վերսկսելու, իսկ UNESCO-ին հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը: Բոլոր կազմակերպությունները, ովքեր անդամակցում են, հիմնականում տարբեր երկրներում քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևն են ներկայացնում: Կուսակցություններ, որոնք ղեկավարում են երկրներ, կառավարության անդամներ են․ այս կազմակերպությունները բանաձևի միջոցով կարող են աշխատանք տանել իրենց երկրներում, իրենց մայր կուսակցությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ ու կարողանանք կառավարությունների կոչ անել, որ իրենց դիրքորոշումը հայտնեն և ճանաչեն Արցախի անկախ Հանրապետությունը»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

Բանաձևում նաև նշված է, որ դատապարտվում է Թուրքիայի կողմից ռազմական օգնությունը, վարձկանների տեղափոխումը դեպի Ադրբեջան, դատապարտվում է Թուրքիայի կեցվածքը, որը բացարձակ չի նպաստում որևէ խաղաղ հանգուցալուծման։

«Այն մտքով է ներկայացված, որ Թուրքիան փորձում է ուժերի փոփոխություն ստեղծել և իր միջամտությամբ հիմնախնդիրը ավելի սրել, լարել․ այդպիսով, բանաձևում խոսվում է Թուրքիայի դերը դատապարտելու մասին»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

Արցախի հարցի կարգավորումը նա պատկերացնում է Արցախի հարցի միջազգային ճանաչմամբ։

«Վերջին զարգացումները ապացուցեցին, որ միայն ճանաչումով մենք կարող ենք ապահովել արցախցու ազատ ապրելու իրավունքը։ Այսօր մենք հույս ունենք, որ հարցը կունենա խաղաղ և կայուն լուծում»,-ասաց նա։

Ի՞նչ սահմաններում պետք է ճանաչվի Արցախի Հանրապետությունը՝ բանաձևը չի հստակեցնում, դա այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկվի սահմանների հարցը, պարզապես բանաձևում կոչը պետք է տեսնել այն դիտանկյունից, որ միայն ճանաչելով է հնարավոր ապահովել, Արցախում ապրող հայ մարդու կյանքը, որպեսզի հայ մարդը վտանգված չլինի, ապահով ապրի իր հայների հողում։

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը օրերս է ընտրվել ԸԵՄՄ-ի փոխնախագահ։ Ասում է՝ միայն անդամ կազմակերպության քաղաքական աշխատանքով ու ներդրումով է և ակտիվ աշխատանքի արդյունքով է, որ հնարավոր է ընտրվել փոխնախագահ կամ այլ պաշտոն ստանձնել: Նաև, որպես համաշխարհային կազակերպություն, ԸԵՄՄ-ն կարևորում և պահպանում է տարածաշրջանային հավասարակշռությունը: Միությունը դաշնակցական փոխնախագահ ունեցել է մեկ էլ 2016-18 թվականներին։

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը ստեղծվել է 1907 թ-ին՝ ունի մեկ դարից ավելի պատմություն և խորհրդակցական կարգավիճակ ՄԱԿ-ում՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն։

«Մենք այդտեղ կարող ենք թե՛ ստեղծել կապեր այլ երիտասարդ քաղաքական գործիչների հետ, և թե՛ կարող ենք մեր հայկական խնդիրները բարձրացնել, նաև կարող ենք մեզ դաշնակցական երիտասարդներից հուզող հարցերի մասին բարձրաձայնել, օրինակ՝ մարդկային իրավունքներ, սոցիալական արդարություն, համաշխարհային համերաշխություն և այլն, կարող ենք նաև տարբեր համաշխարհային խնդիրներ քննարկել և քաղաքական լուծումներ տալ»,-ասաց Սարինե Աբրահամյանը։

ԸԵՄՄ-ն անկախ միջազգային երիտասարդական կազմակերպություն է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica