close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա Շիրազի 80-ամյակի առիթով Կապուտիկյանի տուն-թանգարանում ցուցահանդես է բացվեԼ

Հասարակություն

9 Հունիսի 2021, 16:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա Շիրազի 80-ամյակի առիթով Կապուտիկյանի տուն-թանգարանում ցուցահանդես է բացվեԼ

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի 80-ամյակի առիթով նրա մայրական տանը՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում բացվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։

Արվեստասեր հասարակությունը տաղանդավոր արվեստագետի աշխատանքներին ծանոթանալու մեկ ամիս ժամանակ ունի՝ ցուցադրությունը կգործի մինչեւ եկող ամսվա վերջը։ Արա Շիրազի ստեղծագործություններից թանգարանում մի քանի գործ է ներկայացված՝ Վահան Տերյան, Մհեր Մկրտչյան, Զորավար Անդրանիկի հուշարձանի մանրակերտը, ցուցադրված են նաեւ արխիվային նյութեր ու լուսանկարներ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին եւ հիշատակի խոսք ասացին նկարիչ-քանդակագործներ Վանանդ Շիրազը, Հաղթանակ Շահումյանը, Հրանտ Հովսեփյանը, Յուրի Պետրոսյանը, թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, ֆոնդապահ Սեյրանուհի Գեղամյանը, արվեստաբան Արմեն Առուստամյանը, նկարիչ Գագիկ Սիրավյանը, մանկավարժ Մառլենա Սիմոնյանը։

Yerkir.am-ի հետ զրույցում Արա Շիրազի եղբայրը՝ Վանանդ Շիրազը, ասաց, որ արվեստագետի 80-ամյակի առիթով տարվա ընթացքում մի քանի այլ նախաձեռնություններ էլ կլինեն։ «Արա Շիրազի ստեղծագործությունների պատկերագիրք ունենալու համար նամակով մի քանի անգամ դիմել եմ նախագահին, բայց պատասխան չկա։ Այդ գրքում կամբողջանային Արա Շիրազի ստեղծագործությունները եւ նրա մասին խոսք ասած արվեստաբանների, ժամանակակիցների հուշագրությունը։ Հուսանք տարվա մեջ պատասխան կգա նախագահից։ Իհարկե, կամերային ցուցահանդեսներ, հաղորդաշարեր եւ հարցազրույցներ նույնպես կլինեն։ Արա Շիրազն այն արվեստագետն է, որի մշակութային եւ գաղափարական էներգիան հատկապես այս օրերին մեզ շատ է պետք»,- ասաց Վանանդ Շիրազը։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանի խոսքով՝ Արա Շիրազը մեր ամենաարդիական, ամենահայ, ամենաազգային քանդակագործն էր՝ 1960-ականներից սկսած։ «Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ նա երկու հանճարների զավակ էր, ընտրեց իր ուղին եւ, մեծ ժայռեր ճեղքելով, գնաց առաջ։ Նրա քանդակները հասել են այլ մայրցամաքներ, Տրետյակովյան թանգարան, զարդարում են մեր քաղաքը, եւ միայն Կոմիտասի պանթեոնում հինգ շքեղ քանդակ ունի՝ մեկը մյուսից հրաշալի, արվեստի գլուխգործոց»,- նշեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica