close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին թուրքական կողմը փորձում է վիճելի դարձնել ՀՀ տարածքը․ Շահեն Շահինյան

Քաղաքական

18 Մայիսի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին թուրքական կողմը փորձում է վիճելի դարձնել ՀՀ տարածքը․ Շահեն Շահինյան

Ցանկացած ՀՀ քաղաքացի պետք է իր համար ֆիքսի, որ այս պահին այն տարածքները, որ թուրքերը անվանում են վիճելի, դրանք հայկական հողեր են՝ ՀՀ տարածքներն են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Նա արձանագրեց, որ այս պահին թուրք-ադրբեջանական կողմը փորձում է վիճելի դարձնել ՀՀ տարածքը։

«Եվ սա պետք է ստանա միանշանակ լուծում, և Հայաստանի տիրապետության տակ պետք է վերադարձվեն ՀՀ այդ հողերը՝ սկսած այն հատվածից, որ Սև լճի հատվածում թշնամին խորացել է 3-3,5 կմ, ավարտած Վարդենիսի Վերին Շորժայի հատվածով։ Այդ բոլոր հատվածները ՀՀ տարածքն են»,-ասաց նա։

Նա անթույլատրելի համարեց, որ Սև լիճը  վերահսկվի ադրբեջանական դիրքերից․ վստահեցրեց, որ պետք է բանակցվի և դրա դիմաց պետք է լինի համարժեք հայկական դիրք, որը կկարողանա զսպել այդ դիրքից հայկական տարածք ոտնձգությունը։  Կամ էլ, նրա խոսքով, պետք է ստեղծվի չեզոք գոտի։

Քարտեզագիրը նկատեց, որ բոլոր թվականների քարտեզներում Սև լիճը՝ իր մեծ մասով, գտնվում է ՀՀ տարածքում․ սկսած 1929 թ-ի, 1977 թ-ի և ավելի ուշ քարտեզներում Սև լիճը մեծ մասով ՀՀ տարածքում է։ Այսինքն, այն բոլոր պնդումները, որ ադրբեջանական զորքերը գտնվում են իրենց տարածքում, մտացածին են և սուտ են։

«Այս բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ պետական արխիվներում պահպանվող քարտեզները, որոնք պահպանվում են 3 կողմում էլ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արդբեջանում, և թե՛ ՌԴ-ում։ Դրանք այն քարտեզներն են, որոնք կնքվել են Սովետական տարիներին և հաստատվել են մեր և Ադրբեջանի Խորհրդային ղեկավարությունների կողմից»,-ասաց նա։

Համաձայն Ադրբեջանի իշխանությունների՝ բանակցությունները ընթանում են 1973-75 թթ քարտեզների շուրջ, քանի որ այդ տարիներին սահմանների ճշգրտման աշխատանքներ են իրականացվել։

«Մեզ համար դեռևս բացատրություն չունի, թե ինչո՞ւ հենց այդ թվականի քարտեզները․․․ այն դեպքում, որ քարտեզների վերաբերյալ ստորագրված, հրապարակված փաստաթուղթ չկա, կարող է լինել ինչ-որ գաղտնի փաստաթուղթ կամ ուղղակի պայմանավորվածություն, որ բանակցություններն ընթանան այդ քարտեզներով, բայց հրապարակային ոչ մի փաստաթուղթ չի եղել, որ մենք դելիմիտացիայի-դեմարկացիայի համար հիմք ենք ընդունում այսինչ թվականի քարտեզները»,-ասաց Շահեն Շահինյանը։

Նա նկատեց, որ միայն առաջնորդվել կույր քարտեզով ճիշտ չէ, քանի որ ցանկացած դիրք, ցանկացած բարձունք, որը զբաղեցնում է հակառակորդը կամ զբաղեցնում ենք մենք, իր ազդեցությունն է ունենում այնտեղի բնակիչների իրավունքների, կյանքի վրա, և դրա համար է, որ  դելիմիտացիոն հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն քարտեզագիրներ, այլ մոտ տասնյակ ոլորտների ներկայացուցիչներ, որոնց խնդիրն է, որ սահմանազատման աշխատանքների բացասական ազդեցությունը հանրության վրա լինի նվազագույնը։

«Այսինքն, չի կարելի ասել՝ ա՛յ տեսեք, գծած է, որ քո տունը կիսվում է սահմանով, ապա դու  պետք է տանդ կեսը տաս թշնամուն։ Հենց դրա համար է նախատեսված  սահմանազատման աշխատանքների այդ բարդ մեխանիզմը, որ պետք է քննարկել և այնպես անել, որ բնակչի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցվի»,-ասաց Շահինյանը։

Տավուշի մարզից 8 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին են խոսում․ քարտեզագիրը մտահոգություն հայտնեց, որ այդ պարագայում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանը բավական ծակծկոտ կդառնա,  և այդտեղ կարող է մեզ համար խնդիրներ առաջացնել․ այս հարցը նույնպես պետք է բանակցվի։

«Մենք՝ այս պահին, չգիտես ինչու, առաջ ենք բերել այդ անկլավների բանակցության մասը, ընդ որում, բանակցելով միայն Ադրբեջանին պատկանող անկլավների մասով։ Միգուցե պետք էր մինչև անկլավներին հասնելը բանակցել արտաքին սահմանը, հետո նոր անցնել անկլավների՞ն, կամ միգուցե պետք է այդ անկլավները վերացնե՞լ, այդ հարցերին պետք է պատասխանեն սահմանազատման հանձնաժողովի անդամները»,-ասաց Շահեն Շահինյանը։

Քյարքի բնակավայրի՝ Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները ևս վտանգավոր է համարում քարտեզագիրը․ ասում է՝ Սովետական տարիներին գոյություն ուներ Քյարքի կոչված անկլավը՝  ներկայիս Տիգրանաշենի հատվածն է, և բոլորս գիտենք, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող միջպետական Մ-2 ճանապարհն անցնում է հենց այդ հատվածով։

«Այդ ճանապարհին մենք չունենք շատ թե քիչ արդյունավետ այլընտրանք, քանի որ մեր հիմնական տրանսպորտային զարկերակը անցնում է այդ հատվածով, և արդյո՞ք այդ հատվածը Ադրբեջանին հանձնել ճիշտ է, թե չէ՝ մեզ համար լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Շահեն Շահինյանը նկատեց, որ մենք ևս ունենք անկլավ Ադրբեջանի տարածքում՝ Արծվաշենը, որը զավթված է նրանց կողմից, և նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է քննարկվում Քյարքիի վերադարձ և չի քննարկվում հայկական տարածքի՝ Արծվաշեն բնակավայրի, վերադարձ, որը իր տարածքով մի քանի անգամ գերազանցում է Քյարքիին։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica