Փոխզիջման անհրաժեշտությանը լավատեսությամբ վերաբերվողները կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ. Սենոր Հասրաթյան
Հասարակություն

Ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը: Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր․ ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
Նա նաև նշել է.
«Տարածաշրջանային ընթացիկ և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով, ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, թեկուզ չափավոր լավատեսությամբ էին վերաբերվում փոխզիջման անհրաժեշտությանը, ևս մի քիչ, և կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան արդեն կրակոցով կամ առանց կրակոցի կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ»:
«Որքան էլ դժվար, բայց այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը ոգևորության մեջ հայտնված հակառակորդի «ախորժակը» զսպելն է: Իսկ, թե ինչպես է դա հնարավոր անել, կարող է հայտնի լինել միայն հաղթող առաջնորդին և ոչ երբեք երկիրն անորոշության տանող պարտված պատահականությանը», - ընդգծել է գնդապետը: