close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պառակտված ժողովուրդ, անպատրաստ վիճակ. Արամ Պետրոսյանը՝ պատերազմի պատճառների և ելքի մասին

Քաղաքական

11 Մայիսի 2021, 19:26
 Պառակտված ժողովուրդ, անպատրաստ վիճակ. Արամ Պետրոսյանը՝ պատերազմի պատճառների և ելքի մասին

44-օրյա պատերազմը հայ ազգի համար հավերժ կմնա ամենածանրը՝ հազարավոր զոհեր և վիրավորներ, տեղահանվածներ, որոնց կեցության հարցը դեռ օդի մեջ է, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս ու բազմաթիվ անպատասխան հարցեր: Պատերազմի մասին Yerkir.am-ը խոսել է իրավաբան, 44-օրյա պատերազմի մասնակից,  «5165»  շարժման Պետաիրավական հանձնաժողովի համակարգող Արամ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ սկսվեց 2020-ի պատերազմը, ինչո՞ւ այսպիսի ելք ունեցավ, ո՞ր գործոնների հետևանքով մենք պարտվեցինք:

-Պատերազմի սկսվելը պայմանավորված էր  Հայաստանի ներքին քաղաքական վիճակով, ժողովրդի պառակտված լինելու հանգամանքով ու մի շարք արտաքին գործոններով: Մենք իրականում պատրաստ չէինք նման լայմասշտաբ պատերազմի: Փակագծերը բացելով՝ նշեմ, որ ՄՕԲ-ը երբևիցե չէր եղել այն վայրերում, որտեղ եղավ պատերազմի օրոք, մարդիկ տեղանքին ծանոթ չէին ընդհանրապես: Մարդիկ տարիների ընթացքում իրենց ունեցած զինվորական հմտությունները կորցրել էին՝ այդ թվում հենց ես, քանի որ պարտադիր զինվորական ծառայություն անցել եմ 20  տարի առաջ և երբեք չէի վերապատրաստվել: Պետությունը պետք է երաշխավորը լիներ նրա, որ մարդիկ անցնեին ռազմական վերապատրաստում, բայց դա երբեք չի եղել: Շատ թերի ու բաց տեղեր կար պատերազմի համակարգման հարցում՝ նույնիսկ իրար հետ դիրք պահող մարդիկ իրար չէին ճանաչում, ժամանակ չկար իրար ճանաչելու: Նույնիսկ նույն զինկոմիսարիատում հավաքագրված մարդիկ նույն վայր չէին ուղարկվում, իրարից հեռու էին, անգամ տարածքի ճանաչողության խնդիր կար:  ՄՕԲ-ի սպայական կազմում ընգրկված էին կամ սպաներ, որոնք արդեն թոշակի էին անցել, կամ ուսումնարաններում և ռազմական հաստատություններում տեսական գիտելիք ունեցող անփորձ  մարդիկ: Չհամակարգված էր ամեն ինչ՝ սկսած նրանից, թե Երևանում ոնց էին գնում զինկոմիսարիատներ, վերջացրած նրանով, թե ինչպես էին հասնում դիրքեր:

-Դուք որպես հրամանատար եք մասնակցել պատերազմին, անկազմակերպ լինելու հետևանքով անձամբ Ձեր հետ միջադեպեր եղե՞լ են

-Հենց իմ օրինակով խոսեմ, այո,  հոկտեմբերի երեքին գնացի, որ կամավորագրվեմ, և ինձ համոզում էին, որ ես զենիթահրթիռային զորամաս գնամ և լինեմ սպայական կազմում, բայց ես հրաժարվեցի, քանի որ պատասխատավությունը հասկանում էի, նրանք միայն հաշվի էին առնում իմ բարձրագույն կրթությունը, իսկ միայն  դա քիչ է: Այդ օրը ես չգնացի: Գնացի հոկտեմբերի 5-ին և հենց առաջին իսկ րոպեից անբացատրելի խնդիրներ տեսա՝ կենտրոնական հավաքատեղիում մի քանի հարյուր հոգու համար անգամ տարրական քնելու պայմաններ չկային: Առավոտյան՝ ժամը 05:00-ին,  ես ասացի, որ մարդիկ գերհոգնած չեն կարող գնալ առաջնագիծ և տարրական քնի խնդիր պետք է չունենան գոնե մինչ այնտեղ մեկնելը: Հետո գնացինք Արմավիրում վերապատրաստման, որտեղ երկու օրում ընդամենը 16 փամփուշտ տրամադրեցին, քնելու տեղ հատկացնելու խնդիր կրկին կար: Հետո տեղափոխվեցինք Գորիս, որտեղ ասացին, որ ավտոբուսների մեջ պետք է քնենք, իսկ այդտեղից տարան Հադրութ: Այսինքն՝ արդեն 3-4 օր մարդիկ արդեն գերհոգնած վիճակում հասան Հադրութ:

-Դուք խոսեցիք ֆիզիկապես գերհոգնած վիճակում Արցախ հասնելու մասին, իսկ հոգեբանական առումով ի՞նչ վիճակ էր տիրում:

-Մարդիկ հոգեբանորեն պատրաստ չէին, քանի որ սարսափելի տեսարաններ էին այնտեղ: Գնալու ճանապարհին մի քանի տեղ URAL մեքենաների մեջ 18-ից 20 տարեկան երեխաների դիեր էին, այդ տեսարանի միջով անցնելուն ոչ բոլորն էին պատրաստ: Ամենաահավորն այն էր, որ Հադրութից հետ գալու ժամանակ այդ նույն մեքենաները՝ լի դիակներով, այնտեղ էին: Հարց էր առաջանում՝ ինչո՞ւ չեն տանում, ինչո՞ւ չեն զբաղվում այս խնդրով: Մենք ո՞նց կարող էինք հաղթել մի պատերազմում, որտեղ անգամ մեր տղաների դիակները չէին կարողանում ժամանակին բերել հետ: Ռազմական ղեկավարությունն ու քաղաքական ղեկավարությունը պետք է կարողանային կողմնորոշվել, թե ինչ անել:

-Շատ է խոսվում այն մասին, որ պատերազմի ընթացքում սխալ հրամաններ է տրվել անընդհատ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք մեկ շաբաթ եղել ենք Հադրութի մոտակայքում և չգիտեինք, թե ի՞նչ անել: Տեղանքը մարտական չէր, զորքերըը ասֆալտի վրա էին կանգնած, ներքին խոսակցությունների մակարդակով գիտեինք, որ թշնամին հիմնականում պատսպարվել էր հայկական եկեղեցում, բայց վնասազերծելու համար ոչինչ չէր արվում և ոչինչ չէր ասվում: Ես տեսել եմ «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամին իր զինվորականներով, և շատ այլ արժանապատիվ զինվորականների, որոնք դիվերսիոն գործողություններով մտնում և դուրս էին գալիս Հադրութ՝ թշնամուն հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով, իսկ ՄՕԲ-ը ոչնչով զբաղված չէր: Չգիտեմ մենք ի՞նչ ռեսուրս ենք ունեցել, որ գնահատեմ մեր զինված ուժերի ողջ գործողություններն ու տրված հրամանները, բայց կասեմ, որ մենք անպատրաստ էինք: Շատ են խոսում, որ արդեն գարնանը կամ ամռանը հայտնի էր, որ  սկսվելու է պատերազմը, իսկ այդ դեպքում մենք ինչո՞ւ էինք այսքան անպատրաստ:

-Կա նաև կարծիք, որ սա դավադիր պատերազմ էր, կիսո՞ւմ եք նման կարծիքը:

-Դավադիրը իրավական գնահատական է, որի համար արդարադատություն պետք է իրականացվի, բայց տարբեր դրվագներում, որոնց ես ներկա եմ եղել, այդ միտքը բարձրաձայնվել է: Այդ անպատրաստությունն էլ դավադրություն կարելի է համարել:  Ես նաև Շուշիի պաշտպանությանն եմ մասնակցել՝ Քարին տակ գյուղից քիչ հեռու, մինչև նոյեմբերի 5-ը մենք մեկ գումարտակով մեկ շաբաթ կարողացել ենք պահել թշնամու առաջխաղացումը: Մենք բավական լավ պահեցինք Շուշին, բայց պարզվեց, որ մեր գումարտակին օգնության չէին գալու:  Նոյեմբերին Շուշիում հիմնականում մառախուղ է։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերն իմ հրամանատարության տակ գտնվող զինվորներից մեկն ասաց, որ ձայներ է լսում, ես տեղյակ պահեցի իմ հրամանատարությանը, բայց չունեինք համապասխան տեսադիտարկման սարքեր, որ մառախուղի պայմաններում տեսնեինք ձորը։ Մենք լուռ սպասեցինք, երկու ժամից հասկացանք, որ թշնամին փորձել է մեզ շրջափակել, բայց պարզվեց՝ Քարին տակ գյուղում կար կամավորական ջոկատ, որը գյուղապետի գլխավորությամբ նկատել էր թշնամու տվյալ առաջխաղացումը, և իրենց բացած կրակից հետո, նրանք խուճապահար եղան։ Նրանք փորձեցին նահանջել, բայց ընկան մեր նշանառության տակ։ Մի քանի ժամ մենք ձորի թշնամիներին ենք վերացրել, առավոտյան շատ քիչ ողջ մնացածներ կային նրանց մեջ։ Ժամեր տևած մարտից հետո մենք գերհոգնած էինք և թերսնված,  իմ հրամանատարությունից ստացա հրաման մի քիչ էլ սպասել, և այդ ժամանակ թշնամին սկսեց հրետակոծել։ Մենք դրան նախորդող երկու շաբաթում զոհ և վիրավոր այդքան չունեինք, քան այդ հրետակոծության հետևանքով։ Տեղում զոհ եղավ, շտապ օգնության մեքենաներից մեկը կարողացավ մոտենալ և տեղափոխել ամենածանր վիճակում գտնվող վիրավորներին։ Ստացանք նահանջի հրաման,  գետի միջով նահանջեցինք։ Հետո հասկացանք, որ մեզ կրկին շրջափակման մեջ են փորձում վերցնել, հեռակապով օգնություն կանչեցինք, բայց օգնություն չստացանք, քանի որ օպերատիվ իրավիճակը փոփոխական էր։ Այդ պահին մենք խնդրեցինք, որ եթե տեսնեն գերի ենք ընկել, ապա մերոնք մեզ կրակեն։ Նրանք ճանապարհ ասացին, որով պետք է գնայինք, բայց փառք Աստծո չգնացինք, քանի որ այդտեղ երկու ական ընկավ, մենք սարով բարձրացանք և հրաշքով փրկվեցինք։ Շուշին վերջին գիծն էր պատերազմում, մեր ամբողջ ռեսուրսը պետք է կենտրոնացվեր այդտեղ, բայց չկար դա: Շուշին վերջին պահին պահում էին մայրուղու հատվածում մի քանի հարյուր ոստիկան, որոնք ըստ պատշաճի զինված չէին՝ անգամ զրահաբաճկոն չկար իրենց հագին: Արդեն պարզ էր, որ դիմադրություն չէին կարող ցույց տալ: 

-Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց կապիտուլյանտ լինելու մեջ: Հետաքրքիր է այս մասին ի՞նչ կասեք:

-Ես համամիտ չեմ, քանի որ կապիտուլյանտ ասելու համար հարկավոր է ապացուցել, որ իրենց ղեկավարման օրոք Արցախը տարածք է կորցրել, չհաշված 2016-ի արդեն համեմատական կարգով չնչին տարածքային կորուստը կամ ռազմական ձախողում է եղել, ինչը չկա: Նրանց օրոք նաև ստորագրված փաստաթուղթ չկա, որով մենք ուղղակի առանց պատերազմի հող ենք հանձնել ու ունենք գերիների հետ կապված խնդիր: Սրանք են փաստացի հիմքերը, որոնցից ելնելով կարելի է անվանել մարդուն կապիտուլյանտ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica