close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»

Հասարակություն

16 Ապրիլի 2021, 22:46
 Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը): Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդազարյանը:

Նախօրեին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։

Այսինքն՝ տվյալ պարագայում անձին մեղսագրվել է արարք, որն ուղղակիորեն բխում է վերջինիս պաշտոնից։ Ասել է թե՝ պաշտոնապես հերթական անգամ տարածվել է կեղծ տեղեկատվություն, իրավապահները պարտավոր էին դատավորի դեմ քրեական գործ հարուցելու համար հաղթահարել նրա գործառութային անձեռնմխելիությունը՝ ստանալով ԲԴԽ թույլտվությունը, հակառակ դեպքում՝ դատավորի դեմ իրականացվող քրեական հետապնդումը համարվում է ապօրինի, հետեւաբար ձեռք բերված բոլոր ապացույցները համարվելու են անթույլատրելի։ Ի դեպ, նման նախադեպ արդեն եղել է, մասնավորապես, խոսքը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մասին է, որի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր առանց ԲԴԽ-ի թույլտվության, ինչն արձանագրել էր Վերաքննիչ քրեական դատարանը եւ հենց այդ հիմքով էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր, գործն էլ՝ կարճվել։

Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է,  որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է իր՝ գործառութային անձեռնմխելիությունից չզրկելու հարցին, Վարդազարյանն ասել է, որ այդ մասին կխոսի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ, խորհրդարանի կողմից նրան ԲԴԽ անդամ ընտրելիս արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ վերջինս ԲԴԽ է գործուղվում՝ ԲԴԽ նախագահ դառնալու համար։

«Փաստինֆո»-ն Վարդազարյանից հետաքրքրվել է՝ արդյոք ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր ուզածին, ինչին ի պատասխան Վարդազարյանը նշել է․ «Մասամբ։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ հրաժարական տայի եւ լիազորություններս դադարեցնեին, բայց ընդամենը կասեցվել են լիազորությունները»։

Անդրադառնալով իր լիազորությունների կասեցմանը՝ Վարդազարյանն ասել է,  որ նիստը բացել է ինքը, օրակարգում այդ հարցը ինքն է ներառել, նիստի ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, ապա լքել է ԲԴԽ նիստը՝ թողնելով, որ ԲԴԽ անդամները քննարկեն իր լիազորությունների կասեցման հարցը։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԲԴԽ դատավոր անդամներից միայն Սերգեյ Չիչոյանն է կողմ քվեարկել Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցմանը, Վարդազարյանը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել պարոն Չիչոյանի քայլը։

«Ընդամենը պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին։ Ցանկանում եմ, որ դատավորները գնահատեն պարոն Չիչոյանի քայլը»,-ասել է Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ հետապնդումներն սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո, երբ նա  դատավորներին կոչ էր արել  հավատարիմ մնալ ժողովրդի առջեւ իրեն տված երդմանը եւ զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից եւ ազդեցություններից։

Իսկ վերջին շրջանում իշխանական շրջանակները ԲԴԽ նախագահի նկատմամբ ճնշումների նոր ալիք են սկսել՝ դժգոհելով դատարանների՝ երբեմն ոչ իշխանահաճո դատական ակտեր կայացնելու դեմ։

Դեռեւս մարտ ամսին ԱԺ-ում քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահը եւ պատգամավորները պետք է իրենց հարցերը ուղղեին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ, սակայն հարցերը հիմնականում քաղաքական բնույթի էին եւ վերաբերում էին ԲԴԽ նախագահի ավելի վաղ արված հայտարարությանը։

ԲԴԽ նախագահից հաշվետվություն պահանջելու իմքայլական պատգամավորների վարքագիծը մասնագիտական հանրության շրջանում դիտարկվել է որպես ուղիղ ճնշման փորձ Վարդազարյանի նկատմամբ, իսկ մարտի 4-ին հայտնի  դարձավ, որ Վարդազարյանի կինը հրավիրվել է ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica