close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական հարցից Հայ դատի պայքար

Հասարակություն

16 Ապրիլի 2021, 19:28
 Հայկական հարցից Հայ դատի պայքար

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` չափազանց կարևոր է անդրադառնալ նաև Հայկական հարցին և Հայ դատին:

Հասկանալու համար, թե ինչ է Հայ դատը, երբ ու ինչպես է սկսվել դրա համար պայքարը, նախ մի փոքր խոսենք Հայկական հարցի մասին:

Խորհրդահայ պատմագրության համաձայն` Հայկական հարցն առաջացել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Սան Ստեֆանոյի և Բեռլինի վեհաժողովներում: Իրականում, սակայն, Հայկական հարցն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը և հայտնվեց օտարների տիրապետության տակ: Այդ ժամանակ էր, որ առաջացավ հայ ժողովրդի հայրենիքում հայկական ազգային, միացյալ և անկախ պետության վերականգնման անհրաժեշտությունը:

Գերխնդիր ունենալով իր պատմական հայրենիքում անկախ հայկական պետականության վերակերտումը՝ «հայ ժողովուրդը պատմության անբարենպաստ փուլերում հարկադրված է եղել վարել բարեփոխումների իրականացման, ջարդերի և ավերածությունների դեմն առնելու մարտավարություն »:

Չենք անդրադառնա այն բազմաթիվ տեսակետներին, թե որն է Հայկական հարցի առաջացման թվականը՝ 1045-ը, 1236-ը, թե՞ 1375-ը, քանի որ յուրաքանչյուր թվականի համար կան հիմնավորող բազմաթիվ տեսակետներ: Նշենք միայն, որ Հայկական հարցը միջազգային դիվանագիտության ասպարեզ մտավ 1878 թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերով: Այսպես՝ 1878 թ. փետրվարի 18-ին (նոր տոմարով` մարտի 3-ին) կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որով ավարտվեց 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը. Սան Ստեֆանոյի պայմանագրում հատուկ հոդված մտցվեց Արևմտյան Հայաստանի վերաբերյալ:

Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող 16-րդ հոդվածով նախատեսվում էր վարչական բարեփոխումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում: Այդ հոդվածը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի` տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից »:

Այսպիսով`Օսմանյան Թուրքիայի կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, իսկ Կարսը, Արդահանը, Ալաշկերտի հովիտն ու Բայազետը անցնում էին Ռուսաստանին: Սան Ստեֆանոյի պայմանագրով ուժեղանում էին Ռուսաստանի դիրքերը թե՛ Բալկաններում, թե՛ Ասիայում, ինչը անհանգստություն պատճառեց հատկապես Անգլիային և Ավստրո-Հունգարիային: Վերջիններիս պահանջով Օտտո Բիսմարկի նախաձեռնությամբ Բեռլինում գումարվեց վեհաժողով՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար: Բեռլինի վեհաժողովում արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ձևավորվեց հայկական պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ:

Բեռլինի վեհաժողովը սկսվեց 1878 թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Հայկական պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: Բեռլինի վեհաժողովում Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը փոխվեց 61-րդի և վերաձևակերպվեց այսպես. «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումը »: Ինչպես տեսնում ենք, Բեռլինի 61-րդ հոդվածով Հայաստան անվանումը հանվեց, և մտցվեց «հայաբնակ վայրեր» անորոշ ձևակերպումը: Սա նշանակում էր, որ Թուրքիան ազատվեց Արևմտյան Հայաստանը Հայաստան ճանաչելու պարտավորությունից:

Անգլիայի պահանջով Թուրքիային վերադարձվեցին Ռուսաստանի կողմից գրավված Էրզրումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին Կարսը, Արդահանը և Արդվինը, որոնցից էլ կազմվեց Կարսի մարզը, որը գոյություն է ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:

Բեռլինի վեհաժողովից հայկական պատվիրակությունը վերադարձավ ձեռնունայն և հուսախաբված: Դրանից հետո էր, որ Մկրտիչ Խրիմյանը ձևակերպեց «երկաթե շերեփի» գաղափարը:

Թուրքիան, սակայն, գոհ չէր անգամ Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով իր չնչին զիջումներից, ուստի Աբդուլ Համիդ II-ը որոշեց Հայկական հարցը լուծել թուրքական մեթոդով՝ կոտորածների միջոցով:

Միջազգային դիվանագիտության օրակարգ մտած Հայկական հարցը մեծ պետությունների ձեռքին գործիք դարձավ Թուրքիային ճնշելու և իրենց ձեռնտու զիջումներ կորզելու համար, իսկ Թուրքիան, ի պատասխան դրա, Հայկական հարցը «լուծում» էր ջարդերով և ազգային ու կրոնական հալածանքների խորացումով:

Անխնա մորթվող արևմտահայության իրավունքների պաշտպանության համար էր, որ ասպարեզ եկան հայ քաղաքական կուսակցությունները, որոնք գտնում էին, որ արևմտահայության ֆիզիկական պաշտպանությանը և Հայկական հարցի լուծմանը հասնելու համար պետք է դիմել զինյալ պայքարի, քանի որ զինյալ պայքարով չուղեկցվող քաղաքական պայքարը անպտուղ էր:

Հաջորդող իրադարձությունների վրա շատ չծանրանալու համար ասենք միայն, որ Սասունի 1894 թ. ապստամբության պարտությունից և դրան հաջորդած խաղաղ բնակչության ջարդից հետո միջազգային, այսպես կոչված, հայասիրական շարժումների ճնշման ներքո 1895 թ. մայիսի 11-ին Կ. Պոլսում Անգլիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները հայկական նահանգներում (Կարին, Բիթլիս, Վան, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) բարենորոգումներ իրականացնելու նոր ծրագիր ներկայացրին Բարձր Դռանը: Ծրագիրը բաղկացած էր 13 գլխից և 40 հոդվածից: Դրանով նախատեսվում էր որոշակի բարեփոխումներ իրականացնել վերը նշված նահանգների կառավարման համակարգերում, կարգավորել հարկահավաքությունը և այլն: Այս խիստ չափավոր ծրագիրը չէր բավարարում հայության պահանջները, բայց, այնուամենայնիվ, այն Բեռլինի վեհաժողովից հետո մեծ տերությունների կողմից 61-րդ խիստ անորոշ հոդվածի բովանդակությունն առարկայացնելու առաջին փորձն էր և իրագործվելու դեպքում, անշուշտ, որոշ օրինականություն կմտցներ Արևմտյան Հայաստանում ու կզսպեր կամայականությունները: Բայց սուլթանը մտադիր չէր իրականացնել անգամ նման չափավոր մի ծրագիր: Աբդուլ Համիդ II-ը ամիսներ շարունակ տարբեր պատրվակներով ձգձգում էր բարենորոգումների ուղղությամբ քայլերի ձեռնարկումը և միայն Բաբը Ալիի դեպքերից (խաղաղ ցույցն արյան մեջ խեղդելուց) հետո՝ հոկտեմբերի 18-ին, նախապես որոշ փոփոխություններ կատարելով, ստորագրեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը: Ձևականորեն կազմվեց բարենորոգումներն իրականացնող հանձնաժողով` Շարիր փաշայի ղեկավարությամբ, բայց, սուլթանի հրապարակած բարենորոգումները կայսրության հայաբնակ շրջաններում ընդհանուր կոտորածի ազդանշան հանդիսացան: Սպանվեց 300.000 հայ:

1895-1896 թթ. համիդյան ջարդերը հայ հեղափոխականներին դրդեցին դիմելու առավել արմատական քայլերի, սակայն միաժամանակ նրանք համոզվել էին, որ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով արձագանք չեն գտնում միջազգային հանրության շրջանում, ուստի նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվում կայսրության մայրաքաղաք Կ. Պոլիսը:

Այդ օրերին էր, որ Հայկական հարցի վրա մեծ պետությունների ուշադրությունը բավարար չափով սևեռելու համար ազգային-ազատագրական պայքարը ղեկավարող ՀՅԴ-ն որդեգրեց «զուգակցված հարվածների» մարտավարությունը, որին բնորոշ էր «Երկրում, Կ. Պոլսում ու կայսրության ծովեզրյա խոշոր քաղաքներում միաժամանակյա կամ ժամանակի առումով մեկը մյուսին անմիջապես հաջորդող երկու և ավելի զուգակցված ու մասշտաբային հարվածներ հասցնելու գործելաոճը »: ՀՅԴ Կ. Պոլսի ԿԿ-ն մշակեց նախադեպը չունեցող մի համարձակ ծրագիր` օսմանյան դրամատան՝ բանկ Օտոմանի գրավումը:

Դրան զուգահեռ` «Նախատեսվում էր հայ մարտիկների ռմբային հարձակում Սամաթիայի զորանոցի վրա. Ղալաթիայի կամրջի վրա վարչապետի կառքի ոչնչացում և ռմբային հարվածներ դեպի դրամատուն շարժվող զորքերին »: Այս գործողություններն ունեին երկու նպատակ՝ նախ՝ վրեժ լուծել հայ ժողովրդի 1895-1896 թթ. ջարդերի համար, երկրորդ՝ դնել քաղաքական պահանջներ` ապահովելով Հայկական հարցին մեծ պետությունների միջամտությունը՝ հասնելու Մայիսյան բարենորոգումների իրականացմանը: Նշված գործողություններին հաջորդած ամիսներին մեծ տերությունների ձեռնարկած քայլերը կաշկանդեցին Աբդուլ Համիդ II-ին իր հետագա գործողություններում:

Սակայն Կրետեում բռնկված հույն-թուրքական պատերազմը երկրորդ պլան մղեց Հայկական հարցը: Արդեն 20-րդ դարի սկզբին բրիտանական դիվանագիտությունը հրաժարվեց Հայկական հարցին որևէ միջամտությունից` վախենալով, որ դրանով կարող է նպաստել Փոքր Ասիայի մասնատման արագացմանը, ինչը գուցեև իր օգտին չլինի: Բրիտանացիները հույս ունեին, որ թուրքական իշխանությունները կփորձեն ի վերջո հայկական նահանգներում բարենորոգումներ իրականացնել:

Թվում էր, թե իրավիճակը կփոխվի երիտթուրքական հեղաշրջումից հետո, երբ սկզբնական շրջանում երիտթուրքերը հանդես էին գալիս «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով, ինչը ենթադրում էր կայսրության բոլոր ժողովուրդների իրավահավասարություն, եղբայրական հարաբերություններ և ազատություն, բայց «1908 թ. իշխանության եկած երիտթուրքական կառավարությունը ոչ միայն չէր պատրաստվում իրականացնել որևէ բարենորոգում երկրի արևելյան շրջաններում, այլև հրահրում էր ազգամիջյան թշնամանք, սատարում և քաջալերում էր տեղական իշխանությունների անօրինականությունները, հայերին պատկանող հողատարածքների բռնագրավումը, Բալկաններից գաղթած փախստականների վերաբնակեցումը, քրդական ջոկատների ավերիչ հարձակումները հայկական բնակավայրերի վրա, հայկական բնակչության թալանն ու կոտորածները: 1909 թ. ապրիլին երիտթուրքերն իրագործեցին Ադանայի նահանգի հայերի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ »:

Երիտթուրքերի` կեղծ բարեպաշտի դիմակը սկսեց պատռվել արդեն 1909 թվականից: Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, դեռևս 1910 թ. Սալոնիկի կոմիտեի գաղտնի նիստում էր Թալեաթը շարադրել հայերի և կայսրության մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ծրագիրը, որն ավելի հակիրճ ձևակերպված է երիտթուրք պարագլուխներից Նազըմի խոսքում. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում… ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքը ապրի և լիիշխան տեր լինի: Թող չքվեն բոլոր ոչ թուրք տարրերը՝ ինչ ազգության ու կրոնի էլ պատկանելիս լինեն:

Հայության համար օր օրի վատթարացող իրավիճակում հայ ժողովուրդն ու նրա ղեկավար շրջանակները այլ ելք չունեին` բացի մեկ անգամ ևս արտաքին ուժերի հետ հույսեր կապելուց՝ հիշեցնելով մեծ պետություններին Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի և 1895 թ. «Մայիսյան բարենորոգումների» ծրագրի մասին՝ պահանջելով դրանց իրագործումը: Հայ ժողովրդին հույս էին ներշնչում հատկապես 1912 թ. հոկտեմբերին սկսված Բալկանյան պատերազմում Թուրքիայի կրած պարտությունն ու Ռուսաստանի հայանպաստ դիրքորոշումը:

«Եռյակ պետությունները բարենորոգումների հարցը գլխավորապես բարձրացրին հարվածելու համար և՛ Թուրքիային, և՛ նրա դաշնակից Գերմանիային: Հարցի բարեհաջող լուծումը պետք է սկիզբ դներ Թուրքիայից հայկական վիլայեթների անջատմանը »:

1913 թ. Կ. Պոլսում հավատարմագրված դեսպանների ժողովում Ռուսաստանի դեսպան Մանդելշտամը եվրոպական պետություններին ներկայացրեց բարենորոգումների իր ծրագիրը, որով նախատեսվում էր հայկական վեց վիլայեթներից (Կարին, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա) ստեղծել մի նահանգ, որի ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնեահպատակ կամ եվրոպացի, որը նշանակվելու էր հինգ տարի ժամկետով` մեծ պետությունների համաձայնությամբ: Պետք է վերացվեր թուրքական հեծելազորը, հայերին պետք է վերադարձվեին նրանցից խլված հողերը, կամ տրվեր դրանց համարժեք փոխհատուցում, ինչպես նաև արգելվեր Բալկաններից գաղթած մահմեդականների բնակեցումը հայկական նահանգներում:

Հայկական հարցի վերաբացումից և տերությունների հնարավոր միջամտությունից խուսափելու համար դեռևս 1912 թ. դեկտեմբերին թուրքական կառավարությունը առաջ քաշեց մի ծրագիր, ըստ որի` պետք է բարենորոգումներ իրականացվեին հայկական վեց նահանգներից չորսում (Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), սակայն, ինչպես միշտ, ոչ մի երաշխիք չկար, որ դրանք կիրականացվեն: Այդ էր պատճառը, որ հայերը թերահավատ էին այդ նախաձեռնության նկատմամբ: Իսկ 1913 թ. հունվարին Էնվերը պետական հեղաշրջում իրականացրեց, և նոր կառավարությունը կտրականապես հրաժարվեց որևէ բարենորոգում կատարել Արևմտյան Հայաստանում»:

1912-1914 թթ. ընթացքում մեծ պետությունների կողմից կազմվեց և ներկայացվեց հայկական բարենորոգումների փաթեթ, որը ստորագրվեց Օսմանյան կայսրության (ներկայացուցիչ՝ մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշա) և Ռուսաստանի միջև: Փաթեթով առաջարկվում էր հայկական վեց վիլայեթներից կազմել երկու մեծ նահանգ՝ եվրոպական տեսուչների վերահսկողության ներքո, որոնց հանձնարարված էր հայ բնակչության խնդիրների լուծումը: Հայ ժողովրդի բախտը, սակայն, այս անգամ էլ չբերեց. 1914 թ. պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, և հոկտեմբերին պատերազմի մեջ մտած Օսմանյան կայսրությունը չեղյալ հայտարարեց հայկական բարենորոգումների ծրագիրը: Մինչ այդ բարենորոգումների իրականացման ուղղությամբ որոշակի քայլեր արդեն կատարվել էին. «1914 թվի գարունը և ամառը անցան բարենորոգումների գործի կազմակերպման աշխատանքներով: Պետությունների առաջարկած թեկնածուներից Բ. Դուռը ապր. 2 (15)-ին ընդհանուր քննիչներ ընտրեց հոլանդացի Վեստենենկին և նորվեգացի Հոֆին և մայիսի 10 (23)-ին ստորագրեց նրանց հետ վերջնական պայմանը: Նախնական անհրաժեշտ աշխատանքները իրականացնելուց հետո Հոֆը մեկնեց իր պաշտոնատեղին` Վան. կարճ ժամանակից հետո պիտի մեկներ և Վեստենենկը: Ճիշտ է` թուրք կառավարությունը և Իթթիհատը չէին թաքցնում իրենց դժգոհությունը հայերից և անհամաձայնությունը բարենորոգումների ծրագրի հանդեպ: Ճիշտ է` ճանապարհին և Վանում թուրք իշխաններն ու հասարակությունը թշնամանքով ընդունեցին Հոֆին, իսկ Վանում թուրք պաշտոնյաները նույնիսկ հրաժարվեցին նրան ենթարկվել, բայց և այնպես «բարենորոգումները սկսել էին գործադրել», իսկ այս ինքնին արդեն կարևոր նվաճում էր համարվում »: Գուցե նաև այս հանգամանքը քիչ դեր չխաղաց արդեն վաղուց կանխորոշված Հայոց ցեղասպանության իրականացման գործում. «Հայկական ջարդերը վաղուց որոշուած էին: Սկզբնական մտածումը թուրքերուն մօտ ծնաւ այն օրէն, ուր Մեծ Տէրութիւնները Օսմ. կայսրութիւնը բռնադատեցին ընդունելու իրենց կողմէն կարգուած քօնթրօլէօռները հայկական վեց նահանգներուն համար: Թուրքերը իրենց դարաւոր գերիշխանութեան եւ վեհապետական իրաւունքներուն տրուած այդ ծանր հարուածը երբէք չներեցին Հայոց եւ, միջազգային շփոթութենէն օգտուելով, ծրագրեցին ու գործադրեցին այն ահաւոր եղեռնագործութիւնը »: Այսպիսով` թուրքերը որոշեցին Հայկական հարցը «լուծել» թուրքավարի՝ զանգվածային կոտորածների միջոցով:

Առաջին համաշխարհային պատերազմը ոչ միայն երիտթուրքերի համար իրենց պանթուրքիստական ծրագրերն իրագործելու հնարավորություն ստեղծեց, այլ նաև շեղեց գերտերությունների ուշադրությունը հայկական բարենորոգումների ծրագրից: «Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի ջանքերով ընդունված հունվարի 26-ի համաձայնագիրը՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու մասին, օրակարգից հանեց Առաջին համաշխարհային պատերազմը »:
Արդեն 1914 թ. վերջերից սկսած` իրադարձությունները դասավորվեցին ի վնաս հայության. ««Իթթիհատ վե Թերագգը» ոճրագործ կուսակցությունը խանդավառված էր պատերազմի ստեղծած պատեհ առիթով: Երիտթուրքերի պարագլուխների համար պատերազմն ասես մի մանանա էր՝ իջած երկնքից: Եկել էր «մեկ տարրից կազմված ու բաղկացած ազգ» ստեղծելու ժամանակը»:

Ինչպես ասացինք, հոկտեմբերի վերջերին Թուրքիան մտավ պատերազմի մեջ և զորահավաք հայտարարեց. արևմտահայերը ևս զորակոչվեցին բանակ և զինաթափվելով սպանվեցին: «Պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր պատճառը Հայկական հարցի «լուծումն էր» »: Աննախընթաց արագությամբ և ի վնաս հայ ժողովրդի զարգացող իրավիճակից ելնելով՝ ՀՅԴ Արևելյան բյուրոն Ռուսաստանի պետական շրջանակներում ջանքեր էր թափում արևմտահայության փրկության համար, և դա այն պայմաններում, երբ հայության մահվան դատավճիռն արդեն կայացված էր, ինչի մասին է վկայում նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Թալեաթի ստորագրությամբ արձակված հրամանագրերից մեկը, որում մասնավորապես նշված է. «Հայերու համար Թուրքիոյ հողին մէջ ապրելու, աշխատելու պէս իրաւունքներ ամբողջովին ջնջուած են, եւ այս կառաւարութեանը, բովանդակ պատասխանատուութիւնը ստանձնելով, հրամայած է նոյնիսկ օրօրոցի մանուկները չթողուլ… »:

Թալեաթի ասած «Թուրքիոյ հողը» Արևմտյան Հայաստանն էր՝ հայ ժողովրդի հայրենիքը, որը թուրքացնելու համար նրա բնիկ՝ հայ ժողովրդին բնաջնջելու որոշում էր կայացվել պանթյուրքիզմը որդեգրած երիտթուրքերի կողմից:

1915 թ. ապրիլի 24-ին Կ. Պոլսում սկիզբ առած ձերբակալություններով և դրանց հետևած հարյուրավոր հայ մտավորականների սպանություններով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: 1915 թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Արևմտահայությանը զրկելով կազմակերպող ու պաշտպանող ուժերից և մեկուսացնելով արտաքին աշխարհից՝ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ անպաշտպան ու անօգնական բնակչության զանգվածային ջարդերին ու բռնագաղթին: Սա իր դաժանությամբ ու ծավալներով մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործություն էր՝ ցեղասպանություն, որին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ: Ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի հայրենազրկումն ու զանգվածային բնաջնջումն էր: Թուրքիային թվում էր, թե Հայոց ցեղասպանությամբ Հայկական հարցը լուծել է, սակայն փաստացի իր վերջնական նպատակին չհասավ, որովհետև աշխարհասփյուռ հայությունը Հայկական հարցը վերածեց Հայ դատի և պայքար սկսեց իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար:1919 թ. մայիսի 28-ին հայկական պետականության առկայության պայմաններում արդեն Հայ դատը ձևակերպվեց որպես Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծման նպատակ, այսինքն՝ նորանկախ Հայաստանի իշխանությունը, Միացյալ Հայաստան հռչակելով, իրեն հայտարարում էր նաև Արևմտյան Հայաստանի իշխանություն և արևմտահայության անունից հանդես էր գալիս պահանջատիրության դիրքերից:

Հայ դատի, որ նույնն է` Հայոց ցեղասպանության դիմաց արդար հատուցման հասնելու առաջին քայլը 1919 թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումն էր` «Հատուկ գործ»-ը, որն այժմ բոլորիս հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն ենթադրում էր, ըստ էության, անպատիժ մնացած երիտթուրք դահիճների հետ արդար հաշվեհարդար տեսնելը: Նախքան երիտթուրք պարագլուխների դատավճիռն իրագործելը Սողոմոն Թեհլիրյանն ու Արշավիր Շիրակյանը նախ արժանի պատժի արժանացրին Հայոց ցեղասպանությունից անմասն չմնացած հայ դավաճաններին: 1920 թվականին Սողոմոն Թեհլիրյանը Կ. Պոլսում հաշվեհարդար տեսավ Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Հարություն Մկրտչյանի հետ: Նույն թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը Կ. Պոլսում գնդակահարեց 1915 թ. ցեղասպանության զոհ դարձած մտավորականների ցուցակը Թալեաթին տրամադրած Վահե Իհսանին: Այնուհետև`1921 թ. մարտի 15-ին, Սողոմոն Թեհլիրյանը ահաբեկեց հայության գլխավոր դահիճ Թալեաթին: Նույն թվականի դեկտեմբերին Արշավիր Շիրակյանը Հռոմում ի կատար ածեց Օսմանյան կայսրության վարչապետ Սայիդ Հալիմի մահապատիժը, իսկ ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում ոչնչացրին Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին, որը հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել:

1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը, որի հիման վրա նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հրապարակեց իր իրավարար վճիռը, որի համաձայն` այդ պահին 70.000 քառ. կմ տարածք զբաղեցնող Հայաստանի Հանրապետությանը միացվելու էին տարածքներ Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներից, և ՀՀ տարածքը կազմելու էր ավելի քան 160 հազար քառ. կմ: Թվում էր, թե այս վճռով որոշակի լուծում էր տրվում հայության արդար դատին, բայց նույն` 1920 թ. նոյեմբերի 22-ին Բաքվում Սարգիս Կասյանի գլխավորությամբ ձևավորվում է Հայհեղկոմը, որը քեմալա-բոլշևիկյան հրոսակախմբերի միջոցով Հայաստանում վերցրեց իշխանությունը, իսկ կարճ ժամանակ անց խորհրդային իշխանությունները Մոսկվայի մարտի 16-ի (իրականում 18-ի) անօրինական պայմանագրով հրաժարվեցին Սևրի պայմանագրից: Ինչ վերաբերում է Լոզանի պայմանագրին, որը հաճախ թմբկահարվում է Թուրքիայի կողմից, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այն Հայաստանի համար նույնն է, ինչ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, այսինքն` Հայաստանի համար որևէ իրավական պարտավորություն Լոզանի պայմանագիրը չի նախատեսում, և դա այն պարզ պատճառով, որ Հայաստանի ներկայացուցիչը այն չի ստորագրել: Ըստ «Միջազգային պայմանագրի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածի՝ պայմանագիրը երրորդ պետության համար առանց նրա համաձայնության իրավունքներ կամ պարտավորություններ չի ստեղծում: Լոզանի պայմանագրում արտացոլված չէ, որ Հայաստանը համաձայնել է հրաժարվել ֆինանսական հատուցումներից կամ ճանաչել է Թուրքիայի հետ իր նոր սահմանները: Լոզանի պայմանագրի՝ Հայաստանի համար պարտավորություններ չնախատեսելը արտացոլված է նաև Սևրի պայմանագրի կնքման օրերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանի` դաշնակից տերությունների արտաքին գործերի նախարարներին հասցեագրված 1923 թ. օգոստոսի 8-ի նամակում. «Հայաստանի անունից Սևրի պայմանագիրը ստորագրած պատվիրակությունը պնդում է այն բոլոր իրավունքները, որոնք տերությունները հանդիսավոր կերպով ճանաչել էին պատերազմի ժամանակ և դրանից հետո, և որոնք իրենց ճշգրիտ մարմնացումն էին ստացել Սևրի պայմանագրում, իսկ հետո նաև վերահաստատվել հաջորդ կոնֆերանսների որոշումներում »: Ասել է թե` Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ ի դեմս իրենց օրինական ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանի, չեն ճանաչել Լոզանի պայմանագիրը. այն ճանաչելու մասին որևէ հայտարարություն երբևէ չի արել նաև Հայաստանի երրորդ հանրապետության որևէ կառավարություն:

Մի հատկանշական հանգամանք ևս. «Լոզանի գործընթացը վերաբերում էր 1919-1922 թթ. հույն-թուրքական հակամարտությանը, և այն ստորագրվեց տարածաշրջանում շահեր ունեցող (և հակամարտությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցած) առանձին կողմերի միջև: Ինչ վերաբերում է ստորագրողներին, ապա թուրքական կողմը պայմանագրում անվանվում էր «Ազգային մեծ ժողովի կառավարություն», իսկ դա ո՛չ օսմանյան կառավարության անմիջական իրավահաջորդն էր, ո՛չ էլ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը (Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց Լոզանի պայմանագրից միայն երեք ամիս անց): Այդ կառավարությունը պարզապես ներկայացնում էր Քեմալ Աթաթուրքի ղեկավարած ռազմական կազմավորումը: Իր հերթին Լոզանի գործընթացի վերնագիրը` «Մերձավոր Արևելքի հարցերի վերաբերյալ Լոզանի կոնֆերանս, 1922-1923», ընդգծում էր այդ կոնֆերանսի հարցերի ավելի նեղ շրջանակը »:
Հայոց «Նեմեսիս»-ի ավարտից հետո աշխարհում կարծես մոռացել էին 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին աշխարհին հիշեցնելու, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը միշտ օրակարգում պահելու համար 1944 թ. ՀՅԴ նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայ դատի հանձնախումբը:

Նշելի է, որ Հայ դատի հանձնախմբերի պահանջատիրական գործունեության համար չափազանց կարևոր էր Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի ակտիվ դերակատարությունը ՄԱԿ-ի հիմնադիր ժողովների ժամանակ Հայ դատի վերարծարծման ուղղությամբ Սան Ֆրանցիսկոյում տարված բանակցություններում:

Հայ դատի հանձնախմբեր են ստեղծվել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս-Անջելեսում, Ֆրեզնոյում և հայաշատ այլ վայրերում, ավելի ուշ՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում և Ռուսաստանում, 1991 թվականից՝ Երևանում:

«Հայ դատի հանձնախմբերը Հայկական հարցի պահանջատերերն են առանձին երկրներում և գործուն աջակցում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին, պայքարում պատմական Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների ոչնչացման դեմ, սատարում արցախահայության արդարացի պայքարին: Նրանց ջանքերի շնորհիվ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (1975, 1984, 1996 թթ.), Եվրոպայի խորհրդարանը (1987 թ.) և բազմաթիվ երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ ԱՄՆ Սենատը՝ կարևոր հանձնարարական (1989 թ.) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԱՄՆ-ի 49 նահանգներում ապրիլի 24-ը հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր, Կալիֆոռնիայի նահանգի դպրոցներում դասավանդվում է «Հայ դատ» առարկան: Հանձնախմբերն աջակցում են նաև ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանմանը, գրականության տպագրմանը, բողոքի գործողություններ կազմակերպում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ»:

Չնայած Հայ դատի հանձնախմբերի գործադրած ջանքերին՝ Հայկական հարցի մասին կրկին սկսեցին խոսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն, երբ սփյուռքահայությունը հանդես եկավ Արևմտյան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու պահանջով: Երկարատև քննարկումներից հետո, սակայն, 1953 թ. մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի, և մինչև ԽՍՀՄ փլուզումը խորհրդային իշխանությունը չհրաժարվեց այդ դիրքորոշումից: Այս պայմաններում Հայկական հարցի հետապնդումը կամ, որ նույնն է, Հայ դատի պահանջատիրությունը իր ուսերին վերցրեց Սփյուռքը, և, չնայած Հայոց ցեղասպանության հարցը միջազգային օրակարգ մտցնելու ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի, Սփյուռքում գործող ազգային կուսակցությունների և Հայ առաքելական եկեղեցու գործադրած ջանքերին, չհաջողվեց ճեղքել Հայոց ցեղասպանության շուրջ ստեղծված մոռացության պատը: Ցեղասպանության 50-րդ տարելիցին ամփոփելով կատարված աշխատանքները՝ սփյուռքահայությունը բախվեց այն փաստին, որ ձեռք բերված արդյունքները բավարար չեն, և աշխարհում շարունակվում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:

Քաղաքական պայքարը, փաստորեն, ցանկալի արդյունքը չէր տվել, և սփյուռքահայությունը իր պայքարի միջոցների թվում ավելացրեց նաև զինյալ պայքարը, որի նպատակն էր աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներին ահաբեկելու միջոցով աշխարհի ուշադրությունը հրավիրել հայոց մոռացված ցեղասպանության վրա:

«Նոր պայմաններում պահանջատիրական զինյալ պայքարի տարբերակը դառնում է ազգային-ազատագրական պայքարի այն ձևը, որը պետք է Հայկական հարցը դուրս բերեր փակուղուց և կրկին դարձներ միջազգային հարաբերությունների օրակարգի հարց »: Այդ նպատակով էր, որ 1975 թ. հոկտեմբերին ասպարեզ իջավ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) կազմակերպությունը, որը մինչև 1983 թվականը կազմակերպեց զինյալ գործողություններ Վիեննայում, Փարիզում, Վատիկանում, Մադրիդում, Շվեյցարիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր:
1983 թ. ՀՑԱՄ-ին փոխարինելու եկավ «Հայ յեղափոխական բանակ» (ՀՅԲ) կազմակերպությունը: Վերջինիս գործողություններից առավել հայտնի է Լիսաբոնում 5 հայ երիտասարդների կողմից իրականացված ակտը, որը մեր պատմության մեջ հիշատակվում է «Լիզբոնի 5» անունով:

Հենց այդ նորագույն զինյալ պայքարի շնորհիվ էլ աշխարհը սկսեց խոսել հայոց մոռացված ցեղասպանության մասին, իսկ Հայոց ցեղասպանության հարցի` միջազգային դիվանագիտության օրակարգ մտնելու գործում կարևոր նշանակություն ունեցան նաև Հայաստանի անկախության վերականգնումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ՀՀ-ի գործադրած ջանքերը (կատարված աշխատանքների ծավալով և դրական արդյունքների քանակով առանձնանում են հատկապես 1998-2008 թթ., թեև 2008-2018 թթ. էլ քիչ աշխատանք չի կատարվել: Կարևոր էր հատկապես Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրի ընդունումը 2015 թ.) և, ինչո՞ւ չէ, Արցախյան առաջին պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը:

Փաստորեն, Հայաստանի անկախության վերականգնումից հետո Հայ դատի հանձնախմբերը վերածվեցին աշխարհի մի շարք երկրներում Հայաստանի ոչ պաշտոնական ներկայացուցիչների և կատարում են դիվանագիտական հսկայական աշխատանք: Թեև Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը երբևէ հեշտ չի եղել, քանի որ շարունակ ստիպված են եղել դիմակայել թուրք-ադրբեջանական միացյալ քարոզչությանը և հայանպաստ որոշումների հասնել աշխարհի շատ երկրների խորհրդարաններից ու կառավարություններից, բայց, մեր կարծիքով, 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները էլ ավելի մեծ խութեր են ստեղծել Հայ դատի հանձնախմբերի աշխատանքի համար, քանի որ եթե մինչև այժմ նրանք թեկուզ ոչ պաշտոնապես հաղթանակած երկրի՝ Հայաստանի Հանրապետության շահերն էին պաշտպանում, ապա այժմ ստիպված են պաշտպանել պարտված և կապիտուլյացիայի ենթարկված երկրի շահերը, որի իշխանությունն ինքը իր պահվածքով կամա թե ակամա խոչընդոտներ է հարուցում թե՛ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման, թե՛ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և վերջնանպատակ հանդիսացող Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ճանապարհին:

—————————————————————————

1 Խուրշուդյան Լ., Հայկական հարցը. բովանդակությունը, ծագումը, պատմության հիմնական փուլերը, Եր., 1995, էջ 7:
2http://www.historyofarmenia-am.armin.am /am/Encyclopedia _of _armenian _history _San _Stefanoyi _paymanagir 1878.
3 Կիրակոսյան Ա. Ջ., Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք)-Նորավանք ԳԿՀ, Եր., 2006, էջ 8:
4 Գրիգորյան Հ., Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ., Եր., 2002, էջ 13:
5 Նույն տեղում:
6 Կիրակոսյան Ա. Ջ., նշվ. աշխ., էջ 12:
7 Ներսիսյան Մ., Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, Եր., 1991, էջ 9:
8 Սիմոնյան Հր., Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարախոսությունը և քաղաքականությունը, Եր., 1986, էջ 295-296:
9 Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993, էջ 6:
10 Անտոնյան Ա., Մեծ ոճիրը, Բոստոն, 1921, էջ 120-121:
11 Խուրշուդյան Լ., նշվ. աշխ., էջ 31:
12 Սիմոնյան Հր., նշվ. աշխ., էջ 325:
13 Նույն տեղում, էջ 327:
14 Անտոնյան Ա., նշվ. աշխ., էջ 35:
15 Պատմական պարտավորությունները և հատուցումները, էջ 67, https://old.arfd.am/wp-content/uploads/2016/11/20150408-ArmenianGenocideReparations-complete-Ch5-arm.pdf:
16 Նույն տեղում, էջ 68:
17 https://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1275.
18 Խուրշուդյան Լ., նշվ. աշխ

Անի Մելքոնյան

«Դրօշակ», թիվ 4 (1650), ապրիլ, 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica