close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է արժանապատիվ քաղաքական պատասխան տանք՝ Ալիևին հավասար մակարդակով․ Քորթոշյանը՝ Արցախի հուշարձանների մասին

Քաղաքական

18 Մարտի 2021, 23:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք է արժանապատիվ քաղաքական պատասխան տանք՝ Ալիևին հավասար մակարդակով․ Քորթոշյանը՝ Արցախի հուշարձանների մասին

Գնդակը արդեն մեր դաշտում է, մինչև վերջ արժանապատիվ պետք է լինենք՝ թեկուզ քաղաքական պատասխան տալու հենց Ալիևին հավասար մակարդակով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ խոսելով Ալիևի հրահանգի մասին՝ ջնջել Արցախում Ադրբեջանի օկուպացրած շրջաններում գտնվող պատմական հուշարձանների հայկական արձանագրությունները:

«Այո՛, պարտություն ենք կրել պատերազմում, բայց այդ չի նշանակում, որ պետք է ոտնահարեն նաև մեր արժանապատվությունը։ Իրենց խնդիրը մեր պատմությունը ջնջելն է, բայց մենք մինչև վերջ արժանապատիվ պետք է լինենք՝ պաշտպանելու մեր պատմությունը, պատասխան տալու, թեկուզ քաղաքական պատասխան տալու, հենց Ալիևի հավասարաչափ մակարդակով»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։

Արցախի հայկական հուշարձանների արձանագրությունները ջնջելու Ալիևի հրահանգի տեսանյութը տարածվել է դեռ երեկ, բայց առայսօր ՀՀ պետական որևէ գերատեսչություն անգամ դա դատապարտող հայտարարությամբ հանդես չի եկել, իսկ «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրաժարվեց այս թեմայով հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, որ քաղաքական բաղադրիչ կա, մինդեռ այս կառույցը ստեղծվել է պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային անշարժ հուշարձանների ամբողջական պահպանումն իրականացնելու նպատակով և գոնե դատապարտող խոսքը նվազագույնը կլիներ, ինչ պետք է աներ: 

«Այս գործելաոճը Ադրբեջանի համար նորություն չէ, վաղուց կիրառում է, և հենց 1990-ականների պատերազմի օրերից արդեն մենք ունենք փաստեր, որ նույն այդ պատերազմի ընթացքում ոչնչացվում էին հայերեն արձանագրություններ։ Նույն՝ Դադիվանք գյուղի մոտ գտնվող Սուրբ Աստվածածին Կուսանաց եկեղեցու արձանագրությունների մի մասը հենց քերվել էմինչև ազատագրումը»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։

Քաշաթաղի շրջանի Լալազարի կամուրջի հայերեն արձանագրությունը ևս քերվել է 1990-ականների պատերազմի ժամանակ, երբ պատերազմը ընթանում էր, տարածքներում, որ իրենց ձեռքին էին, այդ աշխատանքները ընթանում էր միաժամանակ։

Արձանագրությունները քերելուց բացի ադրբեջանցիները ավիրում էին հայկական հուշարձանները։ Սա նորություն չէ։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն այս փաստերը ունի շնորհիվ երջանկահիշատակ Սամվել կարապետյանի կատարած ուսումնասիրությունների։

«Մենք լուսանկարներ ունենք մինչև պատերազմը՝ 1980-ականները, և հետո ազատագրումից հետո այդ հատվածներում կատարված ուսումնասիրությունների ժամանակ ինքն արդեն տեսել է, որ մի քանի տարի առաջ իր կատարած լուսանկարները արդեն արխիվային են, որովհետև և՛ եկեղեցիներն են ավիրվել, և՛ արձանագրություններն են քերվել»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։

Ալիևի հրահանգը՝ ջնջել հայկական արձանագրությունները, ահազանգ էր։ Դրան ի պատասխան մեր պետական այրերի զարմանալի անհոգությունը Րաֆֆի Քորթոշյանը բացատրում է, գուցե, նրանով, որ մենք որպես հայ կարծում ենք, որ այս վիճակն է, որովհետև պատերազմ է եղել, բայց նրա համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է էդ ձևով մտածել, պետք է թեկուզ փորձել ինչ-որ մի բան անել։

«Ալիևի հայտարարությունը ներքևից վերև անհեթեթություն է, նրան կարիք չկա գիտական պատասխան տալու, նրան պետք է պատասխան տալ քաղաքական։ Այսինքն, եթե ինքն, օրինակ, ասում է՝ այդ արձանագրությունները ֆեյք են, սովորել է այդ բառը, այդ մարդուն պետք է ասել՝ ֆեյք են, շատ բարի, ուրեմն եկեք իրենց սիրած բառերով ասեմ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ով միջազգային հանձնաժողով ստեղծենք, որտեղ չի լինի ո՛չ հայ, ո՛չ թուրք մասնագետներ և թող մասնագետները գնան, տեսնեն իրենց սարքերով, որովհետև այնտեղ նույնիսկ չափում են, թե այդ փորվածքը քանի հարյուր տարի է օդի հետ շփվում, թող որոշեն՝ ֆե՞յք է այդ արձանագրությունը, թե՞ պատմական ժամանակաշրջան է ներկայացնում։ Ուղղակի սա էլ պետք անել»,-առաջարկեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նա վստահ է, որ մենք պետք է գնանք մինչև վերջ՝ միջազգային ատյաններում ցույց տալու Ադրբեջանի վանդալիզմը և՛ նախկին ժամանակաշրջանի, և՛ այսօր։

«Հակված եմ կարծելու, որ ճիշտը պետք է արվի․ այս դեպքում ճիշտն այն է, որ մենք պետական մակարդակով պատասխան տանք։ Եթե նույնիսկ ուշացել ենք, 2 օր է պատասխան չենք տվել, պետք է անհապաղ այդ պատասխանը տրվի և հայտարարվի»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։

Նա որպես օրինակ ասաց, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, կարող են այլ լուծում գտնել, ասենք, իրավաբանները և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր ներկայացուցիչները, ՀՀ արտգործնախարարությունը կարող է ավելի լուրջ նախաձեռնություններ ձեռնարկել, բայց որ մի բան պիտի արվի, նա համոզված է։

Րաֆֆի Քորթոշյանը նաև արձանագրում է, որ մինչև այսօր չկա միջազգային օրենսդրություն, որը թույլ կտա բնիկ ժողովուրդներին պաշտպանելու իրենց պատմական ժառանգությունը՝ թշնամու վերահսկողությանն անցնելու դեպքում։ Առաջարկում է, թեկուզ այս օրինակը իբրև առիթ ընդունելով, նախաձեռնել այդպիսի օրենդրական նորմեր ընդունելու գործընթաց, որը թույլ կտա փրկել ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում պղծվող հայկական հուշարձանները։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica